Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 65-ամյա բնակիչը մոլորվել է և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում՝ հաղորդել է Ղարաբաղի ԱԱԾ-ն։
«Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1956թ. ծնված բնակիչ Ս.Ս.-ի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի», – ասված է ծառայության տարածած հաղորդագրությունում։
Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին․ «Այս պահին բանակցություններ են ընթանում Ս.Ս.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, թե այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում, «Խոջավենդի շրջանում տեղակաված դիրքում հերթապահող Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը հարձակման է ենթարկվել ազգությամբ հայ անձի կողմից», ադրբեջանցի զինծառայողը «նախազգուշացնող կրակ է արձակել օդ, որից հետո ինքնապաշտպանության նպատակով «վնասազերծել է» հարձակվողին»։
Ի՞նչ է նշանակում «վնասազերծել»՝ Ադրբեջանի ՊՆ-ն չի պարզաբանում։ Նշվում է միայն, որ դեպքի մասին ադրբեջանական կողմը հայտնել է ռուսական խաղաղապահ ուժերին և ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնին, «անցկացվում է հետաքննություն»։