18։46 — Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի, բռնություն գործադրել նույն քաղաքի բնակիչ՝ անասնապահությամբ զբաղվող Սեյրան Սարգսյանի նկատմամբ, որից հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ և սպանել՝ հաղորդել է Ղարաբաղի ԱԱԾ-ն։
«Արցախյան կողմում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են դեպքի հանգամանքներն ու արբեջանցիների հանցավոր գործողությունները», – ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
18։11 — Ղարաբաղի Մարտունու շրջանում այսօր ավելի վաղ մոլորված 65-ամյա տղամարդուն ադրբեջանական զինուժերը սպանել են, թվիթերյան էջում գրել է Ղարաբաղի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ղարաբաղի ԱԱԾ-ն հաղորդել էր, որ այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 65-ամյա բնակիչ Ս․ Ս․-ն մոլորվել է և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Հաղորդագրության մեջ ասված էր, որ «բանակցություններ են ընթանում Ս.Ս.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»։
Ադրբեջանի ՊՆ-ն իր հերթին հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ «Խոջավենդի շրջանում տեղակաված դիրքում հերթապահող Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը հարձակման է ենթարկվել ազգությամբ հայ անձի կողմից», ադրբեջանցի զինծառայողը «նախազգուշացնող կրակ է արձակել օդ, որից հետո ինքնապաշտպանության նպատակով «վնասազերծել է» հարձակվողին»։