հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Դատարան / Բոլորը «վառում, սպանում, մորթում» են, բայց գիշերը զանգում ու գնում են

Բոլորը «վառում, սպանում, մորթում» են, բայց գիշերը զանգում ու գնում են

Սեքս աշխատանքը Հայաստանում համարվում է վարչական իրավախախտում։ Ոլորտի օրինականացված չլինելու հետ մեկտեղ կամ հենց այդ պատճառով՝ սեքս աշխատողների խնդիրները մամուլում հիմնականում չեն բարձրաձայնվում կամ ներկայացվում են ուժային կառույցների տեսանկյունից։ Ոստիկանություն դիմելը առանց անցանկալի հետևանքների գրեթե անհնար է։ Մինչ այդ՝ սեքս ծառայություններ մատուցող մարդիկ Հայաստանում բախվում են աղքատության, բռնությունների ու անգամ սպանության վտանգներին։ Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան, «Իրավունքի կողմ» կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանի հետ։

Epress.am – Ի՞նչ վտանգների են բախվում սեքս աշխատողները։

Լիլիթ Մարտիրոսյան – Նախ` շնորհակալություն, որ եկել եք… ինձ համար կարևոր է խոցելի խմբերին` մասնավորապես սեքս աշխատողներին անդրադառնալը։ Մի շարք վտանգներ կան, որոնց նրանք բախվում են Հայաստանում, այդ թվում բռնություն, սպանություն, անլուրջ վերաբերմունք, մեդիայում ու հասարակության կողմից խտրականացում և այլն։ Բացի այդ` Հայաստանում սեքս աշխատանք անելը օրինական չէ՝ դրա համար վարչական տուգանք է նախատեսված։ Ինչո՞ւ պետք է սեքս աշխատողը առհասարակ տուգանվի։ Նա ընդամենը սեքս աշխատանք՝ ծառայություն է մատուցում։ Ես կարծում եմ, որ պետք է օրենքներ ստեղծվեն նրանց պաշտպանելու համար: Մի շարք երկրներում կան կայքեր որոնցով սեքս աշխատողները մատուցում են ծառայություններ։ Այստեղ նման կայքերը փակ են, և մարդիկ դուրս են գալիս փողոց, ինչը կրկնակի վտանգավոր է։

Խնդիրները օրենքի դաշտում բաց են նաև տրանս մարդկանց շրջանում։ Նրանք անհրաժեշտ հորմոնների և վիրահատությունների համար ոչ մի պետական աջակցություն չեն ստանում և չունեն համապատասխան աշխատանք՝ ոչ ոք իրենց աշխատանք չի տալիս: Դպրոցում նրանց խտրականացնում են` չեն հասցնում ուսում ստանալ, չեն կարողանում բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտել, և հետո աշխատանք գտնել: Հաճախ նրանք ստիպված են սեքս աշխատանք կատարել, որ կարողանան գոյատևել: Սեքս աշխատող մարդիկ կան նաև մարզերում, և այդ մարդկանց ընտանիքներում տիրում է ծայրահեղ աղքատություն: Կորոնավիրուսի ժամանակաշրջանում վիճակը ծայրահեղ սրված էր․ վարձով են ապրում, չունեին վարձի և կոմունալ ծախսերի համապատասխան գումարներ: Չկար ոչ մի պետական աջակցություն, պետությունը վճարում էր միայն գրանցված աշխատողներին։ Սահմանները փակ էին ու բոլորը տանն էին՝ նրանք չունեին հաճախորդներ, որ իրենց վճարեին, իսկ այլ աշխատանք ոչ ոք չէր տրամադրում։

Epress.am – Առհասարակ ինչպես է կառավարվում սեքս աշխատանքի ոլորտը և ո՞րն է ոստիկանության դերը:

Լ․ Մ․ – Հաճախ, երբ սեքս աշխատողներին փողոցում ծեծում են, իրենք վախենում են գնալ ոստիկանություն: Նախ անվտանգություն չի ապահովվում: Նամակը գնում, հասնում է սեքս աշխատողի բնակարան, գրանցման վայր: Հետո, արձանագրություն կազմելիս, երբ պարզ է դառնում, որ դիմողը սեքս աշխատող է, սկսվում է վարչական տուգանքը:

Epress.am – Հարձակումն իրականացնողները պատասխանատվության ենթարկվու՞մ են:

Լ․ Մ․ – Շատ դեպքերում՝  ոչ: Մեր գործերի 90%-ը կարճված է: Մի քննիչն ասում է՝ «կամերաները լավ չեն ցույց տալիս»։ Մեկի դեմքը չի երևում, մեկը բավարար ապացույցներ չի գտնում… գործը հասնում է Եվրոպական դատարան (և դա տևում է տարիներ)։ Այստեղ միայն ոստիկանության խնդիրը չէ, ամբողջ դատական համակարգի խնդիրն է: Քիչ դատարաններ ու դատավորներ են գործին անաչառ վերաբերվում:

Ինձ հաճախակի ասում են` հերիք է պետությունից բաներ պահանջեք: Բայց չէ՞ որ պետությունն է ինձ համար օրենք ստեղծողը: Հիմա Ազգային ժողովում նստած պատգամավորներից մեկը չկա, որ այս 1-2 տարվա ընթացքում ԼԳԲՏ հարցեր է բարձրացրել: 2019-ից հանրային դեմքերը ասում են. «դա արատ է», «դա վատ բան է», «այդ մարդիկ այստեղ տեղ չունեն», «վերցրեք ձեր վեշերը գնացեք Եվրոպա»։

Մեծ աշխատանք պետք է կատարվի ԶԼՄ ներկայացուցիչների հետ՝ իրենց դերը այս հարցում շատ կարևոր է։ Կան կայքեր, որ մինչև հիմա օգտագործում են «արվամոլ», «համասեռամոլ» արտահայտությունները կամ տրանս անձանց անվանում են «պարիկով տղա»։ Երբ ԶԼՄ-ները փորձեն դաշտը մաքրել նմանատիպ արտահայտություններից, խտրականությունը բավականին կթեթևանա։

Epress.am – Ոստիկանությունը բռնություն կիրառո՞ւմ է սեքս աշխատողների նկատմամբ։

Լ․ Մ․ – Ես չեմ տիրապետում այդ ինֆորմացիային։ Կարծում եմ՝ դա ավելի շատ չի բարձրաձայնվում ու ինձ չի հասնում, որովհետև գոյություն ունի վախի մթնոլորտ։ Ոստիկանության խնդիրը կայանում է պաշտպանության մեջ՝ անկախ մարդու ինքնությունից։ Մենք և ուրիշ իրավապաշտպան ՀԿ-ներ վճարում ենք հարկեր, որոնցից կուտակված գումաներից աշխատավարձ են ստանում ոստիկանությունը, դատավորները․․․ այս մարդիկ պարտավոր են պաշտպանել յուրաքանչյուրի իրավունքը։

Epress.am – Արդյո՞ք սեքս աշխատողների նկատմամբ տեղի են ունենում սեռական բնույթի բռնություններ։

Լ․ Մ․ – Միանշանակ։ Շատ դեպքեր են եղել, երբ սեքս աշխատողներին կանչել են հյուրանոց, դռները փակել են և սկսել բռնաբարել․․․ վերջում էլ գումարը չեն տվել։ Ընկերներիցս մեկը, ով սեքս աշխատող է, մի գիշեր զանգահարում է ու օգնություն է խնդրում։ Ես գնում եմ հյուրանոցներից մեկը ու այդ աղջիկը գրեթե ուշագնաց, վախեցած դուրս է գալիս․․․ Պարզվում է՝ երկու ընկերուհի գնացել են հաճախորդների մոտ՝ հյուրանոց, իսկ այդ մարդիկ ոչ ադեկվատ վիճակում են եղել։ Ծեծելով, գցել են նրանց սաունա, դուռը փակել ու ջերմաստիճանը ամբողջովին բարձրացնել։ Մարդիկ վախեցել են դիմեն ոստիկանության։

2018 թվականին երկու դեպք ենք ունեցել մեկ տարվա ընթացքում․․․ երկու տրանս սեքս աշխատողներից մեկի հաճախորդը կոկորդն է կտրել, ինքը մի կերպ է փրկվել․ իմ տեղեկությամբ բռնարարը դիմել է ինքնասպանության։

Երկրորդ դեպքի ժամանակ հաճախորդը գալիս է սեքս աշխատողի տուն, դաժանաբար ծեծելով աստիճաններով ներքևի հարկ է գցում և տունը այրում է ամբողջությամբ։ Կարծեմ, տվյալ անձնավորությունը պատասխանատվություն է կրել։ Եվ այս խնդիրները երկուսը չեն, հարյուրավորներ են, որոնց մասին լռում են։ Բայց ու՞մ համար է գաղտնիք, որ տրանս մարդկանց բոլորը «վառում, սպանում, մորթում» են, բայց գիշերը զանգում ու գնում են տրանս սեքս աշխատողի բնակարան։

Epress.am – Վերջերս մերսման սրահներ են բացվել, որոնք ենթադրաբար նման ծառայություններ են տրամադրում։ Ինչպիսի՞ն է նրանց ազդեցությունը ոլորտի վրա, կա՞ն որևէ փոփոխություններ։

Լ․ Մ․ – Անկեղծ ասած՝ մերսման սրահների մասին գաղափար չունեմ։ Չեմ հայտնվել այննտեղ և տեղյակ չեմ՝ ինչ է կատարվում։ Հիմնականում տեղյակ եմ, որ սեքս աշխատողները, այդ թվում տրանս անձինք տրամադրում են նաև մերսումներ և դա մտնում է ծառայությունների մեջ։

Լուսանկարները՝ Լիլիթ Մարտիրոսյանից