հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / ԼԳԲՏ+ / Քվիր քաղաքականը աշխարհաքաղաքական է

Քվիր քաղաքականը աշխարհաքաղաքական է

Այս ամիս [հունիսին] ԱՄՆ խոշոր քաղաքներում տեղի են ունենալու գեյ փրայդի ամենամյա միջոցառումները․ պարադներին կհաջորդեն փարթիները՝ ամբողջ գիշեր ու հանգստյան օրերին։ Այսպիսի տոնակատարությունները՝ հանուն իրավունքների (օրինակ, ամուսնության) և հատկապես ԼԳԲՏ տեսանելիության, կազմում են ազատության տեղական պահանջները։ Համաձայն այս հռետորաբանության՝ իրենց աշխարհներով հպարտանալու համար գեյերին, լեսբիներին, բիսեքսուալներին ու տրանսգենդեր մարդկանց տեսանելի տարածք և ժամանակ տրամադրելով՝ ԱՄՆ-ն բռնում է քաղաքակրթական առաջընթացի պատշաճ ուղին։ Գեյ փրայդը, որպես այդպիսին, և լավ կյանքի որոշակի տեսակին դրա գաղափարաբանական ու մշակութային կցվածությունը պետք է կոնտեքստավորվեն աշխարհաքաղաքականության շրջանակներում:

Այո, աշխարհաքաղաքականության։ Քվիր-քաղաքականը դարձել է աշխարհաքաղաքական։ Ազատությունների և ազատության ազգայնական իդեալները նույնասեռականությանը միակցելու՝ Միացյալ Նահանգների սովորությունը քաջ հայտնի է քվիր մարդաբանության և, ավելի լայն, քվիր-ուսումնասիրությունների շրջանակներում։ Այն սովորաբար անվանվում է «հոմոազգայնականություն»․ պրակտիկա և գաղափարախոսություն, որը հաճախ դիրքավորվում է իր իսկ ընկալմամբ արմատական ուրիշի՝ Իսլամի դեմ: Սա, այնուամենայնիվ, այլևս ամերիկյան մարտավարություն չէ միայն։ Նույնասեռականությունը, ինչպես և հակա-նույնասեռականությունը, իբրև ազգային արժեքների կրիչ, մեծ թրենդի է վերածվում հետսառըպատերազմյան դարաշրջանում։

Որոշ «արժեքների» կցումը նույնասեռականի ֆիգուրին վերջին մի քանի տասնամյակներին և հատկապես վերջին տարիներին հույժ կարևոր էր նոր դաշինքների հաստատման համար։ Թեև սա համաշխարհային թրենդ է ― բաժանել աշխարհը նրանց, ովքեր կողմ են և նրանց, ովքեր դեմ են նույնասեռականությանը ― այն հատկապես ճշմարիտ է դարձել հին գերտերությունների՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև դիմակայության վերակազմավորման համար։ 2012-ից ի վեր, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենքի ուժ տվեց «նույնասեռականության քարոզի դեմ նախագծին», աշխարհն, ասես, բաժանված է պրո-գեյի և հակա-գեյի։ Որքան ամերիկյան ազգայնականությունն է հիմնականում կախված նույնասեռականությունը՝ իբրև ազատագրման ներկայիս սահմանագիծ ձևակերպելուց, նույնքան ռուսական բացառիկությունն է կախված նույնասեռականությունը՝ իբրև Արևմուտքի բարոյական անկման գլխավոր նշան հռչակելուց։ Այս թրենդը, որպես այդպիսին, արագություն է հավաքում՝ սահմանելու մի ուրիշ աշխարհ, որն ընդդիմանում է «արևմտյան իմպերիալիզմին»։ Նույնասեռականը դարձել է Արևմուտքի և Արևելքի կամ Գլոբալ Հյուսիսի և Գլոբալ Հարավի միջև հետսառըպատերազմյան ժամանակաշրջանի գաղափարական հակամարտությունում որոշակի կենտրոնական, թևակցող ֆիգուր։

Ցավալին այն է, որ նժարին են դրված շատ իրական կյանքեր ու գոյամիջոցներ՝ ունիվերսալիստական թվացող այս մարտերում, որ ընթանում են հանուն գաղափարախոսության։ ԱՄՆ-ն աջակցում է ազատությանը՝ իբրև իր վերջնական գլոբալ նպատակ` ժողովրադավարացման տարատեսակ նախագծեր իրագործելով (ֆինանասվորմամբ, ռազմական միջամտություններով, պատժամիջոցներով), և հաճախ դա անում է նույնասեռականության անվան տակ՝ այլ տեղերի (օրինակ՝ Իրանի և Իսլամական պետության) չարագործների արարքները դատապարտելու միջոցով։ Ամերիկյան գլոբալ շահերին ընդդիմացողները, մինչ այդ, գնալով ավելի են մոտենում հակաիմպերիալիզմը որպես նույնասեռականությունից մշակութային անջատման ձև սահմանելուն։

Հեռու գնալ պետք չէ․ դիտարկենք Օրլանդոյի (Ֆլորիդա նահանգ) «Փալս» գեյ ակումբի վերջին հրաձգությունը՝ ողբերգություն, որ 2016 թվականի հունիսի 12-ի վաղ առավոտյան խլեց 49 մարդու կյանք, ևս 53-ին թողնելով ծանր վիրավոր։ Նշվում է, որ կրակողը՝ Օմար Մաթինը, հավատարմություն է հայտնել «Իսլամական պետությանը»։ Ինչպես միշտ․ ժամանակակից մեդիայի մեծ մասը, նաև՝ քաղաքական գործիչներն իրենք, նկարագրում են այս իրադարձությունը որպես Իսլամի խնդիր՝ ընդդեմ ազատության, որպես ճնշում մի բանի, որ համարվում է ԱՄՆ արժեքներից ամենաարժևորը (նույնասեռականը՝ իբրև ազատության գլխավոր խորհրդանիշ) և նրա, ինչ ընդդիմանում է դրան։ Սա այն պարագայում, երբ դեպքի ցանկացած զննություն ի ցույց է դնում՝ որքան քիչ բան Մաթինը, ըստ ամենայնի, գիտեր ԻՊ-ի և այլ իսլամական կազմակերպությունների մասին, որոնց հետ նա պնդում էր, թե կապված է։

Այնուամենայնիվ, բարդ և խրթին քաղաքական շղթա կա Մաթինի՝ ԻՊ-ի հետ ասոցացման, ինչպես նաև ԻՊ-ի հետ ասոցացվելու՝ հենց իր ցանկության, և հոմոֆոբիայի մեջ, որը պետք է զննել ավելի լայն՝ աշխարհաքաղաքական շրջանակում։

Այս ամիս, երբ հանրությունը սգում է նրանց մահը, ում կյանքերը խլվեցին Օրլանդոյում, և փրայդի տոնակատարությունները շարունակվում են, մենք պիտի ուշադրություն դարձնենք՝ ինչպես են մեր գործողությունները, զգացմունքներն ու մշակութային կապվածությունները խթանվում այս աշխարհաքաղաքական ջանքերով։ Երբ մտածում ենք մարդու իրավունքների հարցում ամերիկյան և արևմտյան առաջընթացի ասոցիացիայի մասին, մենք պետք է նաև մտածենք՝ ինչպես է այն ազդում նրանց վրա, ովքեր ագրեսիվ են տրամադրված ԱՄՆ-ի նկատմամբ և պատրաստ են դիմադրել ամերիկյան իմպերիալիզմին՝ օգտագործելով նույնասեռականին։ Ինչպես ենք տոնում, ուրախանում և, տվյալ պահին, սգում քվիրությունը, երբ այս գործողությունները համընկնում են ավելի մեծ աշխարհաքաղաքական նախագծերի հետ։ Քվիր մարդաբանությունն իր ուշադրությունը պետք է կենտրոնացնի քվիր քաղաքականի այս ըմբռնումների վրա, եթե ուզում ենք հասկանալ, թե ինչպես է նույնասեռականությունը կցվում արժեքների, անկախ նրանից՝ դրանք որևէ կապ ունեն ԼԳԲՏ, նույնասեռական, ոչ տարասեռական մարդկանց իրական կենսափորձերի հետ, թե ոչ։

Թամար Շիրինյան
22 հունիսի, 2016

անգլերեն բնագիրը՝ academia.edu