Հայաստանի Հանրապետությունում խախտվեց միավորումների և հավաքների ազատության իրավունքը։ Իշխանությունը չկատարեց իր պարտավորությունը ապահովելու խաղաղ, առանց զենքի, ատելության, թշնամանքի որևէ կոչ չանող մարդկանց՝ քրիստոնյա ԼԳԲՏ հավաքի անվտանգ և ապահով անցկացումը, իր ֆեյսբուքի էջում գրել է իրավապաշտպան, Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Խտրականությունը՝ տարբեր հիմքերով, միշտ էլ նկատելի է եղել Հայաստանի Հանրապետությունում, սակայն այն, ինչ կատարվեց վերջին մի քանի ամիսններին, աննախադեպ էր՝ իր լայնամասշտաբությամբ, ասված է «Նոր սերունդ» կազմակերպության նոյեմբերի 6-ին հրապարակած հայտարարության մեջ։
«Խտրականության դրսևորման նշանակակետը տվյալ դեպքում անձի սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունն էին, ինչպես նաև իրավապաշտպանությունը ժողովրդավար, սիրո և համերաշխության երկրում՝ Հայաստանի Հանրապետությունում։
Հաշվի առնելով համացանցում անընդհատ հնչեցվող սպառնալիքները, կազմակերպված հետապնդումները և ֆորումի մասնակիցների վրա հավանական հարձակումների ռիսկերը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կողմից պաշտպանելու լիարժեք պատրաստակամության բացակայությունը, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն, բանակցելով «Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի կազմակերպչական թիմի հետ, հայտարարում է, որ որոշում է կայացվել չեղարկել 2018թ-ի նոյեմբերի 15-18-ը Հայաստանում կայանալիք հանդիպումը։
Իրավիճակի մասին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի կազմակերպչական թիմի հետ համատեղ կտարածի հայտարարություն»։
Այսօր առավոտյան Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ում գերատեսչությունը անտեսում է, դրանով իսկ խրախուսում ֆուրումի կազմակերպիչների հասցեին հնչող հրապարակային սպառնալիքները, ևս անդրադարձավ թեմային․ «Այս պահին նպատակահարմար չէ, որ նման ֆորում անցկացվի՝ հաշվի առնելով անվտանգության հետ կապված ռիսկերը»։