2018 թվականի օգոստոսի 3-ին Շուռնուխ գյուղում մի խումբ մարդիկ՝ շուրջ 30 հոգի, հարձակվել էին այնտեղ հանգտացող 9 երիտասարդների, այդ թվում՝ ԼԳԲՏ ակտիվիստների վրա, քարկոծել նրանց և վտարել գյուղից դեպի մայրուղի՝ այնտեղ ևս քարերով հետապնդել ու ծեծել նրանց։ Բռնության պատճառն, ըստ բռնարարների, այն էր, որ երիտասարդները «համասեռամոլներ» են և իրենք «չեն ուզում, որ իրենց երեխաները նրանց տեսնեն»։ Տուժողներից երկուսը տեղափոխվել էին հիվանդանոց։ Ոստիկանությունը ժամանել էր ահազանգից մեկուկես ժամ անց միայն և․․․ առաջարկել վերադառնալ գյուղ, «որպեսզի հասկանան, թե ինչ է կատարվել»։ Երբ երիտասարդները հրաժարվել էին հետ գնալ գյուղ, նրանց տեղափոխել էին Գորիսի ոստիկանության բաժին։
Չնայած տուժող կողմի բազմաթիվ միջնորդություններին, դեպքի առթիվ բացված քրգործը քննվել է սոսկ ծեծի և ո՛չ խտրականության հոդվածով։ Իսկ 2018 թվականի դեկտեմբերին գործը կարճվել է՝ նույն տարվա նոյեմբերին ընդունված համաներման հիմքով։ Տուժող կողմի բողոքարկումից հետո (քննչական մարմինը թերի էր իրականացրել գործի քննությունը) քրգործը վերաբացվել է, իսկ այս տարվա փետրվարին․․․․կրկին կարճվել՝ այս անգամ արդեն վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։
Փաստաբան, «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի իրավաբան Լուիզա Վարդանյանի հետ խոսել ենք Շուռնուխի գործի ընթացքի ու կարևորության, Հայաստանում առկա համակարգված հոմոֆոբիայի և իրավական մակարդակում հնարավոր փոփոխությունների մասին։