Շուռնուխի և Որոտանի՝ իր տունը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 000 դրամ աջակցություն։ Նրանց համար նաև նոր տներ կկառուցվեն։ Այս մասին «Facebook»-ի իր էջում հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը;
Փոխվարչապետը հավելել է, որ բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68 հազար դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 24-ի կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքների մասին խոսելիս անդրադարձել էր այս երկու համայնքների հետ կապված խնդրին։
«Երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր: Մեկը՝ Որոտան համայնքն է, մյուսը՝ Շուռնուխ բնակավայրը․ դրանց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, և այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել․․․
Բայց ես ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր այն պարագաներում, երբ մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից հարցեր առաջանան, Կառավարությունը համարժեք փոխհատուցումներով հանդես կգա, և մեր քաղաքացիների շահերը լիարժեքորեն կլինեն պաշտպանված», – մասնավորապես նշել էր վարչապետը։