Ադրբեջանական գերությունից մեկ շաբաթ առաջ Հայաստան վերադարձած 10 գերիներից 4-ը կալանավորվել են՝ նոյեմբերի 16-ին, Սյունիքի ու Վայոց Ձորի սահմանագոտում ծավալված մարտերի ժամանակ դիրքերը թողնելու և փախուստի դիմելու համար, հայտնում է Քննչական կոմիտեն։
Տվյալ զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Նարեկ Երեմյանի կալանավորման միջնորդությունը դատարանը մերժել է, մեղադրող դատախազը դիմել է վերաքննիչ դատարան։ Քննչական կոմիտեն նաև հայտնում է, որ կալանավորված 4 զինծառայողներից մեկը եղել է դիրքի պատասխանատուն, մյուսը՝ ավագը, իսկ հաջորդ երկուսը՝ դիրքի դիտորդները։
«Մասնավորապես մարտական հերթափոխություն իրականացնող դիրքերի զինծառայողները տեղեկանալով հակառակորդի հարձակման մասին, ունենալով զենք կիրառելու իրավասություն, մարտական դիրքի վրա հարձակված հակառակորդի զինծառայողներին զինծառայողներին վնասազերծելու, զինաթափելու փոխարեն փորձել են բանակցություններ վարել մարտական դիրքի պահպանության տարածք ներխուժած զինծառայողների հետ, ովքեր փորձել են գերեվարել մարտական հերթապահություն իրականացնողներին։ Դիրքերի անձնակազմը նշված գործողությունները կատարելու փոխարեն, թողել է մարտական դիրքերը և դիմել փախուստի, որի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ մարտական դիրքեր, որոնք անցել են հակառակորդի վերահսկողության տակ», – մանրամասնել է Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը:
5 զինծառայողներն էլ մեղադրվում են մարտական ծառայության կանոնները խախտելու համար, նրանց սպառնում է 3-7 տարվա ազատազրկում։ Իսկ գումարտակի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, մայոր Նարեկ Երիմյանին սպառնում է 3-8 տարվա ազատազրկում։
Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ մայոր Երիմյանը խախտել է կանոնակարգը, ինչի հետևանքով Ադրբեջանի զինծառայողները ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք և գերեվարել դիրքում մնացած զինծառայողներին, մարտական դիրքն էլ անցել է հակառակորդին։
«Փախուստի դիմած դիրքերի ընդհանուր 24 զինծառայողները հակառակորդի կողմից շրջափակվել և գերեվարվել են: Նրանցից երեքի դիերը նոյեմբերի 17-ին և 20-ին փոխանցվել են հայկական կողմին, 7 զինծառայողներ (այդ թվում՝ վերոնշյալ 4 անձինք) նոյեմբերի 26-ին և դեկտեմբերի 4-ին վերադարձվել են հայկական կողմին, 14 զինծառայողների գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է», – նշել է Թադևոսյանը։
Այս տարվա նոյեմբերի 16-ին բախումներ էին սկսվել հայ-ադրբեջանական սահմանին։ Մոտ վեց ժամ շարունակված մարտերը դադարեցվեցին ռուսական կողմի միջնորդությամբ։ Հայկական կողմի «նախնական տեղեկություններով»՝ բախումների ժամանակ 32 զինծառայող է գերեվարվել, կա հաստատված 6 զոհ։ Գերեվարված զինվորներից մեկին Ադրբեջանը վերադարձրել էր նոյեմբերի 26-ին՝ Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումից ժամեր առաջ, ևս 10-ին՝ դեկտեմբերի 4-ին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ գերեվարման յուրաքանչյուր դեպք պետք է պատշաճ հետաքննվի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր ոչ հրապարակային խոսքում ընդգծել էր՝ գերիներն այն մարդիկ են, որոնք զենքը դրել, փախել ու հայտնվել են գերության մեջ։ Վերջին հայտարարությունից հետո փողոց էին դուրս եկել գերեվարված և անհետ կորած զինծառայողների ծնողները․․․