Նախօրեին համացանցում հայտնված տեսանյութերը վրդովվեցրել և կառավարության շենքի մոտ են դուրս բերել ադրբեջանական գերության մեջ հայտնված և անհետ կորած զինծառայողների հարազատներին, ովքեր այսօր՝ դեկտեմբերի 8-ին, հրաժարականների պահանջով հավաքվել են արդեն Ազգային ժողովի դիմաց։ Պահանջը զուգորդվում էր պնդումներով, որ գերիների հարցում մեկ տարուց ավել է առաջընթաց չկա և «ձեր կառույցներից ոչ մեկը չի աշխատում»։
Պատճառը տեսանյութերում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից արված արտահայտություններն են։ Ընդ որում, տարածվող երկու տարբերակն էլ մոնտաժված են։
Հավաքվածները ցանկանում են զրուցել անձամբ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցչի հետ, ինչի մասին հայտնել են նաև վերջինիս գործընկեր, պատգամավոր Գուրգեն Արսենյանին։ Խորհրդարանի նախագահից ցանկանում են լսել «այդ ո՞վ է դասալիքը» հարցի պատասխանը։ Նրանց խոսքով՝ իշխանություններն ամեն ինչում ուրիշներին են մեղադրում, իսկ վաղը ասելու են «զոհվավ՝ ինքն է մեղավոր, պրոտեզավորված է՝ ինքն է մեղավոր»։ Բողոքի ցույցը դեռ շարունակվում է։
Տեսանյությում իշխանության ներկայացուցիչը, ով, թվում է, տեղյակ չէր, որ տեսաձայնագրվում է, մասնավորապես, նշել էր, որ մարդիկ դուրս չեն գալիս բողոքի, քանի որ գիտեն՝ գերիները դասալիքներ են։ Սիմոնյանը նաև ասել էր․ «<․․․> Եթե ես էտ գերիների պատճառով Սյունիք կորցնեմ, Սիսիան կորցնեմ, կներես, մի քիչ կարող է սխալ բան եմ ասում, բայց ես էտ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան <․․․>։
Մենք պետք է հասկանանք՝ մի նժարի վրա ինչ ա դրված, մյուս նժարի վրա ինչ ա դրված։ Այո, բնականաբար, մենք էտ տղեքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում, բայց մենք չենք կարող ամբողջ Հայաստանը, Արցախը, ամբողջ հայությունը պատանդ դնենք․․․ Իսկ գիտե՞ս՝ էտ գերիներն ովքեր են։ Էն մարդիկ են, որոնք զենքը դրել, փախել և մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։
Սա չբարձրաձայնեք, խնդրում եմ ձեզ, ես սա բարձրաձայն չեմ ասի <…>:
Իրենք այդ գերիներին պահում են որպես սակարկման բան, որ մեզ ճնշեն, մենք իրանց ճանապարհ տանք, Ղարաբաղը ճանաչենք իրանց կազմի մեջ։ Դե, չի ստացվում, դրա համար ենք մենք արդեն ակնարկում, որ դուք գերիներով մեր ամբողջ երկիրը մի շանտաժի ենթարկեք»:
Արսենյանի՝ պետության անվտանգության մասին խոսքերը բողոքողները ջուրծեծոցի են համարում և պահանջում հստակ ասել, թե անձամբ ինքն ի՞նչ է արել տղաների վերադարձն ապահովելու համար։ Պատգամավորը, նախ, ասում էր, որ շատ հարցերի շուրջ չի կարող տեսախցիկների առջև խոսել և «բացատրել գործիքակազմը»։ Ըստ նրա՝ «տակն էլ ենթատեքստ կա»։
«Որպես իշխանության ներկայացուցիչ ձեր առաջ կանգնած ասում եմ՝ մեր գործիքակազմն օգտագործվում է մաքսիմում ռեժիմով։ Եթե դուք գտնում եք, որ մեր գործիքակազմում ավելացնելու որևէ բան կա, որից մենք տեղյակ չենք, հնարավոր է, մոլորության մեջ ենք, էդ մի բանն էլ չենք անում, կարող եք փակ հանդիպումների ժամանակ առաջարկներ անել, ես չեմ ասում, որ մենք ամենագետ ենք», – 40 րոպեից ավել տևող զրույցի ընթացքում, մասնավորապես, ասել է Արսենյանը։
Նա նաև հնարավոր է համարել, որ որևէ դաշնակից կամ բարեկամ երկրի կառավարության կողմից միջնորդական ջանքեր գործադրելու որոշում կայացվի․ «Բայց հիմա եթե դուք ավել բան գիտեք, ասեք՝ է՛ս էլ կարող եք անել, փորձել․․․»։
Մինչ պատգամավորը հռետորական հարց էր տալիս «չե՞ք կարող անել տրամաբանական հետևություն, թե ի՞նչ է տեղի ունենում Հայաստան-Ադրբեջանի հարաբերություններում» և նշում, որ Ադրբեջանը փորձում է իր բանակցային դիրքերն ամրապնդել, «ստանալ բաներ, որոնք մեզ համար անընդունելի են», հավաքվածները շեշտում էին՝ ոչինչ չեք անում։
– Որպես ի՞նչ ես պահաջնում ԱԺ պատգամավորի հրաժարականը, – զրույցի ընթացքում հարցրել էր Գուրգեն Արսենյանը։
– Որպես թույլ իշխանություն, – պատասխանել էր ակցիայի մասնակիցներից մեկը։
– Ջուր եք ծեծում, – նորից կրկնեց մյուսը։
«Եթե վաղը պարզվի, որ, ասենք, ինչ-որ մի ջրային ռեսուրսից օգտվելու խնդիր կա, որից Հայաստանը օգտվում է, ինքը հանկարծ կարողանա խանգարել՝ կխանգարեն, որ չօգտվենք, որ էդ հարցն էլ շահարկվի։
Էս հարցը երկար է տևելու, որովհետև մենք պետք է հասնենք մի կարգավիճակի, որ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներն իրար չսպանեն, իրար առաջ խնդիր չդնեն իրար սպանելու», – շարունակում էր պատգամավորը։
Բացատրություններն այն մասին, թե ինքը պարզապես իր գործերով էր դուրս եկել և, իրենց տեսնելով, որոշել մոտենալ և զրուցել, «առաջարկներ լսել կամ անել», հավաքվածներին ևս չէին գոհացնում։ Արսենյանը նաև հիշեցրել է, որ ցանկացած առաջարկ իրենք էլ կարող են անել՝ «փակ հանդիպումների ընթացքում»։ Իսկ երբ ասաց, որ ակցիայի մասնակիցներն իրեն չեն լսում և խոսելու հնարավորություն չեն տալիս, մարդիկ պնդեցին ներկայացնել սեփական հստակ առաջարկները։ Պատգամավորը, սակայն, արդեն հեռանում էր, իսկ ներկաները՝ պահանջում Ալեն Սիմոնյանին փոխանցել իրենց հորդորները․ «Մենք Ալենին ենք սպասում, ձեր ընկերոջն ասեք՝ թող գա, ձեր նմանակին»։
թարմացում․ Ալեն Սիմոնյանն այդպես էլ ցուցարարների մոտ չիջավ։ Խորհրդարանից փոխանցեցին, որ նա պատրաստ է ընդունել փողոցում հավաքվածներից երկուսին։ Ցուցարարները առաջարկը մերժեցին։ Նրանք ակնկալում էին, որ կա՛մ Սիմոնյանի կիջնի ներքև, կա՛մ կընդունի առնվազն 20 հոգուց բաղկացած «պատվիրակություն»։
— Թող իջնի պատասխան տա էստեղ կանգնած մայրերին։ Թող ուղղակի իջնի ասածները կրկնի բոլորիս առաջ։ Եթե ներողություն չի խնդրելու, ուրեմն թող հրաժարական տա ու գնա։
Գերիների և անհետ կորածների հարազատները սկզբում փակեցին խորհրդարանի շենքին հարակից Դեմիրճյան փողոցը, հետո՝ նաև Բաղրամյան պողոտան։
Պողոտան կարճ ժամանակ անց բացվեց․ բերման ենթարկվեցին Վահագն Չախալյանը (հայտնի է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ արշավով և 16+ կուսակցությունների նախաձեռնած «Հայրենիքի փրկության շարժմանը» ակտիվ մասնակցությամբ) և 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։
Սիմոնյանը, ամեն դեպքում, չմտափոխվեց։
Ամենից զատ՝ ծնողներին զայրացրել էր նաև այն, որ պատգամավորը գաղտնի տեսագրությունում հայտարարում է, թե Ադրբեջանում պահվող զինծառայողների հարազատները «ակտիվ չեն», որովհետև գիտեն, որ «նրանք դասալիք» են։
— Մարդիկ սպասում էին, ոչ մեկ ձեն չէր հանում։ Սպասում էինք, որ մեր ախպերներին էլ ընդից ազատեն, բերեն։ Մարդիկ սպասում են, ասում են՝ բերեք բան չանենք, երևի կբերեն։ Չխանգարենք, կբերեն։ Բայց հիմա տենում ենք, որ տենց չի։ Ղժում են․ իրանք ղժում են մեր վրա․․․ Ինչ իրավունքով է ինքը էտ արտահայտությունը հնչեցրել, որ դասալիք են իրանք։ Քննություն չի եղել դեռ, ինչ իրավունքով ա ինքը դա ասում։ Ինքը եղե՞լ ա էտ պոստում, ինքը գիտի՞՝ էտ պոստում ինչ ա կատարվում, զենք կա թե չկա, ուտելիք կա թե չկա․․․