Նոյեմբերի 16-ին ՀՀ ԶՈՒ մարտական դիրքի կորստի և զինծառայողների գերևարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը:
2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի մարտական հենակետերի ուղղությամբ հարձակում գործելու, ագրեսիվ պատերազմ սանձազերծելու փաստերով նույն օրը ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում հարուցված և ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված Ջերմուկի տեղամասում հակառակորդը անակնկալ հարձակվել է ՀՀ ԶՈՒ դիրքի անձնակազմի վրա, սակայն վերջինս հարձակումը ժամանակին հայտնաբերելուն կամ դրան դիմակայելուն ուղղված համապատասխան միջոցներ չի ձեռնարկել, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Այս մասին ասված է գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։
Նախաքննության ընթացքում պարզված այս հանգամանքների առթիվ նոյեմբերի 22-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում) հատկանիշներով նոր քրեական գործ հարուցելու մասին, որը նախորդիվ նշված գործի հետ միացվել է մեկ վարությում:
Նոյեմբերի 22-ին հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի մեկ պայմանագրային զինծառայող և նույն զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատար, մայոր Գ.Գ.-ն։
Նախաքննությամբ պարզվել է, որ Գ.Գ.-ն նշանակված է եղել գումարտակի պահպանության նշված շրջանում տեղակայված հրամանատարական դիտակետում՝ մարտական դիրքերից մեկում: Միաժամանակ, նա ստանձնած է եղել գումարտակի պահպանությանը վստահված թվով 10 մարտական դիրքեր ընդգրկող պահպանության շրջանի պատասխանատուի պարտականությունները:
Բանակային կորպուսի հրամանատարի նոյեմբերի 16-ի մարտական կարգադրության և զորամասի հրամանատարի հրամանի համաձայն՝ զորամասը պահպանությունից անցել է պաշտպանության, ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի, կառավարման մարմիններն անցել են «Մարտական» աշխատանքային ռեժիմի, որի պայմաններում զորամասը՝ ենթակա ստորաբաժանումներով, պատրաստվել է մարտական գործողությունների։
Գ.Գ.-ն, պատասխանատու լինելով գումարտակի մարտական պատրաստության և նրա կողմից մարտական առաջադրանքների հաջող կատարման համար, չի ապահովել մարտական հերթապահությունում ընդգրկված ուժերի կողմից առաջադրված մարտական խնդիրների՝ մասնավորապես, հակառակորդի մոտեցող ուժերին զենքի կիրառմամբ դիմադրություն ցույց տալու արդյունավետ կատարումը, Գ․Գ.-ն ևս 7 զինծառայողի հետ դիմել է փախուստի, հենակետում գտնվող 11 զինծառայող գերեվարվել է, ՀՀ ԶՈՒ զինծառայողներից 2-ի սպանված դիերը նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին, իսկ մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ:
Նշված արարքները կատարելու համար նոյեմբերի 24-ին Գ.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, որը դատարանի նոյեմբերի 25-ի որոշմամբ բավարարվել է: