հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Մեկը լինի՝ «Մեմորիալին» պաշտպանի

Մեկը լինի՝ «Մեմորիալին» պաշտպանի

Ռուսաստանյան հնագույն իրավապաշտպանական կազմակերպությունը՝ «Մեմորիալը», նոյեմբերն անցկացնում է դատարաններում։ Կա վտանգ, որ կազմակերպությունը կլուծարվի։ 

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը նոյեմբերի 11-ին Գերագույն դատարան է ներկայացրել «Մեմորիալը» և դրա ենթակառույցները՝ իրավապաշտպանական կենտրոնը, արխիվը, գրադարանը և թանգարանը լուծարելու հայց։

Ծանուցումը պատճառաբանված է «ոչ առևտրային կազմակերպությունների» մասին՝ 2012-ին ընդունված օրենքի պարբերական խախտումներով։ «Մեմորիալն», ի թիվս տասնյակ այլ իրավապաշտպան կազմակերպությունների և ԶԼՄ-ների, ավելի վաղ ճանաչվել էր «օտարերկրյա ագենտ», դատախազությունն այժմ պնդում է, իբր կազմակերպության նյութերում մի քանի անգամ բացակայել է «ագենտ» լինելու մասին պահանջվող ծանուցումը։

«Մեմորիալն» ու այն գլխավորող Յան Ռաչինսկին նույն պատճառով 2019-20 թվականներին մի քանի անգամ տուգանվել են՝ ընդհանուր մոտ 3.5 մլն ռուբլիով (47 հազար դոլար)։

Դատախազության, ճիշտ է, ավելի հեռուն է գնում․ «Մեմորիալի» կողմից, ըստ կառույցի, խախտվել են նաև մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիան, երեխաների իրավունքների պաշտապնության կոնվենցիան, քաղաքացիական և քաղաքական իրավունքների դաշնագիրը և մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ Ինչի՞ վրա են հիմնվում այս պնդումները՝ պարզ չէ։

«Մեմորիալի» դատը Մոսկվայում

Նոյեմբերի 8-ին Մոսկվայի դատախազությունը ներկայացրել է «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի լուծարման մասին դատական հայց։ Ներկայացուցիչները համարում են, որ կենտրոնի գործունեության մեջ կան անգամ ահաբեկչական կազմակերպություններին արդարացնող «հոգեբանական և լեզվաբանական նշաններ»։

Նոյեմբերի 23-ին Մոսկվայի դատարանի նախնական նիստում հայցող կողմը չի կարողացել ներկայացնել հիմքերը, որոնք կազմակերպությունում ստուգումներ անելու պատճառ են հանդիսացել։

Բացի այդ, կասկածներ է առաջացրել նաև լեզվա-հոգեբանական հետազոտությունը, որի վրա մասսամբ հիմնվում է մեղադրանքը։ Ըստ «Новая газета»-ի՝ այն անցկացրել են մաթեմատիկայի ուսուցիչ Նատալի Կրյուկովան և թարգմանիչ Ալեքսանդր Տարասովը, որոնք (որոշ այլ վարույթներով) հանդես են եկել որպես սեքսոլոգ, կրոնական առաջնորդ, մշակութաբան, հասարակական մարդաբան, լեզվաբան, իրավագետ և այլն․․․ Դատարանը հարցի տակ է դրել նրանց կողմից հետազոտություններ անելու իրավասությունը։

Նիստը հետաձգվել է մինչև նոյեմբերի 29։

Նախորդող հարձակում

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 14-ի, «Մեմորիալի» գրասենյակ էին ներխուժել մի քանի տասնյակ անհայտ տղամարդիկ՝ НТВ հեռուստաալիքի նկարահանող խմբի ուղեկցմամբ։ Նրանք փորձել են խափանել Ագնեշկա Խոլանդի՝ «Գարեթ Ջոնս» ֆիլմի դիտումը, որը պատմում է Ուկրաինայի Սովասպանդի։

Ոստիկանությունը չի խանգարել հարձակվողներին․ նրանցից երեքին բռնել են կենտրոնի աշխատակիցները։ Դիտումը վերսկսվել է, իսկ հետո՝ ոստիկանության ծառայողները արգելափակել են կինոդիտման մասնակիցների ելքը, ինչի պատճառով մարդիկ ավելի քան 6 ժամ մնացել են տարածքում՝ բացատրականների գրելու հարկադրանքի տակ։ Ուժայինները, ըստ Մեմորիալի, պահանջում էին, որպեսզի հանդիսատեսը բացատրի՝ ինչպես է իմացել կինոդիտման մասին, պատմի նախկին «դատվածություններից»։ Արգելվել է նաև փաստաբանների և լրագրողների մուտքը։

Ուժայինները ավելի ուշ հայտարարել են, իբր Տվեր քաղաքի ոստիկանակությունը «պատանդների» վերաբերյալ տեղեկություն է ստացել՝ Մեմորիալում տեղի ունեցած բացատրելով կեղծ ահազանգով։

«Մեմորիալ»

Իրավապաշտպան միավորումը 74 կազմակերպություններ է ներառում։ Դրանցից որոշները զբաղվում են պատմագիտական, լուսավորչական գործունեությամբ, քաղաքական հետպնդման զոհերի հիշատակի վերականգմամբ, մյուսները՝ աջակցում քաղաքական բռնաճնշման ենթարկվող մարդկանց։ Կազմակերպություններից 10-ը գործում են Ռուսաստանից դուրս։

«Մեմորիալի» մեծ գրադարան ունի՝ ավելի քան 40 հազար գրքեր։ Առանձին տեղ է հատկացված արխիվային փաստաթղթերի և սամիզդատների համար։

Իրավապաշտպան կազմակերպությունը հիմնադրվել է 1987-ին՝ Խորհրդային միությունում լայնամասշտաբ քաղաքական ճնշումների պատմությունը վերականգնելու նպատակով։ Չորս տարի անց ստեղծվել է նաև «Միջազգային Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությունը․․․

Change.Org կայքում նոյեմբերի ստորագրահավաք է սկսվել՝ «Ձեռքերը հեռու Մեմորիալից․ դադարեցնենք կարևոր հասարակական կազմակերպությունների դատական լուծարումները»: Նոյեմբերի 25-ի ցերեկը ստորագրումների թիվը հասել էր 105 324-ի։