Օդային արգելքներ և պատժամիջոցներ
Կիպրոսը միացել է Եվրամիության մյուս երկրներին, ԱՄՆ-ին, Ուկրաինային և Միացյալ Թագավորությանը՝ արգելելով բելառուսական ավիափոխադրող Belavia-ի ինքնաթիռների մուտքն իր օդային տարածք։ Պատճառն, իհարկե, մայիսի 23-ին Ryanair ավիաընկերության՝ Աթենքից Վիլնյուս թռչող ինքնաթիռի առևանգումն է, որի արդյունքում Մինսկում ձերբակալվել էին ընդդիմադիր բլոգեր, Nexta տելեգրամ ալիքի նախկին խմբագիր Ռոման Պրոտսաևիչն ու իր ընկերուհին՝ Սոֆյա Սապեգան։ Եթե մինչև թռիչքների արգելքը բելառուսական ավիափոխադրողը չվերթներ ուներ 54 ուղղություններով, ապա այժմ այդ թիվը հասել է 20-ի։
Բացի այդ՝ վերոնշյալ երկրները խուսափում են մուտք գործել Բելառուսի օդային տարածք՝ այն համարելով ոչ անվտանգ։ Այդ պատճառով խնդիրներ են առաջանում հատկապես Փարիզ-Մոսկվա չվերթների ընթացքում։ AirFrance-ը այսօր արդեն երրորդ անգամ հետաձգել է Փարիզ-Մոսկվա թռիչքը, քանի որ երթուղու փոփոխությունից և Բելառուսը շրջանցելու որոշումից հետո Մոսկվան պարզապես թույլ չի տալիս ֆրանսիական օդանավին մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք։ Ավելի վաղ նման խնդիր ծագել էր նաև Ավստրիական ավիափոխադրողի հետ, սակայն Վիեննա-Մոսկվա բեռնափոխադրող չվերթն այնուամենայնիվ կայացել էր։
Օդային արգելքներից բացի, Արևմուտքի երկրները նախատեսում են նաև պատժամիջոցներ կիրառել Բելառուսի արդյունաբերական համակարգի, ավելի կոնկրետ՝ կալիումի կարբոնատի (որի համաշխարհային ռեզերվների 20%-ը Բելառուսում են) արտադրության ոլորտի, ինչպես նաև նավթի, փայտի և ցեմենտի ոլորտներում գործարքների վրա։ Պատժամիջոցները կարող են վերջնականացվել Լյուքսեմբուրգում հունիսի 21-ին կայանալիք գագաթաժողովի ժամանակ։
Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպում են Սոչիում, մինչ Բելառուսի ուժայինները ճնշում են ընդդիմությանը։
Մայիսի 29-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչի քաղաքում ընդունել է Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Պաշտոնյաների քննարկումները տևել են շուրջ 5 ժամ, որից հետո պայմանավորվել են, որ Մոսկվան շուրջ 500 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Մինսկին։
Մինչ այդ՝ բելառուսցի ուժայինները այցելում են ընդդիմադիր ԶԼՄ-ների, բլոգերների տներ։ Որոշ դեպքերում տեղի են ունենում խուզարկություններ, որոշ դեպքերում՝ ձերբակալություններ։
Ռոման Պրոտասևիչն ու Սոֆյա Սապեգան, ով, իդեպ, Ռուսաստանի քաղաքացի է, գտնվում են մեկուսարանում։ Սապեգայի փաստաբանները հայտնել են, որ նա իրեն ընդհանուր առմամբ վատ չի զգում, բայց պարբերաբար ունենում է խուճապի նոպաներ։
Ավելի վաղ տեսանյութ էր հրապարակվել, որում Սապեգան «խոստովանում» էր, որ համակարգել է «Черная книга Беларуси» տելեգրամ ալիքը, որում հրապարակվում են տեղի ուժայինների անձնական տվյալները։
Հիշեցնենք՝ մայիսի 23-ին Մինսկում ձերբակալվել է Nexta տելեգրամ-ալիքի նախկին խմբագիր Ռոման Պրոտասևիչը և իր ընկերուհին՝ Սոֆյա Սապեգան։
Բելառուսում «ծայրահեղական կազմակերպություն» ճանաչված ընդդիմադիր լրատվամիջոցի նախկին խմբագիրը բերման է ենթարկվել Մինսկում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռից։ Աթենքից Վիլնյուս թռչող օդանավը (Ryanair) Լիտվայի սահմանը հատելուց մի քանի րոպե առաջ կտրուկ շրջադարձ է կատարել և բելառուսական կործանիչների ուղեկցությամբ վայրէջք իրականացրել Մինսկի օդանավակայանում։ Ryanair-ից հայտարարել են, որ օդանավին իբր սպառնացող վտանգի մասին իմացել են բելառուսական կողմից, ստուգումների արդյունքում կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել։ Ավելի ուշ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե ինքնաթիռում ռումբի վտանգը կապված է եղել պաղեստինյան «Համաս» զինյալ խմբավորման հետ կապված։ «Համաս»-ը հերքել է իր կապը միջադեպի հետ, ինչպես նաև դատապարտել Բելառուսի իշխանությունների գործողությունները։
Այս թեմայով՝ Ի՞նչ է Ալեքսանդր Լուկաշենկոն