Home / Հայաստան / «Այստեղ ինձ մահապատիժ է սպառնում»․ Լուկաշենկոն լրագրողի է առևանգել

«Այստեղ ինձ մահապատիժ է սպառնում»․ Լուկաշենկոն լրագրողի է առևանգել

Կիրակի օրը Մինսկում ձերբակալվել է Nexta տելեգրամ-ալիքի նախկին խմբագիր Ռոման Պրոտասևիչը։  Պրոտասևիչը մեղադրվում է մի քանի հոդվածներով՝ «պետական գաղտնիքի բացահայտումից» և «նախագահին ուղղված վիրավորանք հնչեցնելուց» մինչև «զանգվածային անկարգությունների հրահրում»։

«Ինձ այստեղ մահապատիժ է սպառնում», – ձերբակալման ժամանակ ասել է բլոգերը։«

Բուն ձերբակալությունը

Բելառուսում «էքստրեմիստական կազմակերպություն» ճանաչված ընդդիմադիր լրատվամիջոցի նախկին խմբագիրը բերման է ենթարկվել Մինսկում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռից։ Ryanair-ի՝ Աթենքից Վիլնյուս թռչող օդանավը Լիտվայի սահմանը հատելուց մի քանի րոպե առաջ կտրուկ շրջադարձ է կատարել և բելառուսական կործանիչների ուղեկցությամբ վայրէջք իրականացրել Մինսկի օդանավակայանում։ Ryanair-ից հայտարարել են, որ օդանավին իբր սպառնացող վտանգի մասին իմացել են բելառուսական կողմից, բայց ստուգումների արդյունքում կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել։ Բոլոր ուղևորներն, այնուամենայնիվ, ստիպված են եղել իջնել օդանավից և կրկնակի ստուգման ենթարկվել։ Վտանգավոր ոչինչ չհայտնաբերելուց և բլոգերին ձերբակալելուց մոտ 5 ժամ հետո տեղի վերահսկող մարմինները թույլ են տվել, որ ինքնաթիռը մեկնի Վիլնյուս։

Լիտվայի իրապահներն արդեն հարցաքննում են ուղևորներին՝ հասկանալու համար թե ինքնաթիռում ինչ է տեղի ունեցել, իսկ երկրի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել ինքնաթիռի առևանգման և մարդկանց հետ միջազգային իրավունքով արգելված վերաբերմունքի փաստերի առթիվ։

Հաղորդվում է, որ Մինսկում զուգահեռաբար ձերբակալվել է նաև Պրոտասևիչի ընկերուհին՝ 23-ամյա Սոֆյա Սապեգան, ով Ռուսաստանի քաղաքացի է, բայց կյանքի մեծ մասն ապրել է Բելառուսում, իսկ Լիտվայում բարձրագույն կրթություն էր ստանում։

“Могилев Online”-ի հաղորդմամբ Պրոտասևիչը մինչ այդ զգուշացրել էր, որ Աթենքի օդակայանում ռուսախոս մի մարդ փորձել էր լուսանկարել իր փաստաթղթերը, իսկ հետո, չնայած հերթի մեջ հերթի մեջ հաջորդը լինելուն, շրջվել ու հեռացել։ 

«Ամբողջապես ակնհայտ է, որ սա ինքնաթիռի առևանգման գործողություն է, որն իրականացվել է հատուկ ծառայությունների կողմից՝ ակտիվիստ, բլոգեր Ռոման Պրոտասևիչին ձերբակալելու նպատակով»,- հայտարարել է բելառուսական ընդդիմության առաջնորդ, 2020-ի կեղծված նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի գլխավոր հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայան։ 

Միջազգային արձագանք

Ընդդիմադիր բլոգերի ձերբակալությանն անմիջապես արձագանքել են մի շարք օտարերկրյա պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ։

Բելառուսում ԱՄՆ դեսպանը «վտանգավոր և նողկալի» է անվանել Բելառուսի իշխանությունների գործողությունները, որոնք ուղղված էին ընդդիմադիր լրագրողին ձերբակալելուն։

Դատապարտող կոչերին միացել է նաև Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ Բելառուսի կողմից ինքնաթիռի առևանգումը «պետական ահաբեկչական ակտ» անվանելով։ Համանման գնահատականներ է տվել նաև Լիտվայի ղեկավարը՝ հայտնելով, որ Եվրոպայի խորհրդի այսօր կայանալիք նիստին ստեղծված իրավիճակի հետ կապված մի քանի առաջարկներ է անելու, որոնց թվում են Բելառուսի օդային տարածքը ոչ անվտանգ ճանաչելը, բելառուսական օդանավերի մուտքը ԵՄ տարածք արգելելը և Լուկաշենկոյի ռեժիմի նկատմամբ լուրջ պատժամիջոցներ կիրառելը։

https://twitter.com/GitanasNauseda/status/1396548329048268800

Բելառուսի գործողությունները դատապարտել են նաև Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Երոպական հանձնաժողովի նախագահ Ուրսոuլա ֆոն դեր Լեյենը, ինչպես նաև Հունաստանի ԱԳՆ-ն, որը Բելառուսում իշխող ռեժիմի գործողությունները «օդային ավազակություն» է անվանել։ Համանման գնահատական է տվել նաև չվերթն իրականացնող RyanAir ավիաընկերության ղեկավար Մայքլ Օ՛Լիրին։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքնենն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը կմիանա այդ միջադեպին եվրոպացի դաշնակիցների արձագանքին և պահանջել է անհապաղ ազատ արձակել Պրոտասևիչին:

Ուկրաինան և Միացյալ Թագավորությունն արդեն հայտարարել են, որ դադարեցնելու են ավիահաղորդակցությունը Բելառուսի հետ։

Nexta-ն ամենապոպուլյար տելեգրամ-ալիքներից մեկն է։ Ակտիվորեն լուսաբանել է 2020-ի կեղծված ընտրություններից հետո Բելառուսով մեկ բռնկված բողոքի ալիքը․ հարյուր հազարավոր մարդիկ ամիսներ շարունակ դուրս էին գալիս փողոց՝ պահանջելու նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը։ Զանգվածային ցույցերը ուղեկցվում էին զանգվածային ոստիկանական բռնություններով։ Nexta-ի նախկին խմբագրի՝ Ռոման Պրոտասևիչի նկատմամբ ամիսներ առաջ հետախուզում էր հայտարարվել։ Լրագրողը մեղադրվում է «անկարգություններ հրահրելու և հասարակական կարգը խախտելու» մեջ։ Լուկաշենկոյի ռեժիմը ներառվել է նրան այսպես կոչված «ահաբեկիչների ցուցակում», սպառնում է մինչև ցմահ ազատազրկմամբ։