ԱՄՆ կառավարությունը սեպտեմբերի 9-ին դատի է տվել Տեխաս նահանգին՝ աբորտների արգելքի պատճառով: Սեպտեմբերի 1-ին Տեխասում ուժի մեջ է մտել հղիության արհեստական ընդհատումները գրեթե ամբողջությամբ արգելող օրենքը, ըստ որի՝ նահանգում աբորտներ անել չի կարելի, եթե սաղմի սիրտը բաբախում է, այսինքն՝ արդեն մոտ 6 շաբաթական հղիության դեպքում, անգամ բռնաբարությունից և ինցեստի արդյունքում ի հայտ եկած հղիությունների դեպքում։ Նահանգի կլինիկաները հայց էին ներկայացրել ընդդեմ նահանգի բոլոր դատավորների։ Գործը հասել էր ԱՄՆ գերագույն դատարան, որի 9 դատավորներից 5-ը նախնական կարգով մերժեցին բժշկական կենտրոնների հայցը և «Սրտխփոցի օրենքն» ուժի մեջ թողեցին մինչև գործի մանրամասն ուսումնասիրությունը։
Այս որոշումը լայն քննադատության արժանացավ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից, ով պնդում էր, որ նոր օրենքը սահմանափակում է կանանց առողջապահությունը, հատկապես՝ ռասայական փոքրամասնությունների և անապահով խմբերի ներկայացուցիչների շրջանում։ Դրանից հետո Տեխասի Օստին քաղաքի դատարան դիմեց արդեն դաշնային կառավարության արդարադատության նախարարությունը։ Ինչ արդյունք կունենա այս հայցը՝ դեռևս հայտնի չէ։
Նորաթուխ օրենքի կապակցությամբ բողոքի ակցիաներ են տեղի ունենում ոչ միայն Տեխասում, այլև ԱՄՆ մյուս նահանգներում և եվրոպական որոշ երկրներում։ Մի շարք կանայք փողոց եին դուրս եկել «Աղախնի պատմվածքը» սերիալի կերպարների հագուստով, որը պատմում է դիստոպիկ աշխարհի մասին, որտեղ կանայք զրկված են իրենց իրավունքներից և շահագործվում են որպես երեխա ունենալու միջոց։
Ո՞վ է շահում նորաթուխ օրենքից
«Սրտխփոցի օրենքի» առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրա պահպանմանը հետևելու պատասխանատվությունը դրված է ոչ թե պետության, այլ քաղաքացիների վրա։ Ցանկացած ամերիկացի, անգամ եթե Տեխասում չի ապրում, կարող է վարչական հայց ներկայացնել նահանգի ցանկացած դատարան, եթե կարծում է, որ նահանգում «ապօրինի» աբորտ է տեղի ունեցել։ Ընդ որում՝ դատական հետևանքներ կարող են լինել ոչ միայն աբորտներ իրականացնող կլինիկաների, այլև առանձին բժիշկների, քուժքույրերի, ապահովագրական ընկերությունների և անգամ պացիենտին հիվանդանոց տարած տաքսու վարորդի համար։
Քաղաքացիները, ովքեր հայց կներկայացնեն դատարան, հաղթելու դեպքում 10 000 դոլար կստանան յուրաքանչյուր պատասխանող կողմից, ինչպես նաև կփոխհատուցվեն նրանց իրավաբանական ծախսերը։ Եվ քանի որ «աբորտի որսորդները» կարող են միանգամից դատի տալ աբորտի հետ առնչություն ունեցած մի քանի ֆիզիկական և/կամ իրավաբանական անձի, նրանք դատը շահելու դեպքում կարող են ստանալ ոչ թե 10 000, այլ մի քանի տասնյակ հազար դոլար։
Մյուս կողմից, պարտվելու դեպքում «որսորդները» ստիպված չեն լինի վճարել պատասխանող կողմի իրավաբանական ծախսերի համար։ Հատկանշական է նաև, որ հենց աբորտ արած մարդուն դատի տալ օրենքը թույլ չի տալիս։
Տեխասի կլինիկաներն արդեն իսկ մերժում են հղիության ընդհատում իրականացնել իրենց պացիենտների մեծ մասի համար և վախենում, որ ի վերջո կփակվեն։ Իսկ ԱՄՆ այլ նահանգների մի շարք (հանրապետական) պաշտոնյաներ խոստանում են համանման օրենքներ առաջադրել իրենց նահանգներում։
Վերջ Roe V Wade-ի՞ն
Մինչ բոլորը սպասում են ԱՄՆ կառավարության ու Տեխասի միջև ծագած դատական գործընթացի ավարտին, մի շարք քաղգործիչներ, իրավաբաններ ու ակտիվիստներ զգուշացնում են՝ Տեխասի նոր օրենքը կարող է ոչ միայն հենց նահանգում, այլև ողջ երկրում վերջ դնել մարմնի ինքնավարությունն ապահովող մեխանիզմներին, որոնք գերագույն դատարանի կողմից հաստատվել են 1973-ին՝ Roe v Wade-ի (Ռոուն ընդդեմ Ուեյդի) գործով որոշմամբ։
1969-ին Գերագույն դատարան մտած այս գործը Ջեյն Ռո կեղծանունն օգտագործող Նորմա ՄքՔորվիի հայցն էր ընդդեմ Տեխասի դատախազ Հենրի Ուեյդի։ ՄքՔորվին հղի էր իր որրորդ երեխայով և ցանկանում էր աբորտ անել, սակայն Տեխասի օրենքներն այդ ժամանակ ևս սահմանափակում էին կնոջ իրավունքները։ 1973-ին դատարանը սահմանեց աբորտը որպես կնոջ սահմանադրական իրավունք և, թեև որոշ փոփոխություններով, մինչ օրս օգագործվում է աբորտների հետ կապված դատականա գործերում՝ որպես նախադեպ Հատկանշական է, որ ինքը, ՄքՔորվին հետագայում միացավ աբորտների դեմ պայքարին՝ հրաժարվելով իր նախկին սկզբունքներից։ Իր կյանքի վերջին տարիներին, սակայն, կինը խոստովանեց, որ դա արել էր պահպանողական և կրոնական լոբբիստական խմբերի հետ համագործակցելով՝ փողի դիմաց։
Արդարադատության նախարարությունն ընդդիմանում է օրենքին հենց այս նախադեպին չհետևելու փաստի և դրա «հակասահմանադրականության» փաստարկով՝ հուսալով, որ իրենց հայցը Գերագույն դատարանը չի մերժի։ Հարկ է նշել, որ թեև «Սրտխփոցի օրենքի» կիրառումը այլ նահանգներում Roe v Wade-ով առաջնորդվելուն չի սպառնում, Ամերիկայի հարավի մյուս նահանգներում տեխասյան օրենքի տարածումը կարող է ի վերջո հանգեցնել վերարտադրողական իրավունքների ամբողջական սահմանափակման և վերջ տալ Roe v Wade-ին։
«Միացյալ Նահանգների Սահմանադրությունը զրոյացնելու այսպիսի սխեման պետք է վախեցնի բոլոր ամերիկացիներին՝ անկախ իրենց քաղաքականությունից և կուսակցությունից։ Եթե այն հաջողի, ապա կարող է, ապա կարող է գործողությունների մոդել դառնալ այլ նահանգների կողմից, այլ ոլորտներում և այլ սահմանադրական իրավունքների ու դատական նախադեպերի հետ կապված», – ասել է ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիք Գարլանդը։
Այս խոսքերի, ինչպես նաև կառավարության քաղաքականության ակնարկները կարող են վերաբերել, օրինակ, զենք կրելու իրավունքին, որը ևս սահմանված է ԱՄՆ մայր օրենքով։ Այս մասին ահազանգում և տեխասյան օրենքին արդեն իսկ ընդդիմանում են անգամ որոշ պահպանողական քաղգործիչներ։
Ըստ CNN-ի թղթակից Թիրնի Սնիդի հոդվածի՝ եթե Գերագույն դատարանի պահպանողական դատավորներին չի հետաքրքրվում մարդկանց առողջության վրա այս օրենքի հնարավոր ազդեցությունը, ապա նրանց կարող է հետաքրքրել դեմոկրատների կողմից ղեկավարվող նահանգներում նույն տրամաբանությամբ զենքի վաճառքի և կրելու իրավունքի սահմանափակումը։
Օրենքը, ամեն դեպքում, չի կարող չեղարկվել, քանի դեռ կառավարությունը չի հասել դրա իրագործման մեխանիզմի չեղարկմանը։ Կա հավանականություն, որ Գերագույն դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչվի հենց օրենքը, բայց անհատ քաղաքացիները կարողանան դատական գործընթաց սկսել կլինիկաների, բժիշկների և այլոց դեմ։ Եթե այդ մեխանիզմը բացահայտ կերպով հակասահմանադրական չճանաչվի, ապա օրենքի չեղարկումը Բայդենի վարչակազմի համար կլինի սիմվոլիկ հաղթանակ, սակայն չի պաշտպանի կլինիկաների և նրանց պացիենտների իրավունքները։
Կարևոր է նաև, որ օրենքի չեղարկմանը հասնել հնարավոր է դատական հայց ներկայացնելով պաշտոնական կառույցների և դրանց ղեկավարների դեմ, սակայն երբ օրենքի իրագործումը դրված է ոչ թե վերջիններիս, այլ քաղաքացիների ուսերին, գործը մի քանի անգամ դժվարանում է։
Տեխասի օրենսդրությունն առհասարակ հայտնի է ԱՄՆ սահմանադրությունը շրջանցելու համար գրված լինելով։ Հենց այս օրենսդրությունն է 1979-ին օգնել հանրապետականներին ու այլ պահպանողականները, ինչպես նաև ավետարանական եկեղեցու և այլ կրոնական խմբերի լոբբիիստներին աբորտների հետ պայքարում։ Այդ տարի Գերագույն դատարանը փոփոխություններ մտցրեց 1973-ի իր որոշման մեջ և աբորտներն արգելեց սաղմի կենսունակության հասնելու (օրգանիզմից դուրս գոյատևել կարոանալու) պահից սկսած։ Դա տեղի է ունենում մոտավորապես հղիության 22-23-րդ շաբաթից։
Թրամփի՝ նախագահ դառնալուց հետո ԱՄՆ գերագույն դատարանում պահպանողական դատավորների թիվը գերակշռում է՝ 6-ն ընդդեմ 3-ի։ Այդ 6-ից 5-ը արդեն իսկ նախնական մերժում են տվել «Սրտխփոցի օրենքի» չեղարկմանը։ Այս տարվա ընթացքում Դատարանը պետք է որոշում կայացնի Միսիսիպի նահանգում 15-րդ շաբաթվանից հետո աբորտն արգելող օրենքի վերաբերյալ։ Ի տարբերություն տեխասյան օրենքի` այս դեպքում Դատարանը կարող է պահպանել Roe v Wade-ը, չեղարկել այն կամ թողնել աբորտների իրավունքը՝ միաժամանակ հնարավորություն տալով նահանգներին որոշելու՝ թույլատրել դրանք իրենց տարածքում, թե ոչ։
Շուրջ 10 նահանգներ այդ պարագայում ուժի մեջ կմտցնեն աբորտներն արգելող արդեն պատրաստի օրենքները։ Այս նահանգներից որոշներում արդեն այս պահին աբորտներ իրականացնող կա ընդամենը մեկ կլինիկա։