Չճշտված տեղեկություններով` 24 զինծառայողները, որոնց հետ կապը նոյեմբերի 16-ից ընդհատվել է, գերեվարվել են՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում վերջին էսկալացիայից հետո պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող, ևս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում։ Հետագայում հաղորդվեց, որ հաստատված զոհերը 6-ն են։ Կորած զինծառայողների մասին որևէ բան առ այսօր հայտնի չէր։
Երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիս էր հրավիրել․ պատասխանում էր լրագրողների և հասարակական կազմակերպությունների հարցերին։
Հարց հնչեց նաև նոյեմբերի 16-ին կորած 24 զինծառայողների մասին։
«Իմ կողմից ճիշտ չէ այդպիսի տերմին օգտագործելը, բայց թույլ տվեք ինչ-ինչ հանգամանքներից ելնելով օգտագործել նման տերմին՝ «չճշտված տեղեկություններ»։ Չնայած հասկանում ենք, որ իմ կողմից «չճշտված տեղեկություններ» ասելն այդքան էլ ճիշտ չէ, բայց եկեք պայմանական այդ վերնագրի ներքո դնենք․․․ Այդ զինծառայողները գերեվարվել են։
Զինվորների մի մասը, որ մենք մտածում էինք, որ զոհված են, իրականում գերեվարված են՝ չճշտվա՛ծ տեղեկությունների համաձայն», – ասել է Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ այս պահին ունենք 6 հաստատված զոհ և ունենք «24 գումարած 8 գերեվարված», բայց այս տվյալները վերջնական ճշգրտման անհրաժեշտություն ունեն։
«Կան նաև տվյալներ, որ գերեվարվածների մեջ կան վիրավորներ, որոնցից առնվազն մեկը թեթև վիրավոր չի եղել», – հավելել է Փաշինյանը։
Բոլորի վերադարձի ուղղությամբ, ըստ նրա, կառավարությունը ինտենսիվ աշխատում է։