Ադրբեջանական կողմը երեկ, ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ, Շուշիում հայկական կողմին է փոխանցել 3 հայ զինծառայողի մարմին՝ հայտնել է Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)։
Նախնական տվյալներով՝ մարմինները տարհանվել են Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի վարչական տարածքից [նոյեմբերի 16-ի և դրան նախորդող օրերի մարտական գործողությունները հենց այստեղ էին ծավալվում]։
Դիերը այսօր տեղափոխվել են Երևան։ Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է, որ նրանց ինքնության վերաբերյալ տեղեկություններ կհրապարակի Հայաստանի ՊՆ-ն:
Արդյոք Շուշիում հայկական կողմին են հանձնվել այն զինծառայողների մարմինները, որոնց անուններն այսօր հրապարակել էր Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ դեռ հայտնի չէ։
6 զինծառայողների անունները
Առավոտյան Հայաստանի ՊՆ-ն հաղորդել էր, որ նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մարտերի հետևանքով հայկական կողմն, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ, որոնցից մեկի ինքնությունը դեռ պարզվում է։
Հրապարակվել են զոհված զինծառայողների անունները․
— 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Սահակյան,
— պայմանագրային զինծառայողներ՝ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Հարությունյան,
— 1990թ. ծնված, շարքային Գուրգեն Սարգսյան,
— 1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Մարտիրոսյան,
— 1980թ. ծնված, շարքային Դավիթ Ամիրյան։
Մարտերում զոհված կրտսեր սերժանտ Մերուժան Հարությունյանի անունը հրապարակվել էր դեռ նոյեմբերի 16-ին, լեյտենատն Տարոն Սահակյանի մարմինը Բաքվից Երևան էր բերել ռուս գեներալ Մուրդովը։
Ավելի վաղ հայկական կողմը հայտարարել էր 13 հայ զինվորի գերեվարման մասին։ Ավելի վաղ հայտնել էին, թե 24-ի հետ կապը կորել է, նրանցից քանիսն են դեռ անհետ կորած համարվում՝ չի նշվում։
Ադրբեջանական կողմը 7 զոհի և 10 վիրավորի մասին էր հայտնել։