Ներգաղթյալները լքել են լեհ-բելառուսական սահմանին (Բելառուսի կողմում) ձևավորված ինքնաբուխ ճամբարը՝ հայտնել է Լեհաստանի սահմանապահ ծառայությունը։ Օրեր առաջ այստեղ էին հավաքվել Մերձավոր Արևելքից Բելառուս ժամանած մի քանի հարյուր միգրանտներ․ նրանք հույս ունեին, որ կկարողանան հատել սահմանը և հայտնվել Եվրամիության տարածքում։ Սահմանային պատնեշները ճեղքելու պարբերական փորձերը ավարտվում էին դաժան բախումներով։
Լեհաստանը միգրացիոն ճգնաժամի մեղադրում է Բելառուսին և Ռուաստանին։ Մինսկը մատնանշում է Լեհաստանի կողմից սահմանին մնացած մարդկանց իրավունքների ոտնահարումը, Մոսկվան՝ հերքում մեղադրանքներն ու առաջարկում միջնորդել․․․
Հինգշաբթի օրը Բելառուսի իշխանությունները մոտ հազար միգրանտի տեղափոխել են սահմանից ոչ հեռու տեղակայված տրանսպորտա-լոգիստիկ կենտրոն։ Մինսկ ժամանած «Իրաքի ավիաուղիներ» ինքնաթիռով նույն օրը Իրաք են վերադարձել շուրջ 400 ներգաղթյալ ։
Ուրբաթ Բելառուսի նախագահի խոսնակը հայտնել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ վերջին հեռախոսազրույցում առաջարկել է նրան ընդունել սահմանի մոտ գտնվող 2 հազար ներգաղթյալների։ Բելառուսում գտնվող միգրանտների ընդհանուր թիվն, ըստ նրա, մոտ է 7 հազարի։
Գերմանիայի ներքին գործերի նախարարը, սակայն, կտրուկ մերժել է այս առաջարկը՝ ընդգծելով․ «Մենք մտադիր չենք տուրք տալ այս ճնշմանը և չենք ասի, թե պատրաստ ենք փախստականներին Եվրամիության երկներում ընդունելու։ Դա պարզապես այս ուխտադրուժ ռազմավարության գլխավոր նպատակի իրագործումը կլիներ։ Խոսքը ապօրինի և ուխտադրուժ միգրացիայի մասին է, որը Բելառուսը կազմակերպում է Ռուսաստանի որոշակի օգնությամբ»։
Հիշգշաբթի երեկոյան հայտնի դարձավ նաև, որ Մեծ Բրիտանիան շուրջ 150 զինվորական ինժեներների է ուղարկելու լեհ-բելառուսական սահմանի՝ սահմանամերձ ենթակառուցվածները ամրացնելու գործում Լեհաստանի իշխանություններին օգնելու համար։
«Պուտինի կատարածուի» «հիբրիդային հարձակումը»
Լեհաստանը և Բելառուսին սահմանակից ԵՄ մյուս երկու պետություններն արդեն ամիսներ շարունակ վայելում են միգրացիոն ճգնաժամի ծանր իրականությունը։
ԵՄ-ն շարունակ պնդում է, որ միգրանտների ապօրինի ներհոսքը կազմակերպվում է Բելառուսի կողմից․ Լուկոշենկոն, ըստ նրանց, այսկերպ վրեժխնդիր է լինում պատժամիջոցների համար, որոնք սկսել են կիրառվել 2020-ի կեղծված ընտրություններից և դրանց հաջորդած զանգվածային բռնություններից հետո։ Բելառուսական իշխանությունները, ըստ ԵՄ-ի, Մերձավոր Արևելքից հազարավոր ներգաթյալների բերում են Միսնկ՝ հետագայում սահման տեղափոխելու համար։ Արևմուտքը սա «հիբրիդային հարձակում» է որակում։
Ալեքսանդր Լուկաշենկոն հանդես է գալիս պատասխան մեղադրանքներով․ Լեհաստանը, ըստ նրա, խախտում է սահմանին մնացած մարդկանց իրավունքները, իսկ Բելառուսը սանկցիաների պատճառով պարզապես ուժ ու փող չունի՝ Մերձավոր Արևելքից գաղթածներին զսպելու կամ պահելու համար։
Մեղադրանքներ են հնչել նաև Մոսկվայի ուղղությամբ։ Լեհաստանի վարչապետը, օրինակ, ներգաղթյալների վերջին գրոհի պատվիրատուն է հռչակել Վլադիմիր Պուտինին՝ հավելելով, թե Լուկաշենկոն պարզապես կատարածու էր։
Մոսկվան կոնֆլիկտի հետ իր կապը կտրուկ ժխտել է, Պուտինը խղճացել է միգրանտների երեխաներին, հիշեցրել՝ ինչպես է ԵՄ-ն արձագանքում, երբ այլ երկրներ ջրցաններ և արցունաքբեր գազ են կիրառում խաղաղ բնակիչների նկատմամբ, հայտարարել, թե ԵՄ-ն մոռանում է իր պարտականությունները հումանիտար ոլորտում․․․ Ռուսական կողմն ավելի վաղ առաջարկել է իր միջնորդությունը՝ խնդրին հանգուցալուծում գտնելու համար։
Վերջին գրոհը
Նոյեմբերի 16-ին միգրանտները սկսել են ջարդել սահմանային պատնեշները և քարեր են նետել լեհ սահամանապահների ուղղությամբ։ Լեհական կողմը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Ըստ հաղորդումների՝ կիրառվել է անգամ ջրցան մեքենա (սահմանին անգամ ցերեկները ջերմաստիճանը չի գերազանցում +10℃)։
Լեհաստանից հատուկ միջոցների կիրառման առթիվ բելառուսական քննչական կոմիտեն քրգործ է հարուցել՝ հիշեցնելով, որ միգրանտները ֆիզիկապես գտնվում են բելառուսական տարածքում։
Միգրանտների երկու խմբի նոյեմբերի 16-ին հաջողվել է հատել սահմանը և հայտնվել Լեհաստանում․ նրանց, ըստ լեհական ՊՆ-ի, կալանավորել են։
Ավելի վաղ Լիբանանը սահմանափակել էր ավիակապը Բելառուսի հետ․ Լիբանան-Բելառուս թռիչքների թիվը այս տարի աճել է մոտ 6 անգամ։ Նոյեմբերի 11-ին «Թուրքական ավիաուղիները» հայտնել էին, որ դեպի Մինսկ չվերթները հասանելի չեն լինելու Իրաքի, Եմենի և Սիրիայի բնակիչների համար։ Նոյեմբերի 13-ին «Cham Wings Airlines»֊ը կանգնեցրել է Դամասկոսից Մինսկ թռիչքները։ Նոյեմբերի 14֊ին բելառուսական «Բելավիան» էր անգամ հայտարարել, թե դադարում է Իրաքի, Աֆղանստանի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների ընդունումը Դուբայ-Մինսկ չվերթներին։