Եվրադատարանը Բաքվին մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ է տվել՝ նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզի սահմանային հատվածից գերեվարված զինծառայողների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար։
Գերեվարված զինվորներից մեկին Ադրբեջանը վերադարձրել էր նոյեմբերի 26-ին՝ Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումից ժամեր առաջ։ Հայկական կողմի «նախնական տեղեկություններով»՝ նոյեմբերյան էսկալացիայի ժամանակ 32 զինծառայող է գերեվարվել։ Նրանցից առնվազն մեկը, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վիրավոր է եղել։
Գերիների վերաբերյալ պաշտոնական Բաքուն ոչինչ չի հաղորդում։ Հայտնի չէ ո՛չ հաստատված գերիների թիվը, ո՛չ նրանց գտնվելու վայրը։ Ադրբեջանական կողմը նշել էր միայն, որ նոյեմբերի 26-ին Հայաստան վերադարձված զինծառայողը վիրավոր է եղել և ստացել է անհրաժեշտ բուժօգնությունը։ Գերիներից քանիսն է վիրավոր եղել՝ չի հաղորդվում։
Ստրասբուրգյան դատարան էին դիմել ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակը, իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը։ Բարձր դատարանից նրանք պահանջում էին Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցներ կիրառել և տեղեկատվություն խնդրում գերեվարվածների մասին։
ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակը պարզաբանել է՝ ստրասբուրգյան դատարանն այժմ զբաղվում է 31 գերեվարվածների իրավունքներով։
«Ի վերջո՝ պետք է հասկանալ, որ հստակ տեղեկատվություն կոնկրետ անձի գտնվելու վերաբերյալ կարող է ստացվել միայն այն կողմից, ում տիրապետության տակ անձը գտնվում է, դրա համար է նաև նախաձեռնվում Եվրոպական դատարան դիմելու այս գործընթացը: Այսինքն՝ քանի դեռ պատասխան մենք չենք ստացել մյուս կողմից փաստացի իր տիրապետության տակ գտնվող անձանց թվի, վիճակի վերաբերյալ, մեր դատողությունները բացառապես այն տեղեկատվության շրջանակում են լինելու, որը մենք ունենք», – Լիպարիտ Դրմեյանի խոսքերը մեջբերել է «Ազատություն» ռադիոկայանը:
Նույն աղբյուրի հետ զրույցում իրավապաշտպան Արակ Զեյնալյանը նշել է, որ համացանցում տարածված տեսանյութերում իրենց հաջողվել է նույնականացնել 27 գերեվարված զինվորականի։ Իրավապաշտպանը շեշել է՝ Եվրոպական դատարան ներկայացրած իրենց դիմումներում խնդրել են, որ դատարանն ապահովի նրանց կյանքի իրավունքը։