Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված 10 գերիներից 5-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Տեղեկությունն արդեն պաշտոնապես հաստատվել է նաև Քննչական կոմիտեի կողմից։
Զինծառայողները ձերբակալվել են, միջնորդություններ են ներկայացվել նրանց կալանավորելու համար։
Լեյտենանտը կալանավորվել է
Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված լեյտենանտ Սերժիկ Ամիրխանյանը կալանավորվել է․ դատարանն այսօր բավարարել է նրա կալանքի միջնորդությունը։
Զինծառայող Նարեկ Երիմյանին կալանավորելու միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է․ նա ազատ է արձակվել։
Մյուս երեք մեղադրյալների վերաբերյալ որոշումներ դեռ չեն կայացվել։
«Դատական նիստը դեռևս երեկվանից շարունակվում է», – նշել է ՔԿ խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած զինծառայողները գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ հայ-ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիայի ժամանակ։ Հայկական կողմի «նախնական տվյալների» համաձայն՝ նույն օրը գերեվարվածներից 21-ը դեռևս պահվում է Ադրբեջանում։