«Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավունքը», «Ազատություն հայ ռազմագերիներին» պաստառներով շիրակցի գերիների հարազատները հունվարի 11-ին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։
Ցուցարարները ցանկանում են հանդիպել վարչապետի ու կառավարության մյուս անդամների հետ՝ քննարկելու գերիների վերադարձը և ստանալու կոնկրետ պատասխան։
«Այսօր եկել ենք էլի նույն ակնկալիքով, որ ինչ-որ մեկը մեզ կոնկրետ պատասխան կտա․ սպասենք, թե՞ չսպասենք», – ասում է ցուցարարներից մեկը։ «Բանակցություններ կա, գործընթացներ կա, բայց էստեղ կանգնած ծնողներս ոչ մի արդյունք չենք տեսել։ Արդեն մի տարի երկու ամիս է անհույս սպասում ենք ու ոչ մի կոնկրետ բան չգիտենք, չգիտենք՝ էլ ինչ անենք»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը առաջարկել է հանդիպել ցուցարարներից կազմված 3 հոգանոց պատվիրակության հետ, բայց հարազատները ցանկանում են բոլորով գնալ հանդիպման։
«120 կմ կտրել եկել ենք, որ երե՞ք հոգու հետ հանդիպի։ Էստեղ կանգնած 33 ծնողներից ամեն մեկն իր պահանջն ունի», – ասում է ծնողներից մեկը։
Հավաքվածները նշում էին, որ պատրաստ են շարունակել մնալ դրսում այս ցուրտ եղանակին։
44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հարձակում էր գործել Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ համայնքների ուղղությամբ ու գերեվարել 62 շիրակցի զինծառայողի, որոնցից մեկ տարվա ընթացքում միայն 29-ն է Բաքվից վերադարձվել Հայաստան։