Home / Բանակ / Ռազմագերիների հարազատները զայրացած են և շարունակում են սպասել վարչապետի պատասխանին

Ռազմագերիների հարազատները զայրացած են և շարունակում են սպասել վարչապետի պատասխանին

Օգոստոսի 9-ին կառավարության շենքի մոտ են հավաքվել Ադրբեջանում պահվող և այնտեղ բանտարկության դատապարտված հայ ռազմագերիների տասնյակ հարազատներ։ Վարչապետի հետ հանդիպման հույսով նրանք ժամեր շարունակ՝ հոգնած և նյարդայնացած, մնում են կիզիչ արևի տակ՝ խոստովանելով, որ պատրաստ են ակցիան շարունակել այնքան, որքան կպահանջվի որևէ պատասխան ստանալու համար։

Կառավարության որևէ ներկայացուցչի հետ դեռևս չեն խոսել․16։00-ի դրությամբ շենքից իրենց մոտ ոչ-ոք դուրս չէր եկել։

Հավաքվածների խոսքով՝ նախորդ հանդիպումներն արդյունք չեն տվել, իսկ գերևարվածների ծնողների վիճակն է՛լ ավելի է բարդանում։ «Էնքան էս գործընթացը ձգձգվեց, որ գերիներին արդեն ազատազրկման են դատապարտել»։

Հարազատների ռուսալեզու և անգլալեզու պաստառները հասցեագրված էին ինչպես հայաստանյան գերատեսչություններին, այնպես էլ միջազգային հանրությանը։ Պաստառների վրա «Ազատություն հայ պատանդներին», «Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավունքը» և այլ գրություններն են։

Հավաքվածներն այս ընթացքում արդեն հասցրել են բազմաթիվ անգամներ իրենց խոսքը հնչեցնել լրագրողների տեսախցիկների առջև։ Այլևս նրանք՝ ծառերի շողքի տակ կանգնած, հրաժարվում են շփվել նոր մոտեցած ԶԼՄ ներկայացուցիչների հետ։

Խոստովանելով, որ հոգնել են «էսքան խոսելուց», մի խումբ կանայք, այնուամենայնիվ, ասացին․ «Նկարե՞լ։ Հա, նկարեք, կադր արեք, բայց էլ խոսալու ուժ չկա»։

Նրանցից մի քանի քայլ հեռավորության վրա կանգնածները դեմ էին կրկին նկարահանվելուն։ Հերթական կադր բռնացնողը նյարդայնացրեց ծնողներին։ «Հերի՛ք է, ինչքա՞ն կարելի է», – դիմեցին նրանք տեսախցիկն արագ անջատած լրագրողին։ Վերջինիս՝ ներողություն խնդրելու փորձերն ուշադրության չէին արժանանում։ Այդ պահին մարդկանց, կարծես, զայրացրեց, որ իրենց վրա ուշադրություն դարձնողների մեջ չկան  նրանք, ովքեր կհստակեցնեն իրավիճակը և խնդրին առնչվող մի նոր բան կասեն։

Կառավարության արձագանքն ակնկալող և բարեկամներից որևէ տեղեկություն չունեցող մարդկանց հասկանալի լարվածությունը թոթափելու համար ոստիկանները խնդրում էին լրագրողներին մտնել վերջիններիս դրության մեջ․ «Ոչինչ, ոչինչ, հասկանում ենք, բայց դուք էլ հասկացեք․․․ հիմա նենց վիճակում են։ Հիմա գնացեք, թող հանգստանան»։