Home / Առողջապահություն / Գերությունից լուրջ խնդիրներով վերադարձած զինծառայողին կրկին բանակ են տարել․ ՊՆ-ի համար դա խնդիր չէ

Գերությունից լուրջ խնդիրներով վերադարձած զինծառայողին կրկին բանակ են տարել․ ՊՆ-ի համար դա խնդիր չէ

Ամռանը գերությունից վերադարձած Նարեկ Սիրունյանը առողջական ու հոգեբանական մի շարք խնդիրներով նորից զորակոչվել է։ Փաստացի նա մարմնի հինգ հատվածներում վիրավորում ունի։ Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ դիմած հոր խոսքերի, բացի նրանից, որ հոգեպես դեռևս չի վերականգնվել, նա նաև չի կարողանում երկար ժամանակ կանգնած մնալ, չի կարողանում ազատ շարժել ձեռքերը։

Իրավապաշտպանների գրությունից հետո Սիրունյանին հետազոտության են ենթարկել, բայց առողջական որևէ խնդիր չեն լուծել, կրկին տեղափոխել են զորամաս։

Նարեկ Սիրունյանը բանակ է զորակոչվել 2020 թ․ օգոստոսին, մասնակցել սեպտեմբերին սկսված պատերազմին և բազմաթիվ վիրավորումներով գերեվարվել է նոյեմբերի վերջին։ Գերությունից վերադարձել է 2021 թ․ հունիսին և դեկտեմբերին կրկին զորակոչվել է։

Հոր ահազանգից հետո ՀՔԱՎ-ը 2021 թ․ դեկտեմբերի 12-ին դիմել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ Սիրունյանի ֆիզիկական և հոգեբանական արդյունավետ վերականգնումն ապահովելու հարցով։ ՀՔԱՎ-ը նաև տեղեկություններ է հայցել այն մասին, թե մինչ այդ պահը` ինչ բուժում և հոգեբանական աջակցություն է ստացել նախկին զինծառայողը։

ՊՆ-ից հայտնել են, որ մինչ կրկին զորակոչվելը նա անցել է հոգեթերապիա, ապա ստացել 15-օրյա արձակուրդ, և պնդել են, որ զինծառայության մեջ էլ նա գտնվում է սպա-հոգեբանի հսկողության տակ։ Ինչ վերաբերում է ֆիզիկական առողջությանը՝ ՊՆ-ից հայտնել են, որ այդ մասով հետազոտությունների արդյունքում ստացիոնար բուժման անհրաժեշտություն չեն տեսել։

Այս պատասխանն ստանալուց հետո ՀՔԱՎ-ը երկրորդ անգամ է դիմել պաշտպանության նախարարին։ Երկրորդ գրության մեջ ևս շեշտվել է, Սիրունյանը շարունակում է գանգատվել ֆիզիկական և հոգեբանական խնդիրներից, և ակնհայտ է, որ իրականացված գործողությունները լիարժեք ու թիրախային չեն եղել։ ՊՆ-ից դեռևս պատասխան չի եկել։

Իրավապաշտպանների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս խնդիրները համատարած են․ պատերազմի հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրներին դիմակայելու Կառավարության ծրագրով իրականացված միջոցառումների ծավալը բավարար չէ, իսկ արդյունքները հեռու են ծրագրի հռչակած նպատակներից։

ՀՔԱՎ-ը նշում է, որ այս մոտեցումը չի համապատասխանում նաև Զինված ուժերի բարեփոխումներին ու զարգացմանն ուղղված՝ Կառավարության հռչակած առաջնահերթություններին։ «Ի վերջո, ինչքանո՞վ կարելի է արդյունավետ համարել պատերազմի և գերության հետևանքով առողջական, հոգեբանական խնդիրներ ունեցող մարդու կողմից զինվորական պարտականությունների կատարումը։ Արդյո՞ք պետության այս վերաբերմունքը կարող է համարվել հարգանքի ու պատասխանատվության դրսևորում նրա մարդկային արժանապատվության նկատմամբ», – նշվում է իրավապաշտպանների հաղորդագրությունում։