19։07 — Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում այսօր զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002թ.)։
Եվս ութ զինծառայող, ըստ ՊՆ-ի, վիրավոր է․ նրանցից վեցի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը, համապատասխանաբար, միջին և թեթև։
15։40 — Ադրբեջանական ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների արդյունքում ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է՝ գրել է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
Ժամը 14։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։
14։57 — Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այսօր` ժամը 12։00-ի սահմաններում, հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա՝ հաղորդել է ՊՆ-ն:
«Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքե Այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է», – ասված է պաշտոնական հաղորդագրությունում։
Սահմանային լարվածության մասին հաղորդել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ այդ նույն ժամին հայկական զինված ստորաբաժանումները, «հավելյալ ուժեր և զրահատեխնիկա կուտակելով սահմանի Բասարկեչարի հատվածում», գնդակոծել է Քելբաջարի շրջանում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը։
Վերջին երեք օրերին կողմերը հաղորդում են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիք-Քելբաջար հատվածում փոխրաձգությունների մասին․ դեկտեմբերի 8-ին այստեղ ադրբեջանցի զինծառայող է զոհվել, դեկտեմբերի 9-ին վիրավորվել են երկու հայ զինծառայողներ։