Տաջիկստանի գլխավոր դատախազությունը զանգվածային անկարգությունների հոդվածով քրեական գործեր է հարուցել Խորոգ քաղաքի բողոքի ակցիաների մասնակիցները նկատմամբ։
Ցույցերը սկսվել էին նոյեմբերի 25-ին՝ այն բանից հետո, երբ ուժայինների իրանացրած հատուկ օպերացիայի հետևանքով (ոստիկանի կողմից) սպանվել է քաղաքի 29-ամյա բնակիչը։ Քրեական գործերի հարուցման մասին հայտնել է Տաջիկստանի Ներքին գործերի նախարարության «Օրենք և հասարակություն» գերատեսչական թերթը, գրում է «Ասիա Պլյուս» գործակալությունը։
Խորոգը Տաջիկստանի Լեռնային Բադախշանի ինքնավար մարզի վարչական կենտրոնն է։ Բնակչության մեծ մասը պամիրցիներ և պամիրական ղրղզներ են։ Մարզը սահմանակցում է միանգամից երեք երկրների՝ Չինաստանի, Ղրղզստանի և Աֆղանսանի հետ։
Նոյեմբերի 25-ին տեղացիները բողոքի ակցիա էին իրականացնում՝ 29-ամյա Գուլբիդին Զիոբեկովի սպանած ուժայիններին արդարադատության ենթարկելու պահանջով։ Հարյուրավոր մարդիկ նույն պահանջով ցույց էին իրականացնում նաև Մոսկվայում՝ Տաջիկստանի դեսպանատան դիմաց։
Ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, պարբերաբար լուրեր էին շրջանառվում, որ կան նաև տուժածների մասին։ Ցուցարարները նոյեմբերի 25-ի գիշերն անց են կացրել ինքնավար մարզի ադմինիստրացիայի շենքի դիմաց։ Չորս օր տևած բողոքից հետո հավաքվածների հետ հանդիպման է իջել մարզի ղեկավարն ու խոստացել արդար հետաքննություն։ Նոյեմբերի 25-ից ի վեր Խորոգ քաղաքում ինտերնետն ամբողջությամբ արգելափակվել է։
«Ասիա Պլյուսի» փոխանցմամբ, ցուցարարների և իշխանությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները մինչև հիմա չեն իրագործվում։
Տաջիկստանի ՆԳՆ-ի գերատեսչական թերթը գրում է, որ 29-ամյա երիտասարդի սպանության գործը քննելու համար նախագահ Էմոմալի Ռախմոնի հանձնարարությամբ ստեղծվել է օպերատիվ քննչական խումբ՝ բաղկացած 20 իրավապահներից և «քաղաքացիական հասարակության» 12 ներկայացուցիչներից։ Քրգործով անցնողների մասին ոչինչ չի հաղորդվում։ Կան արդյոք մեղադրյալներ կան ձերբակալվածներ՝ պարզ չէ։
Թերթի փոխանցմաբ, սպանությանը հաջորդած բողոքի ցույցերի ընթացքում տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ են ստացել ոստիկանության 12 ծառայողներ։ Ակցիաների ընթացքում տուժած քաղաքացիական անձանց մասին հոդվածը լռում է։