Դեկտեմբերի 1-ի դրությամբ աշխարհում 293 լրագրող գտնվում է բանտում՝ ասվում է լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) ամենամյա հետազոտության մեջ: Սա կոմիտեի կողմից մինչ այժմ արձանագրված ամենաբարձր տարեկան ցուցանիշն է:
«Արդեն վեցը տարի անընդմեջ CPJ-ն արձանագրում է լրագրողներին բանտարկելու ռեկորդային թվով դեպքեր», – ասվում է CPJ գործադիր տնօրեն Ջոել Սայմոնի հայտարարության մեջ:
Ըստ կառույցի՝ բանտարկված լրագրողների քանակով առաջատար է Չինաստանը՝ 50, հաջորդը Մյանման է՝ 26 , այնուհետև Եգիպտոսը՝ 25, Վիետնամը՝ 23 և Բելառուսը՝ 19: Ժամանակին ցուցակը գլխավորող Թուքիան այս տարի 6-րդ հորիզոնականում է։
Թեև լրագրողներին բանտարկելու պատճառները տարբեր երկրներում տարբեր են, ռեկորդային թիվը համարվում է աշխարհում քաղաքական ցնցումների և անկախ լրագրության նկատմամբ աճող անհանդուրժողականության ցուցիչ։
Զեկույցի հեղինակները նշում են, որ ցանկում ներառված երկրների առաջնորդները գտնում են անկախ լրագրողներին և լրատվամիջոցներին արգելափակելու ավելի բարդ եղանակներ, մասնավորապես՝ համացանցի հասանելիության սահմանափակումը, լրտեսող ծրագրերի միջոցով հսկողության բարձրացումը և այլն։
Առնվազն 24 լրագրող սպանվել է
2021 թվականին առնվազն 24 լրագրող սպանվել է մասնագիտական գործունեության համար, ևս 18-ը մահացել են այնպիսի հանգամանքներում, որոնք դժվարացնում են որոշել մահվան պատճառը։
Վերջին 29 տարիների ընթացքում՝ 1992 թվականից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը, աշխարհում սպանվել է առնվազն 1440 լրագրող:
շապիկի լուսանկարը՝ Մյանմաjից․Reuters-ի լրագրող Ու Վա Լոնը Մյանմաjում իր դատավճռից հետո