Նոյեմբերի 3-ին կառավարության շենքի մոտ բողոքի ցույց անող 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները համաձայնել են բացել Տիգրան Մեծ պողոտան փոխոստիկանապետի հետ զրույցից հետո։ Վերջինս խոստացել էր 7-10-օրյա ժամկետում աջակցել վարչապետի հետ հանդիպում կազմակերպելու հարցում։ Ոստիկանության ներկայացուցիչների այս տեսակ միջամտությունից առաջ ակցիայի մասնակիցները մտադիր էին փողոցի երթևեկելի մասը փակ պահել՝ մինչև իրենց չընդունի Նիկոլ Փաշինյանը և այլ կառույցների ղեկավարները։
Մինչ հավաքված մարդիկ կանգնած էին երթևեկելի մասի մի հատվածում, ուժայինները, նախ, ուզում էին համոզել նրանց անցնել դեպի մայթը, ապա փորձեցին ինքնուրույն կազմակերպել այդ «անցումը»։ Արդյունքում, երկու կողմերն էլ հայտնվել էին երթևեկելի մասում։
Չնայած պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներն ու ոստիկանները շարունակում էին «փակ պահել» պողոտայի մի հատվածը, այնուամենայնիվ, վերջիններս խնդրում էին լրագրողներին լքել երթևեկելի մասը։ Հատուկենտ ավտովարորդներին հաջողվում էր մի կերպ անցնել այս հատվածով․ հետիոտներն ավելի հեշտ էին գլուխ հանում խնդրից և արագորեն շրջանցում ցույցը։
Մոտ մեկ ժամ տևած ակցիայի ընթացքում մարդիկ բանակցեցին Ոստիկանության ներկայացուցիչներից մեկի հետ՝ համաձայնության գալով փոխոստիկանապետի հետ հանդիպում անցկացնելու շուրջ․ «Ըստ դրա կտեսնենք՝ ոստիկանությունը կարո՞ղ ա միջամտել, որ վարչապետի հետ հանդիպումը կազմակերպեն։ Ուղղակի դրա համար ճանապարհը էս պահին բացվեց։ Էլ ուրիշ բան չի մնացել մեզ, էդ էլ փորձենք»։
Հասկանալով, որ «վարչապետի գրաֆիկը հագեցած է», հավաքվածները չէին պդնում, որպեսզի կառավարության ղեկավարն անմիջապես ընդունի իրենց։ Դրա հետ մեկտեղ՝ արդեն երեք ամիս է, ինչ հանդիպում են պահանջում, սակայն որևէ պատասխան չեն ստանում։
Մասնակիցներից մեկն այսպես բացատրեց ներկայացվող պահանջները․ «Ծնողների մի մասը, որոնց երեխաները անհետ կորած են․․․ շուտ վերադարձնեն իրենց ընտանիքներին, անկախ նրանից՝ ինչ կարգավիճակում կլինեն երեխաները, մենք պատրաստ ենք։ Էդ երեխաներին ոնց կգտնեն, պատվով և՛ դիմավորենք, և՛ մնացած գործողությունները անենք»։
Ծնողները նաև Քննչական կոմիտեի նախագահի հետ էին հանդիպում ունեցել, որի մանրամասները, սակայն, հրաժարվում են բարձրաձայնել։ Ասացին, որ «ընդհանուր գործերն են քննարկվել»․ նորանշանակ ՔԿ նախագահը պատրաստակամություն էր հայտնել նոր խումբ ձևավորել, որը կզբաղվի իրենց կողմից բարձրաձայնվող հարցերով։
Ինչ վերաբերում է անցած մեկ տարվա ընթացքում տարվող գործերի քննություններին և դրանց արդյունքներին, ապա, ծնողների խոսքով, եթե գոհ լինեին՝ բողոքի դուրս չէին գա․ «Մեկ տարի մեկ ասմի ա՝ ծնողների մեծամասնությունն ա փաստեր հավաքել, ներկայացրել քննչական մարմիններին, քննության նյութերը հիմնականում ծնողներն են տվել իրենց, որ գործերը սկսեն տեղից շարժվել։ Բայց նոյեմբերի 3-ին ես անձամբ հայտարարություն եմ տվել, մինչ օրս ոչ մի դրական ազդեցություն չեմ տեսել»։