Home / Բանակ / Պատերազմի զոհերի նոր ցուցակ է հրապարակվել

Պատերազմի զոհերի նոր ցուցակ է հրապարակվել

Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված և նույնականացված զինծառայողների թիվը հասել է 2881-ի։ Երեկ՝ մարտի 2-ին, այս մասին հայտնել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։

Զոհերի նոր հստակ ցուցակ է հրապարակվել։ «Ներկայացնում ենք Ադրբեջանի զինված ուժերում ծառայած, Հայրենական պատերազմում զոհված և մինչև մարտի 2-ը հուղարկավորված 2881 զինծառայողների լուսանկարները, անուն-ազգանունները, զինվորական աստիճանի մասին տվյալներն ու ծննդյան ամսաթվերը», – ասվում է գերատեսչության հրապարակման մեջ։

Հրապարակվել են նաև 28 անհետ կորած զինվորականների անունները․ «Ակտիվորեն աշխատանքներ են տարվում նրանց որոնման և նույնականացման ուղղությամբ»։

Հունվարի 21-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր 2585 զինծառայողների մասին։

 Հայաստանի առողջապահության նախարարության փոխանցմամբ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021-ի փետրվարի 18-ը ներառյալ կատարվել է 3684 զոհված զինծառայողների դիակի դատաբժշկական փորձաքննություն։