Ադրբեջանի Թարթառի շրջանի ոստիկանությունը բերման է ենթարկել երկու քաղաքացիների, ովքեր փորձում էին նշանակված անցակետերը շրջանցելով մտնել Թալիշ գյուղ։ Ադրբեջանի ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ, ձերբակալվածները Թալեհ և Ասադ Ագալարովներն են։
Նույն շրջանի ևս երկու բնակիչներ բերման են ենթարկվել Թարթառի շրջանի Ղափանլի գյուղի ոստիկանական անցակետի ծառայակիցներին չենթարկվելու համար։ Կալանավորված Ամին Ալիբեյլին և Թալեհ Իբրահիմովը փորձում էին մեքենայով հասնել Աղդամ, որը 44-օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Բոլոր ձերբակալվածները վարչական պատասխանատվության են ենթարկվել։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահն ու մի շարք գերատեսչություններ բազմիցս հորդորել են հանրությանը զերծ մնալ հետպատերազմական տարածքներ մուտք գործելուց, քանի դեռ չեն ավարտվել ականազերծման աշխատանքները։