2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ընթացքում տասնյակ խաղաղ բնակիչներ զոհվել են Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի կողմից զենքի ոչ թիրախային կիրառության պատճառով, ասվում է Amnesty International միջազգային իրավապաշտպանական կազմակերպության զեկույցում։
Ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո կազմակակերպության հետաքննող խումբը ժամանել է հակամարտության գոտի՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով։
Հավաքագրված փաստերը ցույց են տվել, որ հակամարտության երկու կողմերի պնդումներն այն մասին, թե իրենք ոչ թիրախային կրակոցներ չեն արձակել և չեն կիրառել կասետային զինատեսակներ, չեն համապատասխանում ճշմարտությանը։
Ուսումնասիրությունների արդյունքում հաստատվել է, որ թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի զինված ուժերը բազմիցս կրակել են օպերատիվ-տակտիկ հրթիռային համակարգերից, որոնք հայտնի են համազարկային կրակի անբավարար ճշտությամբ։
«Երկու կողմերին հորդորում ենք հետաքննել կատարվածը, բացահայտել հանցագործներին, պատասխանատվության ենթարկել նրանց, դադարեցնել կասետային զենքի կիրառումը և միանալ Կլաստերային զինատեսակների մասին միջազգային կոնվենցիային, քանի որ դրա օգտագործումը հակասում է միջազգային մարդասիրական օրենքներին»,- հորդորում է Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևը :
Զեկույցը պատրաստվել է Հայաստանում և Ադրբեջանում իրականացված մի հետազոտության հիման վրա, որում մանրամասնորեն դիտարկվում են երկու երկրների կողմից իրականացված 17 ռմբակոծությունները, որոնց արդյունքում քաղաքացիական անձինք են զոհվել։ Հակամարտության ընդհամենը 44 օրերի ընթացքում նվազագույնը 146 խաղաղ բնակիչ է սպանվել, այդ թվում՝ երեխաներ և տարեց անձինք։
Հակամարտության երկու կեղմերն էլ կիրառել են ոչ ճշգրիտ համազարկով օպերատիվ-տակտիկ հրթիռներ և հրազենային զինատեսակներ։ Չնայած անհերքելի ապացույցներին, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունները հերքում են խիտ բնակեցված բնակավայրերի ուղղությամբ ոչ թիրախային կրակ բացելու և կասետային զինատեսակներ կիրառելու մեղադրանքը։
Նոյեմբերի 10-ից հետո՝ երբ եռակողմ համաձայնագիրն արդեն կնքված էր, Amnesty International-ի փորձագետները մուտքի թույլատրություն ստացան դեպի այն շրջաններ, որոնցում ռազմական գործողություններ են ծավալվել։
Կազմակերպությունը պատերազմի ընթացքում զոհված անձանց հարազատների, վիրավորում ստացած քաղաքացիների, ռազմական գործողությունների ընթացքում տեղում աշխատած լրագրողների և ականատեսների հետ 79 հարցազրույց է իրականացրել։
Amnesty International-ի մասնագիտական թիմն ուսումնասիրել է դեպքի վայրում հայտնաբերված զինանյութերի մասնիկները, տեղում արված լուսանկարներն ու տեսանյութերը, արբանյակային նկարները։
«Մեր հետազոտության արդյունքում բացահայտվել են ոչ թիրախային հրթիռակոծությունների և չպատճառաբանված կրակոցների բազմաթիվ դեպքե, որոնց արդյունքում խաղաղ բնակիչներ են զոհվել, վնասվել կամ ոչնչացվել են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներ։ Պարբերաբար հերատանակոծվել են ռազմաճակատից բավականին հեռու գտնվող խիտ բնակեցված բնակավայրեր, որոնք, հաճախ, մոտ էլ չեն որևէ տեսակի բացահայտ ռազմական թիրախների», – նշում է Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Մարի Սթրազերսը։
Ռմբակոծություններ հայկական կողմից
Amnesty International-ը հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական գյուղերի ու քաղաքների ռմբակոծման 4 դեպք է արձանագրել, որոնց արդյունքում 72 խաղաղ բնակիչ է զոհվել։
Հոկտեմբերի 17-ին Գյանջա քաղաքի ուղղությամբ «Էլբրուս» (SCUD-B՝ ՆԱՏՈ-ի դասակարգմամբ) օպերատիվ-տակտիկ հրթիռից արված հարվածի հետևանքով 21 քաղաքացի մահացել է, ավելի քան 50-ը՝ վիրավորվել։
Հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի Քարայուսուֆլի գյուղի բնակելի հատվածի հրթիռակոծման հետևանքում 5 մարդ զոհվել է, ևս 14-ը՝ վիրավորվել։
Հոկտեմբերի 28-ին հայկական զինված ուժերը խոշոր տրամաչափի ռեակտիվ արկերով հարվածներ են հասցվել շփման գծից ավելի քան 20կմ հեռավորության վրա գտնվող Բարդա քաղաքին։ Հրթիռներից երեքն ընկել են քաղաքի կենտրոնում, երկուսը՝ հիվանդանոցի մոտակայքում, կասետային 72 ենթաարկ պարունակող ռումբն ընկել է խիտ բնակեցված մասում՝ սպանելով 21 խաղաղ բնակիչների։
Հակամարտության առաջին իսկ օրը՝ սեպտեմբերի 27-ին, հայկական կողմը հրազենային հարվածներ է հասցրել Նաֆթալան քաղաքից ոչ հեռու գտնվող Գաշալթի գյուղին։ Կրակոցները արդյունքում հինգ քաղաքացի է զոհվել՝ բոլորը նույն ընտանիքից։
Ռմբակոծություններ ադրբեջանական կողմից
Amnesty International-ը Ադրբեջանի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ իրականացված հրետանակոծման 9 և Հայաստանի հանրապետության տարածքում գտնվողիք քացաղիական օբյեկտի ուղղությամբ 1 դեպք է արձանագրել։ Ռմբակոծության հաստատված զոհերի թիվը 11 է։ Տեղական իշխանությունները զեկուցում են 52 սպանված բնակչի մասին։
Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը պարբերաբար, երբեմն՝ մեկ օրում մի քանի անգամ, ռմբակոծության է ենթարկվել։ Հրետանային հարվածները բազմիցս հասցվել են ոչ թիրախային (օրինակ՝ 122միլիմետրանոց «Գրադ» ռեակտիվ արկերով) և կասետային զինատեսակներով։
Հոկտեմբերի 4-ին Ստեփանակերտի ուղղությամբ իրականացված հերտանակոծության արդյունքում 4 քաղաքացի սպանվել է, ավելի քան 10 բնակիչներ վիրավորվել են։
Նույն օրը մեծ թվով հարվածներ են հասցվել մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքների։ Ռումբերից մեկը պայթել է դպրոցի մոտ, ևս մեկը՝ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի գրասենյակի հարևանությամբ։
Ստեփանակերտի մեկ այլ հրետանակոծության դեպքում ադրբեջանական զինված ուժերը նպատակաուղղված թիրախավորում էին քաղաքային կարևորագույն օբյեկտները, այդ թվում՝ փրկիչ ծառայության շենքը։ Արդյունքում փրկարարներից մեկը մահացել էր, ևս 10-ը՝ վիրավորվել։
Սեպտեմբերի 27-ին Մարտունի քաղաքի ուղղությամբ 4 րոպեում 12 հրթիռ է արձակվել, ինչի հետևանքով 8-ամյա երեխա է մահացել։
Մարտակերտի բնակիչ Դավիթ Խաչատրյանը պատմում է, որ իր ծնողներն ու հորաքույրը մահացել են սեպտեմբերի 30-ին քաղաքի ուղղությամբ արձակված «Գրադ» տեսակի արկի պայթյունի հետևանքով։
«Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ անաչառ հետաքննություն իրականացնեն՝ խիտ բնակեցված վայրերի ուղղությամբ ծանր բեկորային զինատեսակների ոչ թիրախային կիրառման գործով։ Հատկապես հիմա, երբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները զբաղվում են անվտանգության ապահովման մեխանիզմների մշակմամբ, խիստ կարևոր է, որ պատասխանատվության ենթարկվեն այդ խախտումներում մեղավոր անձինք», – ընդգծում է Մարիա Սթրազերսը։