Մարտի 9֊ին ամբողջ օրվա ընթացքում, ինչպես նաև գիշերը, Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարը, հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը։
Ըստ հաղորդագրության, երեկ ցերեկը ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակել է 2 ական, իսկ գիշերը կրակել է Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա՝ արձակելով 23 ական։
Այսօր առավոտյան Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչ, 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանը տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ մեջքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել Ադրբեջանի կողմից արձակած ականանետի կրակոցից, հայտնում է տեղի ոստիկանությունը։ Ականը պայթել է տան բակում: Բաղդասարյանը տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ադրբեջանի ՊՆ-ն, իր հերթին, հայտնում է, որ հայկական ուժերը գիշերվանից մինչև առավոտ գնդակոծել են Աղդամի շրջանի մի շարք բնակավայրերի ադրբեջանկան դիրքերը։
Արցախում իրադրության որոշակի լարում կա, կառավարության այսօրվա հերթական նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ և փորձենք կնետրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ», – ասել է նա։
Վերջին օրերին Ղարաբաղ-Ադրբեջան սահմանին լարվածությունը սրվել է։ Մարտի 5-ից ի վեր Ղարաբաղի տարբեր ուղղություններով փոխհրաձգություններ են երկու կողմերի միջև։ Մարտի 7-ին հրազենային վիրավորում էր ստացել երկու հայ զինծառայող․ պայմանագրային, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր, վիրավորված մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
Ղարաբաղի Լիսագոր գյուղում վնասվել է սահմանին տեղակայված գազատարը։ Ադրբեջանական կողմը չի թողնում, որ սկսվեն վթարի վերացման աշխատանքները։ Արցախի բոլոր բնակավայրերը մարտի 8-ից ի վեր ամբողջությամբ զրկված են գազամատակարարումից։