Home / Բանակ / 20 ու 19 տարվա ազատազրկում երկու հայ գերիների համար

20 ու 19 տարվա ազատազրկում երկու հայ գերիների համար

Բաքվում տեղի է ունեցել հայ գերիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի քրեական գործով դատական ​​նիստը։

Սարգսյանի համար դատախազը պահանջել է 20, Ռաֆայելյանի համար՝ 19 տարվա ազատազրկում։

Սարգսյանն ու Ռաֆայելյանը մեղադրվում են 2021 թվականի մայիսին Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու և Քելբաջարի շրջանի տարածքով անցնող ԱՀ ՊՆ ստորաբաժանումների մատակարարման ճանապարհները ականապատելու համար։

Ավելի վաղ, Սարգսյանը նաև ցուցմունք էր տվել, որ իրենք հրահանգներ են ստացել տարածքի հետախուզություն իրականացնելու, ճանապարհներ փակելու, ականապատելու և փշալարեր անցկացնելու, ինչպես նաև պայթեցնելու Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը։

Գործով դատաքննությունը կշարունակվի մարտի 7-ին։

2021 թվականի մայիսի 27-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ նույն օրը վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ զինված ուժերի վեց զինծառայող։ Հայկական կողմի պնդմամբ՝ հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում և չեն հատել սահմանը։ Ավելի ուշ, ՊՆ-ն հրապարակել էր նրանց անունները, որոնցից չորսը հունիսի 12-ին վերադարձվել են հայկական կողմին, իսկ երկուսի՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։