Մոտ մեկ ժամ է, ինչ չեն աշխատում, Կրեմլի, Ռուսաստանի ՊՆ-ի, ՆԳՆ-ի, Անվտանգության Դաշնային Ծառայության (ФСБ) և Արդարադատության նախարարության կայքերը։ Դրանք, ըստ ամենայնի, ենթարկվել են հաքերային հարձակման։
Ավելի վաղ հաքերային հարձակման էին ենթարկվել նաև ռուսական մի շարք (հիմնականում՝ պրոպագանդիստական) լրատվական կայքեր, այդ թվում՝ ТАСС-ն ու Известия-ն։ Այս կայքերը բացելիս երևում էր հետևյալ հաղորդագրությունը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաքերային ակտիվիզմով զբաղվող Anonymous խումբը կիբերպատերազմ էր հայտարարել Ռուսաստանին՝ Ուկրաինա ներխուժելու կապակցությամբ։
Anonymous-ի հաքերները որոշ ժամանակով խափանել էին պրոպագանդիստական Russia Today-ի, ՌԴ ՊՆ-ի կայքերն, ինչպես նաև գաղտնազերծել ՊՆ-ի մի շարք տվյալներ, այդ թվում՝ էլեկտրոնային նամակներ։ Ընդհանուր գաղտնազերծված տվյալների ծավալը կազմել էր 200 ԳԲ։ Ըստ որոշ տվյալների՝ խափանվել էին նաև ռուսական հեռուստաալիքների եթերները, և ցուցադրվել Ուկրաինայի վրա հարձակման կադրեր։