Այս տարվա դեռ սկզբից Արևմուտքը քննարկում էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման դեպքում։ Ի՞նչ պատժամիջոցներ են արդեն կիրառվել պատերազմի առաջին օրվանից ի վեր ու ի՞նչ հետևանքներ են թողել դրանք։
Երեքշաբթի Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ պետությունները, ինչին հետևեցին Եվրամիության, Միացյալ նահանգների ու Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների փաթեթները, որոնց համաձայն․
—Գերմանիայի կանցլերը կասեցրեց «Հյուսիսային հոսք-2» գազատարի սերտիֆիկացումը
—ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանեց Պետդումայի 351 պատգամավորների, ինչպես նաև 27 իրավաբանական և ֆիզիկական անձանց, այդ թվում՝ Դոնբասում Ռուսաստանի գործունեությունը ֆինանսավորող բանկերի նկատմամբ
—ԱՄՆ-ն քաղաքացիներին արգելվեց ցանկացած ներդրում կատարել ինքնահռչակ հանրապետությունների տնտեսության մեջ, ուղղակի կամ անուղղակիորեն ներմուծել կամ արտահանել Միացյալ Նահանգներից ցանկացած ապրանք և տեխնոլոգիա ինքնահռչակ հանրապետություններ։
—ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց ВЭБ-ի (պետական ներդրումային բանկ), Промсвязьбанк-ի (բանակը սպասարկող բանկերից), նրանց 42 դուստր ձեռնարկությունների և Ռուսաստանի պետական պարտքի նկատմամբ։ Պետական պարտքի սահմանափակումները վերաբերում են մարտի 1-ից հետո թողարկված դաշնային վարկային պարտատոմսերով երկրորդային շուկայում գործարքների արգելքին։ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ կիրառեց նաև ռուս պաշտոնյաների երեխաների հանդեպ։
Չորեքշաբթի նույն պատճառով պատժամիջոցներ սահմանեցին նաև Կանադան, Ճապոնիան ու Ավստրալիան։ Փաթեթների համաձայն․
—Կանադայի կառավարությունն արգելեց քաղաքացիներին և ընկերություններին որևէ ֆինանսական գործարք իրականացնել ԼԴԺՀ-ի հետ և մասնակցել Ռուսաստանի սուվերեն պարտքի գնմանը: Կանադան նաև պատժամիջոցներ կիրառեց երկու պետական բանկերի նկատմամբ՝ արգելելով նրանց հետ որևէ ֆինանսական գործարք:
—Ճապոնիայի վարչապետը հայտարարեց ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչներին վիզաների տրամադրման դադարեցման և նրանց կապիտալների սառեցման, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ արտահանման-ներմուծման հարաբերությունների արգելքի մասին։
—Ավստրալիայի վարչապետը հայտարարեց, որ մուտքի արգելք և նպատակաուղղված ֆինանսական պատժամիջոցներ են մտցվում Անվտանգության խորհրդի ութ անդամների դեմ, իսկ ներկայիս պատժամիջոցները «որոնք վերաբերում են Ղրիմին և Սևաստոպոլին» վերաբերելու են նաև ԼԴԺՀ-ին:
Հինգշաբթի Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա՝ հասնելով ընդհուպ մինչև Կիև՝ ռմբա- և հրթիռակոծելով երկրի մի շարք մեծ քաղաքներ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սա ձևակերպեց իբրև «ռազմական հատուկ օպերացիա»։ Նոր պատժամիջոցներով առաջինը հանդես եկավ Մեծ Բրիտանիան, իսկ հետո Միացյալ Նահանգները։ ԱՄՆ նախագահ Բայդենն այնուամենայնիվ հայտարարեց, որ Վաշինգտոնը չի ներգրավվելու պատերազմի մեջ։
—Մեծ Բրիտանիան սառեցրեց ВТБ բանկի բոլոր ակտիվները: Аэрофлот-ին արգելվեց թռիչքներ իրականացնել դեպի Մեծ Բրիտանիա։
—Պատժամիջոցները ներառեցին նաև ռուսական խոշոր ընկերություններին բրիտանական շուկայում ֆինանսական միջոցներ ներգրավելու արգելքը և նավթի վերամշակման համար բարձր տեխնոլոգիաների և սարքավորումների Ռուսաստան արտահանման սահմանափակումը։ Անհատական պատժամիջոցներ սահմանվեցին ևս 100 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։
—Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ պատժամիջոցներ կիրառվելու են նաև Բելառուսի նկատմամբ։
—ԱՄՆ-ն սահմանափակեց Ռուսաստանին դոլարով, ֆունտով, եվրոյով ու իենով գործարքներ իրականացնելու հնարավորությունը։ Արգելափակվեցին ВТБ բանկի բոլոր գործողություններն ու ակտիվները դոլարով։
—Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները 50%-ով սահմանափակեցին բարձր տեխնոլոգիական արտադրանքի ներմուծումը Ռուսաստանից։
— Սահմանափակումներ կիրառվեցին նաև հետևյալ բանկերի նկատմամբ՝ Сбер, Открытие, Совком, Новиком, Газпром։
—Swift միջազգային ֆինանսական համակարգից Ռուսաստանի անջատումը կարող է տեղի ունենալ ապագայում, հայտարարեց Բայդենը։
Պատժամիջոցների հետևանքները
Փետրվարի 24-ին ռուսական շուկան ապրեց պատմության մեջ ամենադաժան ճգնաժամերից մեկը։ Ռուբլին սկսեց կտրուկ անկում ապրել, Մոսկվայի բորսան չեղյալ հայտարարեց առևտուրը, իսկ ռուսական խոշորագույն ընկերությունների կապիտալիզացիան ընկավ 6,6 տրիլիոն ռուբլով: Բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը կոչ է արել ձեռնարկատերերին ըմբռնումով վերաբերվել տեղի ունեցողին։
Ռուսաստանի երկրորդ խոշորագույն բանկի՝ ВТБ-ի բաժնետոմսերը կորցրել են իրենց արժեքը 42%-ով, Аэрофлот-ինը՝ 30%-ով։
Մոսկվայի բորսայի ինդեքսը նվազել է 33,2%-ով, նրա դոլարային անալոգ РТС-ը կորցրել է 39,4% (կամ 76 մլրդ դոլար կապիտալիզացիա): Վերջին անգամ շուկաները նման անկման են բախվել 2008 թվականի հոկտեմբերի 6-ին՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի գագաթնակետին, սակայն նույնիսկ այն ժամանակ Մոսկվայի բորսայի ինդեքսները անկում են ապրել 18,6%-ով, իսկ РТС-ը՝ 19,1%-ով։
Bloomberg-ը գրում է․ «Ռուս միլիարդատերերի կարողությունը մեկ օրում նվազել է 39 միլիարդ դոլարով, բայց կարիք չկա կարեկցելու այս մարդկանց»։
Ըստ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի տվյալների՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքն այս պահի դրությամբ կազմում է 86,93 ռուբլի, իսկ եվրոյինը՝ 97.77 ռուբլի։ Համեմատության համար նշենք, որ անցյալ շաբաթ ռուբլին արժեր 75 դոլար և 85,3 եվրո։
Ռուբլու անկումը և պատժամիջոցները հանգեցնելու են գնաճի բարձրացման։ «Հնարավոր է, որ այս տարի գնաճը լինի 10-15%-ի սահմաններում»,- ասել է HSE Տնտեսական փորձագիտական կենտրոնի տնօրեն Մարսել Սալիխովը։ Սա մոտ մեկուկես անգամ գերազանցում է նախորդ տարվա 8,4% արդյունքը։
Առաջին հերթին թանկանալու են ներկրվող սարքավորումները, դեղերը, հագուստը և այլ ապրանքներ։ Որոշ խանութներում էլեկտրոնիկայի գներն արդեն աճել են 30%-ով, գրում է Новая Газета-ն։
Լրացում 20։22 – Եվրոպայի խորհուրդը դադարեցրել է Ռուսաստանի անդամակցությունը կառույցին։