Home / Բանակ / Արևմուտքն ու Կիևը չեն հավատում, Դոնբասում կրակում են

Արևմուտքն ու Կիևը չեն հավատում, Դոնբասում կրակում են

Ուկրաինայի արևելյան սահմաններում ռուսական զորքերի լայնամասշտաբ տեղակայման, այդ տեղակայման պատճառով մի շարք խոշոր և ազդեցիկ երկրների կողմից ռուս-ուկրաինական մոտալուտ պատերազմի կանխատեսումների, օտարերկրյա դեսպանատների՝ Կիևից Լվով տեղափոխման և այնտեղ աշխատող դիվանագետների ընտանիքների տարհանման ֆոնին՝ Ռուսաստանը պնդում է, թե հանել է զորքերի մի մասն ուկրաինական սահմանններից։ Կիևն ու ՆԱՏՕ-ն հակադարձում են՝ զորքերի հետքաշում ոչ միայն չկա, այլև նկատվում է ռազմական ներկայության մեծացում։ Դոնբասում ռուս-ուկրաինական ուժերի միջև այսօր արդեն բախումներ են սկսվել։ Կան տուժածներ քաղաքացիական բնակչության շրջանում։  

Մոսկվան պնդում է, որ հետ է քաշում զորքերը․ Արևմուտքն ու Կիևը չեն հավատում, Դոնբասում կրակում են

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՄԱԿ-ի ԱԽ նիստին հայտարարել է, որ Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերը հասնում են 150 000-ի։ Պաշտոնյան պնդել է, որ ռուսական ներխուժումը կարող է տեղի ունենալ «առաջիկա օրերին» և հավելել, որ Մոսկվայի նպատակներից է նաև Կիևը։

Ավելի վաղ, հիշեցնենք, արևմտյան տարբեր հատուկ ծառայություններ հայտարարում էին, որ ներխուժման հավանական ամսաթիվը փետրվարի 16-ն էր, սակայն դա տեղի չունեցավ։ Ավելին, Մոսկվան հայտարարեց, որ զորքերի մի մասը «զորավարժություններից հետո» հետ է քաշում ուկրաինական սահմաններից։ Սակայն թե ՆԱՏՕ-ի, թե ԱՄՆ-ի և թե Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են ճիշտ հակառակը։

Իսկ Բրիտանիայի ռազմական գերատեսչությունը թվիթերում հրապարակել է ռուսական հնարավոր ներխուժման պլանը։

Կիևում ԱՄՆ դեսպանատունն էլ հայտարարել է, որ «Դոնբասում ագրեսորը հստակ է՝ Ռուսաստանը»։

Այս ամենի համատեքստում՝ Ռուսաստանն արտաքսել է Մոսկվայում ԱՄՆ փոխդեսպանին։ Մոսկվայում ԱՄՆ դեսպանության մամուլի խոսնակ Ջեյսոն Ռեբհոլցը սա անվանել է իրավաճակն էսկալացնելու փորձ։

Ռուսաստանի ԱԳՆ-ն, բացի այդ, հայտարարություն է տարածել, որում ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին մեղադրել է ՌԴ անվտանգային շահերն անտեսելու և ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումն ու Վրաստանի և Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցության բացառման երաշխիքներ չտրամադրելու մեջ։

Այսօր ավելի վաղ ուկրաինացի զինվորականները հայտնել էին, որ պրոռուսական զորքերը գնդակոծել են Լուգանսկ մարզի Ստանիցա Լուգանսկայայի շրջանի մանկապարտեզներից մեկը։

«Նախնական տվյալներով՝ տուժել է երկու խաղաղ բնակիչ։ Վնասվել են նաև կոմունալ ենթակառուցվածքները. բնակավայրի կեսը մնացել է առանց էլեկտրականության։ Միացյալ ուժերի օպերացիան անհապաղ տարհանել է խաղաղ բնակիչներին ապաստարան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մանկապարտեզի գնդակոծումը սադրանք է անվանել։ Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել արևմտյան երկրներին աջակցության համար, ինչը հիմնականում կայանում էր զենք-զինամթերքի մատակարարմամբ, բայց նաև նշել է, որ Կիևը կարիք չունի իր տարածքում այլ երկրների զինվորներ ունենալու, քանի որ դա կարող է սադրել Մոսկվային։

 

Միևնույն ժամանակ, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ոստիկանությունը տեղեկացրել է, որ փետրվարի 17-ին ուկրաինական զինուժը խախտել է հրադադարը 18 անգամ:
«Շփման գծում իրավիճակը կտրուկ սրվել է։ Հակառակորդը փորձում է ակտիվ ռազմական գործողություններ ծավալել։», – Риа Новости-ի հետ զրույցում ասել է անջատողականների ներկայացուցիչը:

Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության ներկայացուցիչ Յաշար Հալիտ Չեվիկը հաղորդել է, որ երեկ երեկոյից մինչ այժմ Դոնբասի շփման գծում գրանցվել է 500 պայթյուն, բայց այժմ լարվածությունը թուլանում է։

Ինչ է եղել վերջին օրերին․ երեք ղեկավարների ելույթներն ու Պետդումայի «խնդրանքը»

Փետրվարի 15-ին միջազգային հանրությունը սպասում էր միանգամից երեք պետությունների ղեկավարների խոսքերին։ Նախ ելույթ ունեցան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետ։ Այնուհետև ուղերձ հղեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Մոսկվան պնդում է, թե իր զորքերի մի մասը «զորավարժությունների ավարտից հետո» հետ է քաշել: ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ Ռուսաստանն ավելացնում է ռազմական ներկայությունը Ուկրաինայի սահմանին։ Մինչ այդ ՌԴ պետդուման Պուտինին խնդրում է պաշտոնապես ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները։

Ռուսաստանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը բանակցությունների համար հանդիպել են երեկ՝ Մոսկվայում։ Հանդիպումը տևել էր մոտ 4 ժամ, դրան հաջորդած մամուլի ասուլիսը՝ մոտ 50 րոպե։

Վլադիմիր Պուտինը նշեց, որ Մոսկվան ևս պատերազմ չի ուզում և հենց այդ պատճառով է ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին ուղարկել է Եվրոպայում անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկները։

«Ցավոք (և մենք այս մասին արդեն խոսել ենք) մեր կողմից արված առաջարկներին առարկայական կառուցողական պատասխան մենք չստացանք։ Այնուամենայնիվ, մենք ելնում ենք նրանից, որ նույնիսկ ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնի մեր գործընկերների կողմից ուղարկված փաստաթղթերում կան որոշ տարրեր, որոնք կարելի է քննարկել։ Բայց մենք պատրաստ ենք դա անել այն հիմնարար հարցերի համակցությամբ, որոնք մեզ համար ունեն առաջնային նշանակություն», – ասել է Պուտինը։

Հաջորդիվ Կրեմլի ղեկավարը խոսել է ՆԱՏՕ-ի հնարավոր ընդլայնման մասին։ Պուտինը պնդել է, որ թեև իրենց 30 տարի է ասում են, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի, այժմ Մոսկվան դաշինքի ենթակառուցվածքները տեսնում է հենց իր «տան մոտ»։

«Ավելին, քննարկվում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մուտք գործելու հարցը։ Ասում են, որ դա վաղը չի լինի։ Իսկ ե՞րբ։ Վաղը չէ մյուս օ՞րը։ Իսկ ի՞նչ է դա մեզ համար փոխում պատմական հեռանկարում։ Մեծ հաշվով՝ ոչինչ։ Լսում ենք, որ Ուկրաինան այսօր պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամակցել” Մենք գիտենք այդ թեզը։ Եվ նույն պահին ասում են, որ վաղը նրան չեն ընդունի։ Իսկ կընդունեն այն ժամանակ, երբ նրան պատրաստե՞ն։ Բայց մեզ համար դա կարող է արդեն ուշ լինել։ Այդ պատճառով մենք ուզում ենք լուծել այս հարցը հիմա։ Այ հենց հիմա, մոտ ժամանակներում, բանակցային գործընթացի ժամանակ։ Խաղաղ միջոցներով» , – շարունակել է նախագահը։

Պուտինն ասուլիսի ընթացքում չէր մոռացել նաև հիշեցնել, որ ՆԱՏՕ-ն մի անգամ արդեն պատերազմ մղել է Եվրոպայում՝ Բելգրադի դեմ և ռմբակոծել Սերբիայի մայրաքաղաքը։ Շոլցը սրան արձագանքել է՝ հայտարարելով, որ դա արվել է էթնիկ ալբանացիների ցեղասպանությունը կանխելու նպատակով։ Պուտինն էլ պնդել է նաև, որ այն, ինչ հիմա կատարվում է Դոնբասում, ցեղասպանություն է։

Ասուլիսին հաջորդած ճեպազրույցի ընթացքում գերմանացի պաշտոնյան ասել է, որ Պուտինի կողմից Դոնբասի կոնտեքստում «ցեղասպանություն» բառի կիրառումը սխալ էր։ Շոլցը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումն ու կառույցին Ուկրաինայի անդամակցությունը օրակարգում չեն։

Երկու ղեկավարների ժամեր առաջ Ռուսաստանի պետդուման դիմել է նախագահին՝ խնդրելով ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ Հանրապետություններին։

Մոսկվայի կողմից ղեկավարվող անջատողական երկու միավորների հավանական ճանաչումն անհանգստություն է պատճառել թե ԱՄՆ-ին, թե ՆԱՏՕ-ի մյուս երկրներին։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հենց Պուտինի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Դոնեցկն ու Լուգանսկը ճանաչելը կհանգեցնի քաղաքական աղետի։ Արդեն այսօր համանման հայտարարություն է տարածել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գրասենյակը։ Ըստ Բլինքենի հայտարարության՝ Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչումը կնշանակի, որ ռուսական կառավարությունը մերժում է մինսկյան պայմանավորվածություններով ստանձնած իր իսկ պարտավորությունները։

Ինքը՝ Բլինքենը երեկ ամերիկյան լրատվականներից մեկի հետ զրույցում պատասխանել է հարցին՝ արդյո՞ք այսօր պատերազմի վտանգն ավելի փոքր է, քան երեկ։

«Դժվար է այն ամենօրյա ռեժիմով ասել՝ այն ավելի բարձր է, թե ավելի ցածր։ Այն կա։ Այն կա և իրական է։ Հետքաշում մենք չենք տեսել։ Կուզեինք այն տեսնել։ Եթե տեսնենք, կողջունենք։ Մենք պատրաստ ենք դիվանագիտության, մենք պատրաստ ենք ագրեսիայի․․․», – նշել էր ԱՄՆ պետքարտուղարը։

ՌԴ և ԳԴՀ ղեկավարների հանդիպումից հետո ուղերձ է հղել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Խոսելով մոտավորապես նույն հռետորաբանությամբ, ինչ Բլինքենը, Բայդենը նշել է, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման պարագայում ՆԱՏՕ-ն կկիրառի այնպիսի տնտեսական պատժամիջոցներ ու սահմանափակումներ, որոնք չեն կիրառվել 2014-ին՝ Ղրիմի բռնազավթման ժամանակ։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ եթե Մոսկվան նորից ներխուժի Ուկրաինայի տարածք, «Հյուսիսային Հոսք 2» գազամուղը, որով Ռուսաստանը ծրագրում է բնական գազ մատակարարել Գերմանիային, չի գործարկվի։

«Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն սպառնալիք չեն Ռուսաստանի համար։ Մենք չեն թիրախավորում Ռուսաստանի ժողովրդին, չենք փորձում ապակայունացնել Ռուսաստանը։ Ռուսաստանի քաղաքացիներին․ Դուք մեր թշնամին չեք։ Եվ ես չեմ կարծում, որ դուք ուզում եք արյունալի կործանարար պատերազմ մղել ընդդեմ Ուկրաինայի՝ մի երկրի ու ժողովրդի, որի հետ ունեք այդքան խորը ընտանեկան, պատմական ու մշակութային կապեր։ 77 տարի առաջ մեր ժողովուրդները կողք կողքի պայքարեցին ու զոհաբերություններ արեցին, որ վերջ դնեն պատմության ամենավատ պատերազմին։ Երկրորդ համաշխարհային պատերազմն անհրաժեշտություն էր։ Բայց եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, դա կլինի ընտրություն, պատերազմ՝ առանց պատճառի», – նշել է Բայդենը։

Ռուս-ուկրաինական սահմանին լարվածությունը վերսկսվել էր նոյեմբերին, երբ արևմտյան մամուլը, ապա՝ նաև Կիևը սկսեցին ահազանգել սահմանին տեղի ունեցող արտառոց շարժերի մասին։ Ռուսաստանը ոչ միայն հերքեց այս հաղորդումները, այլև մեղադրեց Ուկրաինային սահմանին զորք կուտակելու մեջ և ՆԱՏՕ-ից երեշխիքներ պահանջեց, որ Ուկրաինան կամ որևէ այլ նախկին ԽՍՀՄ երկիր ալյանսին չի միանա, ինչպես նաև որ ՆԱՏՕ-ն իր զորքերը կվերադարձնի 1997 թվականի պայմանավորվածություններով ամրագրված սահմաններ։ Վերջին օրերին ամերիկյան հատուկ ծառայությունները, ապա՝ նաև մամուլը սկսեցին գրել ռուսական հնարավոր ներխուժման և Ուկրաինայի բռնազավթման մասին։ Մոսկվան կրկին հերքեց սա և պնդեց, թե զորքերը հետ է քաշում, սակայն թե Կիևը, թե Վաշինգտոնը պնդում են, որ ռուս-ուկրաինական սահմաններին զորքերի կուտակումը միայն աճում է։ 

Այս թեմայով՝  Ռուսաստանը կարող է պատերազմ սկսել, քանի որ Կալիֆորնիան և Տեխասը Մեքսիկայինն են