ԱՄՆ սենատը հրապարակել է պատժամիջոցների մասին օրինագիծ՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման դեպքում Ռուսաստանի դեմ կիրառելու համար։ Դրանք ազդելու են անձամբ Պուտինի և Ռուսաստանի ողջ կառավարության վրա։
Փաստաթուղթը ներկայացրել են 26 սենատորներ՝ միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսի գլխավորությամբ։ The Washington Post-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տունն աջակցում է առաջարկվող պատժամիջոցների փաթեթը։
Առաջարկվող պատժամիջոցներից է Ռուսաստանի նախագահի, վարչապետի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, ինչպես նաև տարբեր տեսակի զորքերի հրամանատարների ԱՄՆ մուտք գործելու արգելքը և ամերիկյան ակտիվների սառեցումը։
Ռուսական զորքերի ներխուժումից հետո 30 օրվա ընթացքում ԱՄՆ նախագահից կպահանջվի պատժամիջոցներ կիրառել ռուսական խոշորագույն բանկերից առնվազն երեքի դեմ։ Առաջարկվում է նաև պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի արտաքին պարտքի և «Հյուսիսային հոսք 2» գազատարի դեմ։
Բացի այդ, վեց ամսվա ընթացքում ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը և Պետդեպարտամենտը պետք է մանրամասն հաշվետվություն հրապարակեն Վլադիմիր Պուտինի, նրա հարազատների և մերձավոր գործարարների ունեցվածքի մասին։ Նրանք նույնպես կարող են ենթարկվել պատժամիջոցների։
Ըստ օրինագծի, ԱՄՆ-ը ստիպված կլինի մեծացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։
Այժմ Եվրոպայում բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և Արևմուտքի միջև անվտանգության երաշխիքների շուրջ։ Հունվարի 10-ին այս թեման քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները, հունվարի 12-ին Բրյուսելում կայացել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը։ Հունվարի 13-ին Վիեննայում նախատեսված են բանակցություններ Ռուսաստանի և ԵԱՀԿ ներկայացուցիչների միջև։ Առայժմ որևէ պայմանավորվածություն չի հաղորդվում։
Արևմտյան լրատվամիջոցները արդեն մի քանի ամիս է՝ հայտնում են, որ Ռուսաստանը զորքեր է կենտրոնացնում Ուկրաինայի մոտ և հնարավոր է, որ նախապատրաստվում է ներխուժման։ Մոսկվան հերքում է այդ լուրերը։