Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա․ օրվա ընթացքում ռուսական զորքերը շարունակում էին առաջխաղացումը՝ ճանապարհին սպանելով մարդկանց և ոչնչացնելով ենթակառուցվածքները․․․
Հետսովետական երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում մարդիկ դուրս են գալիս փողոց՝ ընդդեմ պատերազմի պիկետները։ Օրվա ընթացքում պիկետներ էին նաև Ռուսաստանում․ երեկոյան դրանք վերաճեցին բողոքի հանրահավաքների, որոնց մասնակիցներն այժմ զանգվածաբար բերման են ենթարկվում․․․
Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց ի աջակցություն Ուկրաինայի բողոքի ակցիա էր կազմակերպել Հայաստանի Եվրոպական կուսակցությունը։ Ակցիային միացել էին նաև Հայաստանում բնակվող ուկրաինացիները։
«Ես անդադար բարեկամներիս հետ եմ խոսում, շատ ծանր հոգեբանական վիճակում են, բանկոմատներում, խանութներում հերթեր են, մարդիկ այնտեղ խուճապի մեջ են, քաոս է սկսվել», – նշում էր ուկրաինացի ցուցարարը:
«Մենք հիմա եկել ենք այստեղ` ցույց տալու համար և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ ողջ աշխարհին, որ մենք համերաշխ ենք, որ մենք հասկանում ու գիտակցում ենք, որ մեր պայքարն ընդհանուր է, ազատությունը չի բաժանվում: Պուտինն ասում է, որ անբաժան է անվտանգությունը: Իրականում անբաժան է ազատությունը, անբաժան են մարդկային արժեքները, մենք պարզ այս ուղերձով ենք եկել», – մեկնաբանում էր Եվրոպական կուսակցության նախագահ Կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։
Նախօրեին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Երևանի օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման հարց չկա․ ռուսական հարձակմանը նախորդել էր Ուկրաինայի արևելյան երկու շրջանի անկախության ճանաչումը։
Ռուսաստան
Ոստիկանները զանգվածաբար բերման են ենթարկում Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Պերմում, Ուֆայում երեկոյան հանրահավաքների դուրս եկած մարդկանց։
թարմացում․ – Մոսկվայի ժամանակով 22։55-ի դրությամբ, ОВД-Инфо-ի տվյալներով, Ռուսաստանի տարբեր քաղաքներում ձերբակալվել է ավելի քան 1234 ցուցարար։ Թվերը դեռ ճշտվում են։
Վաղ առավոտվանից հակապատերազմական փոքրաթիվ պիկետներ էին իրականացվում Ռուսաստանի տարբեր շրջաններում ու քաղաքներում․ կան բերման ենթարկվածներ։ Հեռավորարևելյան շրջանի և Սիբիրի տարբեր քաղաքներում մարդիկ դուրս էին եկել «Կանգնեցրե՛ք պատերազմը», «Դոնբասը Ուկրաինայինն է», «Ո՛չ Պուտինին, ո՛չ պատերազմին» պաստառներով։ Նրանց մեծ մասը, ըստ Сибирь.Реалии-ի, բերման է ենթարկվել։
Ավելի վաղ Մոսկվայում բերման ենթարկվեց նաև իրավապաշտպան Մարինա Լիտվինովիչը՝ բողոքի ակցիաների դուրս գալու կոչեր անելու համար։
«Ես գիտեմ, որ հիմա ձեզանից շատերը հուսահատության, անզորության, ամոթի զգացում են ապրում Վլադիմիր Պուտինի՝ բարեկամ Ուկրաինայի ժողովրդի վրա հարձակման համար, բայց ես ձեզ կոչ եմ անում չհուսահատվել և այսօր ժամը 19-ին դուրս գալ ձեր քաղաքների կենտրոնական հրապարակներ, որպեսզի պարզ ու հստակ ասեք, որ մենք՝ Ռուսաստանի ժողովուրդը, դեմ ենք Պուտինի սանձազերծած պատերազմին, մենք չենք աջակցում այս պատերազմին, այն չի տարվում մեր անունից, մենք դեմ ենք այս պատերազմին։ Ոչնչից մի վախեցեք, դուրս եկեք հրապարակներ և հստակ ասեք»,- ասել էր Լիտվինովիչը տեսաուղերձում։
Роскомнадзор-ն, ի դեպ, այսօր իր կայքում հայտարարություն էր հրապարակել, ըստ որի՝ ԶԼՄ-ները «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ կապված հատուկ գործողության անցկացման մասին իրենց նյութերն ու հրապարակումները պատրաստելիս պարտավոր են օգտվել տեղեկատվության միայն պաշտոնական ռուսաստանյան աղբյուրներից»։ Հակառակ դեպքում սպառնում են անմիջապես արգելափակել «կեղծ տեղեկություններ» տարածող կայքերը։
Թբիլիսիում բազմահազարանոց քայլերթ էր՝ ի աջակցություն Ուկրաինայի։ Ակցիայի մասնակիցներից մեկն ասում է, որ վրացիները լավ են հիշում ռուսական ագրեսիայի հետևանքները։
Ավելի վաղ, Ուկրաինայի դեսպանատան մոտ տեղի ունեցած համերաշխության ցույցի ժամանակ ՌԴ քաղաքացին այրել էր իր անձնագիրը։
Ալմաթիում առավոտյան «Oyan, Qazaqstan» (թարգմ․՝ Արթնացի՛ր, Ղազախստան) շարժման տասնյակ ցուցարարներ «հակապատերազմական ակցիա» էին իրականացնում Ռուսաստանի դեսպանատան դիմաց։ «Ձեռքերդ հեռու Ուկրաինայից», «Փա՛ռք Ուկրաինային», «Փա՛ռք հերոսներին», «Ուկրաինան անկախ է», «Ո՛չ պատերազմին» վանկարկումներով ցուցարարները դուրս էին եկել ցույց տալու, որ Ղազախստանում նույնպես կան մարդիկ, ովքեր աջակցում են Ուկրաինային և դեմ են պատերազմին։
«Մենք դեմ ենք պատերազմին, դեմ ենք, որ Ռուսաստանը պատերազմ սանձազերծեց, հարձակվեց ինքնիշխան պետության վրա։ Մենք դրան ոչ մի կերպ չենք աջակցում, համերաշխություն ենք հայտնում Ուկրաինային», – ասել է ակցիա մասնակիցներից մեկը։
«Այն, ինչ կատարվում է, վերաբերում է նաև մեզ։ Ով գիտի, թե ով է լինելու հաջորդը Ուկրաինայից հետո»,- ասել է մեկ այլ ցուցարար։
Շուտով ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի բոլոր մասնակիցներին։
Բիշքեկում նույնպես դուրս են եկել ի աջակցություն Ուկրաինայի։ Ռուսաստանի դեսպանատան դիմաց ցուցարարները հավաքվել էին «Ոչ պատերազմին», «Մենք Ուկրաինայում ենք», «Մեզ խաղաղություն է պետք» պաստառներով։
«Մենք խաղաղություն ենք ուզում։ Այս ագրեսիան կարող է ազդել մեր միգրանտների կյանքի վրա, այդ թվում նաև մեր տնտեսության վրա»,- ասել է ցուցարարներից մեկը։
Քաղաքացիական ակտիվիստ Ակիլայ Քարիմը Twitter-ում հայտնել է, որ վաղը Օշում նույնպես հանրահավաք է անցկացվելու ի պաշտպանություն Ուկրաինայի։
Հակապատերազմական ակցիաներ ու հանրահավաքներ իրականացվում են նաև աշխարհի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, Տոկիոյում, Բեռլինում և այլն։