Росфинмониторинг-ը ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին և իր թիմակիցներին ներառել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում․ ֆիզիկական անձանց և կազմակերպությունների ցանկ, որոնց հետ կապված «կան տեղեկություններ ահաբեկչության և ծայրահեղական գործունեության մեջ մասնակցության մասին»։
Օրենսդրությունը նախատեսում է ցուցակում հայտնված անձանց բանկային հաշիվների սառեցում։
2021 թվականի հունիսի 10-ին Մոսկովյան դատարանը «էքստրեմիստական» էր ճանաչել Նավալնու «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը» (ФБК)։ Կազմակեպության ակտիվները հարկադրաբար փոխանցվել էին պետությանը, իսկ Նավալնին ու իր մի շարք թիմակիցներ՝ զրկվել ընտրություններին առաջադրվելու իրավունքից։ Իսկ դեռևս 2021-ի ապրիլին փակվել էին Ալեքսեյ Նավալնու նախընտրական շտաբերը։
Նույն տարվա սեպտեմբերին Նավալնիի և նրա կողմնակիցների դեմ քրեական գործ էր հարուցվել «ծայրահեղական խմբավորում» ստեղծելու համար։ Այս գործով առաջին ձերբակալվածը Լիլիա Չանիշևան էր։
Քաղբանտարկյալի կողմնակիցների մեծ մասը լքել է Ռուսաստանը, այդ թվում Լյուբով Սոբոլը, Գեորգի Ալբուրովը և այլք։
Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է հունվարի 17-ին՝ Գերմանիայից վերադառնալուց անմիջապես հետո։ Բեռլին նա տեղափոխվել էր կոմայի մեջ՝ «Նովիչոկով» թունավորվելուց հետո։
Քրգործը, որով Ալեքսեյ Նավալնին և նրա եղբար Օլեգը մեղադրվում են գումարների շորթման մեջ, բացվել է դեռ 2012 թվականին։ Ռուսական դատարաններում եղբայրները մեղավոր էին ճանաչվել։ Ալեքսեյը ստացել է 3․5 տարվա պայմանական, իսկ Օլեգը՝ նույն ժամկետով իրական ազատազրկում։ 2017 թվականին ՄԻԵԴԸ-ը վճռել էր, որ գործի քննությունը վարվել է արդար դատաքննության իրավունքի խախտմամբ, իսկ ռուսական դատարանի վճիռն անհիմն է և կամայական։ Եվրոպայի բարձրագույն դատարանը Ռուսաստանին պարտադրել շուրջ 2 միլիոն ռուբլու փոխհատուցում վճարել Նավալնուն։
Ընդդիմադիր գործչի ձերբակալությունից հետո՝ փետրվարի 2-ին, սակայն, Սիմոնովյան շրջանի դատարանը ՄԻԵԴ-ի կողմից շինծու որակված գործով վճռել է Նավալնու պայմանական ազատազրկումը փոխել իրականի։
Բանտում գործիչը բախվել էր մի շարք առողջական խնդիրների։ Նավալնու բժիշկները հրապարակել էին նրա արյան անալիզների արդյունքները՝ պնդելով, որ նրա առողջական վիճակը մոտ է կրիտիկականին։