Բեսլանի ահաբեկչությունը վերապրածները հացադուլ են հայտարարել՝ ի համերաշխություն Ալեքսեյ Նավալնու։ Այս մասին երեկ Новая Газета-ին պատմել է «Բեսլանի ձայն» հանձնաժողովի համանախագահ Էլլա Կեսաևան։
«Հիմա, երբ Նավալնու առողջական վիճակը կրիտիկական է, մենք չենք կարող մի կողմ քաշվել։ Շատ ենք անհանգստանում նրա համար։ Իրավիճակը մենք այսպես ենք տեսնում․ մարդուն պատանդ են վերցրել ու վերջը տալիս են։ Մեր երեխաներն էլ էին պատանդ 2004 թվականին։ Նրանց այդ ժամանակ չփրկեցին։ Հարյուրավոր դատարաններով անցանք՝ համոզվելու համար, որ Ռուսաստանում չկան դատարաններ։ Մենք գոռում էինք, որ եթե Բեսլանից հետո իշխանությունն իր արածի համար պատասխանատվություն չկրի, անպատժելիությունը նոր հանցանքներ է ծնելու։
Ամեն ինչ Բեսլանից է սկսվել։ Ու շարունակվում է։ Բայց շատերն այն ժամանակ դա չէին տեսնում և չէին հասկանում։ Հիմա սկսել են հասկանալ, որ [երկրում] շատ վտանգավոր ռեժիմ է հաստատված ոչ միայն Ռուսաստանի քաղաքացիների, այլև ամբողջ մարդկության համար։ Շատ ափսոս, որ քաղաքացիական հասարակությունը մեզ չլսեց»,- նշել է շարժման համանախագահը։
Նրա կարծիքով՝ Նավալնուն հաջողվել է միլիոնավոր մարդկանց ցույց տալ, թե «պուտինյան իշխանությունն» ինչ է իրենց ներկայացնում։
2004 թվականի սեպտեմբերի 1-ին Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքում ահաբեկիչները գրավել էին թիվ 1 դպրոցը։ Առաջին զանգի արարողությանը ներկա 1200 մարդկանցից 1128-ը՝ երեխաներ, իրենց ծնողներն ու ուսուցիչները, պատանդի կարգավիճակում էին։ Այլ տվյալների համաձայն, պատանդների թիվը գերազանցում էր 1180-ը։ Իրական տվյալներն իշխանություններն այդպես էլ չեն հրապարակել։ Ամենասկզբում նշում էին, որ ահաբեկիչները պատանդ են վերցրել «ընդամենը 100» քաղաքացիների, հետո այդ թիվը հասավ 300-350-ի․ բոլորը գիտեին, որ իրական թվերն անհամեմատ ավելի մեծ են։ Սեպտեմբերի 3-ին տեղի ունեցավ ահաբեկչության սարսափելի հանգուցալուծումը։ Ահաբեկչության և չգիտես ինչու «գրոհ» անունը ստացած քաոտիկ ջարդի արդյունքում մահացավ 334 մարդ, որից 186-ը՝ երեխաներ։
Բեսլանի ահաբեկչության և դրան հաջորդած իրադարձությունների մանրամասները՝ այստեղ։
Կեսաևայից բացի՝ հացադուլ են հայտարարել շարժման ևս չորս անդամներ՝ Զեմֆիրա Ցիրիխովան, Բորիս Իլյինը, Զարինա Կեսաևան և Զամիրա Կոկոևան։ Վերջիններս ևս Բեսլանի տեռակտը վերապրածների թվում են։
Ապրիլի 10-ին՝ աջակցություն հայտնելով քաղբանտարկյալին, հացադուլ է հայտարարել նաև կենսաբան, Մոսկվայի պետական համալսարանի նախկին դասախոս Նիկոլայ Ֆորմոզովը։ Նա նաև ֆեյսբուքյան խումբ է բացել՝ «Հացադուլ՝ ի համերաշխություն Ալեքսեյ Նավալնու» անվանմամբ։ Գիտնականի հայտարարած հացադուլին վերջին տվյալներով ավելի քան 60 հոգի է միացել։
Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին արդեն 20 օր է, ինչ բուժօգնության և դեղորայքի պահանջով հացադուլ է անում։
Ավելի վաղ քաղբանտարկյալի բժիշկները հրապարակել էին նրա արյան անալիզների արդյունքները՝ պնդելով, որ նրա առողջական վիճակը մոտ է կրիտիկականին։ Բժիշկ Անաստասիա Վասիլևայի հավաստմամբ՝ ընդդիմադիր գործչի մոտ առկա է սրտի աշխատանքի հանկարծակի դադարի վտանգ։
Նավալնու մոտ 2 ճողվածք է հայտնաբերվել, շաբաթներ շարունակ նա տառապում է մեջքի ցավից, հիվանդության պատճառով որոշ ժամանակ առաջ անզգայացել են ոտքերը, այժմ՝ սկսել են թմրել նաև ձեռքերը։ Գործչին ոչ միայն պատշաճ բուժօգնություն չեն տրամադրում, այլև թույլ չեն տալիս տեսակցել իր բժշկին։
Նավալնին ձերբակալվել է հունվարի 17-ին՝ Գերմանիայից վերադառնալուց անմիջապես հետո։ Բեռլին նա տեղափոխվել էր կոմայի մեջ՝ «Նովիչոկով» թունավորվելուց հետո։
Քրգործը, որով Ալեքսեյ Նավալնին և նրա եղբար Օլեգը մեղադրվում են գումարների շորթման մեջ, բացվել է դեռ 2012 թվականին։ Ռուսական դատարաններում եղբայրները մեղավոր էին ճանաչվել։ Ալեքսեյը ստացել է 3․5 տարվա պայմանական, իսկ Օլեգը՝ նույն ժամկետով իրական ազատազրկում։ 2017 թվականին ՄԻԵԴԸ-ը վճռել էր, որ գործի քննությունը վարվել է արդար դատաքննության իրավունքի խախտմամբ, իսկ ռուսական դատարանի վճիռն անհիմն է և կամայական։ Եվրոպայի բարձրագույն դատարանը Ռուսաստանին պարտադրել շուրջ 2 միլիոն ռուբլու փոխհատուցում վճարել Նավալնուն։
Ընդդիմադիր գործչի ձերբակալությունից հետո՝ փետրվարի 2-ին, սակայն, Սիմոնավյան շրջանի դատարանը ՄԻԵԴ-ի կողմից շինծու որակված գործով վճռել է Նավալնու պայմանական ազատազրկումը փոխել իրականի։