2004 թվականի սեպտեմբերի 1-ին Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքում ահաբեկիչները գրավել էին թիվ 1 դպրոցը։ Առաջին զանգի արարողությանը ներկա 1200 մարդկանցից 1128-ը՝ երեխաներ, իրենց ծնողներն ու ուսուցիչները, պատանդի կարգավիճակում էին։
Այլ տվյալների համաձայն, պատանդների թիվը գերազանցում էր 1180-ը։ Իրական տվյալներն իշխանություններն այդպես էլ չեն հրապարակել։ Ամենասկզբում նշում էին, որ ահաբեկիչները պատանդ են վերցրել «ընդհամենը 100» քաղաքացիների, հետո այդ թիվը հասավ 300-350-ի․ բոլորը գիտեին, որ իրական թվերն անհամեմատ ավելի մեծ են։ Քաղաքի բնակիչներից գրեթե բոլորը դպրոցի տարածքում ծանոթ կամ ազգական ունեին։ Ահաբեկիչներն ավելի քան երկու օր իրենց տրամադրության տակ են պահել դպրոցն ու պատանդներին։ Սեպտեմբերի 3-ին սարսափելի հանգուցալուծումը եղավ։ Ահաբեկչության և չգիտես ինչու «գրոհ» անունը ստացած քաոտիկ ջարդի արդյունքում մահացավ 334 մարդ, որից 186-ը՝ երեխաներ։ Վիրավորների թիվը գերազանցում էր 800-ը։ 72 երեխա և 69 մեծահասակ ահաբեկչության արդյունքում հաշմանդամություն ձեռք բերեցին։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել նաև ուժային կառույցների 62 աշխատակիցներ։ Ընդհանուր առմամբ տուժած է համարվում 1343 մարդ։
2004 թվականի սեպտեմբերի 2։ Բեսլանում հերթապահություն են իրականացնում տարբեր տեսակների համազգեստներով ոստիկաններ, 58-րդ բանակի ջոկատներ։ Այդ ողջ ընթացքում Բեսլանում ծառայություն իրականացնող ոչ մի սպա չի երևացել․ բոլորը ժամկետային կամ պայմանագրային շարքային զինծառայողներ էին․ անփորձ էին ու մոլորված, չէին հասկանում ինչ է կատարվում, ինչ պետք է անեն։ Պարբերաբար դպրոցի մոտակայքով զրահափոխադրիչներ էին անցնում, մտնում էին շրջափակման գոտի, դուրս էին գալիս։ Ահաբեկչության երկրորդ օրն արդեն պարզ էր, որ ոչ մի կազմակերպված համակարգում չկա, ոչ ոք չգիտի՝ ինչ գործողություններ է պետք ձեռնարկել և ինչպես։
Մշակույթի տան դիմացի հրապարակը
Քաղաքը մեռած տեսք ուներ․ տպավորություն էր, որ բոլոր ողջ մնացածները մշակույթի տան հարակից հրապարակում են։ Մարդկանցով լցված հրապարակում քար լռություն էր։ Պարբերաբար լրատվական հաղորդումների ձայներ էին լսվում ամենուրեք միացված ռադիոներից․ դեպքի վայրից 100 մետր հեռավորության վրա գտնվելով, մարդիկ տեղեկատվություն ստանում էին բացառապես ռադիոյով ու հեռուստատեսությամբ։ Հրապարակում հավաքված գրեթե բոլոր քաղաքացիները դպրոցի տարածքում պատանդ մնացած հարազատ ունեին։ Անորոշության երկրորդ օրն էր արդեն, մարդիկ լուռ, համբերատար սպասում էին, որ իրենց հետ հանդիպման դուրս կգա հանրապետության նախագահը՝ Ալեքսանդր Ձասոխովը, կգա ու ամեն ինչ կասի, կբացատրի․․․ Այդպես էլ ոչ ոք չեկավ ու ոչինչ չբացատրեց…
Սեպտեմբերի 2-ին ուշ երեկոյան հրապարակում հավաքված մարդկանց մոտ իջավ Հյուսիսային Օսեթիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Ուրուզմագ Օգոևը։ Նա հավաքվածների համար կարդաց այն 11 կանանց և փոքր երեխաների անունները (ընդհանուր՝ 26 մարդ), ում ահաբեկիչներն ազատ են արձակել Ինգուշեթիայի նախագահ Ռուսլան Աուշևի հետ հանդիպումից հետո։
Հրապարակում հավաքվածները սկսեցին գոռալ․ «Ինչո՞ւ հանդիպման չի գալիս անձամբ Ձասոխովը։ Ինչո՞ւ են մեզ անընդհատ խաբում։ Ինչո՞ւ չեք ասում պատանդների իրական թիվը։ Եթե չեք ցանկանում փրկել մեր երեխաներին՝ մի կողմ քաշվեք։ Մենք ինքներս կփորձենք մի բան անել, փրկել մեր փոքրիկներին»։ Ամբոխի ճիչերը երբեմն ընդհատվում էին պայթյունի ձայներով․ ահաբեկիչները կրակ էին բացում դպրոցի հարակից տարածքների ուղղությամբ։ Կարելի էր նաև այլ ձայներ տարբերակել՝ հազվադեպ, կտրուկ, խուլ։ Հետագայում պարզ դարձավ, որ դա դպրոցի ներսում հնչող կրակոցների ձայներն էին․ ահաբեկիչները ևս մի քանի պատանդների սպանեցին։
Բեսլանի այս բնակչի կնոջ անունը ցուցակում չկար
Սեպտեմբերի 3-ին դպրոցի մոտակայքից երկու կամ երեք ուժգին պայթյուն հնչեց, որին ավտոմատի կրակահերթերը հաջորդեցին։ Պայթյունից հետո շուրջ 70 հոգու հաջողվել էր դուրս փախչել դպրոցից։ Բոլորը սաստիկ ծարավ էին, պատմում էին, որ արդեն երեք օր ջուր չեն ունեցել, մեզ են խմել։ Նիկոլայ Կոկաև անուն ազգանունով քաղաքացու տան և դպրոցի միջև ընկած ճանապարհը, որով անցել են 70 փրկվածները, հետագայում «կյանքի ճանապարհ» անվանումն է ստացել։
Փախած երեխաները ծանր ֆիզիկական և հոգեբանական վիճակում էին
Չնայած 2004-ի սեպտեմբերի 2-ին Հյուսիսային Օսեթիայի Անվտանգության դաշնային ծառայության վարչության ղեկավար Վալերի Անդրեևը հայտարարել էր, որ երկար բանակցություններից հետո ահաբեկիչները համաձայնել եմ ջուր և սնունդ վերցնել՝ պատանդներին կերակրելու համար, ահաբեկչությունից փրկված երեխաների մեծ մասը հյուծված վիճակում էին։
«Երբ երեխաները փախչում էին իմ բակով, նկատեցին անձրևաջրի մեծ տարան։ Բոլորով վազեցին դեպի տարան, գլուխներն իջացրեցին ու սկսեցին ագահորեն խմել։ Նրանց գնալուց հետո ջուրն ամբողջությամբ կարմիր էր արյունից»,- հիշում է Նիկոլայ Կոկաևը։
Ցերեկը դպրոցի տարածքից հանեցին 85-ամյա Զաուրբեկ Գուտիևին, ով ամբողջ ուժով կրծքին էր սեղմել պիջակը։ Գուտիևը պատերազմի վետերան էր, դպրոցի նախկին ֆիզիկայի ուսուցիչը։ Սեպտեմբերի 1-ին որոշել էր դպրոց գալ ու հայտնվել էր պատանդի կարգավիճակում։ Պիջակի վրա ռազմական շքանշաններն էին․ թաքցնում էր, որ ահաբեկիչները չնկատեն։
Հատուկ նշանակության ջոկատի վիրավորված մարտիկների տարհանումը
Դպրոցի տարածքից դուրս բերեցին գրոհային խմբի փոխգնդապետ Դմիտրի Ռազումովսկուն․ նրա վիրավորումները, ցավոք, մահացու էին։
Այդ ամբողջ համատարած քաոսում հիվանդանոցը միակ տեղն էր, որտեղ կարգ ու կանոն կար։ Մուտքը հսկում էին ավտոմատներով զինված ոստիկանները։ Ներս մտնել, սակայն, ոչ ոք չէր էլ պատրաստվում։ Վիրավորների հարազատները շոկի մեջ էին, բայց փորձում էին զուսպ լինել ու սպասել հիվանդանոցի բակում։ Մաքուր օդ շնչելու կամ ծխելու համար դուրս եկած բժիշկները նշում էին, որ ներսում ավելի քան 200 տուժած կա․ «Վիրավորումները հիմնականում ականային են, բեկորային, կան նաև հրազենային վիրավորումներով և այրվածքներով հիվանդներ։ Գրեթե բոլորի մոտ շոկ է։ Մոտ 400 տուժածների տեղափոխել են Վլադիկավկազի հիվանդանոց»։
2017 թվականին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը քննում էր բողոքի հայտեր, որոնք ներկայացվել էին «Բեսլանի մայրեր» նախաձեռնող խմբի կողմից։
Դատարանը վճռեց, որ ռուսական իշխանությունները ձախողել են քաղաքացիների անվտանգությունն ապահովելու իրենց պարտականության իրագործման հարցում և չեն կարողացել 2004 թվականի սեպտեմբերի 3-ի գրոհը կազմակերպել պատանդների կյանքի համար հնարավորինս անվտանգ ձևով։
Ռուսաստանի իշխանություններն ի սկզբանե հերքում էին արդեն գրեթե ապացուցված մի շարք փաստեր։ Օրինակ, պնդում էին, որ գրոհի ժամանակ նռնականետներ չեն կիրառվել, մինչդեռ հայտնաբերված բեկորներն ապացուցում էին հակառակը։
Սեպտմբերի 3։ Օգտագործված նռնականետերի (նման են «Մուխա» ձերքի հակատանկային նռնականետերի՝ РПГ-18 «Муха») ու հրանետերի (Ռեակտիվ հետիոտնային հրանետ՝ РПО-А «Шмель») փողակները կոկիկ ձևով շարված են դպրոցի գլխավոր մուտքից ոչ հեռու։
Երեկոյան այլ զենքերի հետ միասին այդ փողակները հսկում էր հատուկ նշանակության ջոկատներից մեկի անդամ մի զինվորական։ Հաջորդ օրը դրանք արդեն այս ու այն կողմ էին ընկած, երեխաները խաղում էին դրանցով։ Ռուսական իշխանությունները կատեգորիկ ժխտում են գրոհի ժամանակ այդ տեսակների հրազենի օգտագործման փաստը։
Երեխաները խաղում են նռնականետերի դատարկ փողերով
Պաշտոնական վարկածի համաձայն, տանկերը ևս «չէին կրակում»։ Սկզբնական շրջանում հերքվում էր անգամ այն, որ Բեսլանում իրոք տանկեր կան։ Բայց այս մասով իշխանությունները լավ չէին հաշվարկել․ չափից դուրս շատ մարդիկ էին տեսել թե տանկերը, թե դրանց արձակած կրակոցները։ Այս հարցող պաշտոնական տեղեկատվությունն արագորեն փոխվեց։ Ասացին, որ տանկեր կային, բայց դրանք դպրոցի ուղղությամբ կրակել են միայն երեկոյան, երբ այնտեղ այլևս ողջ մնացած պատանդներ չկային։ Պաշտոնապես ասվում է, որ տանկերը կրակել են յոթ անգամ։ Վկաների խոսքով, այդ թիվն իրականում անհամեմատ մեծ է եղել։ Ինչո՞ւ էին տանկերով կրակ բացում առանց այն էլ այրվող դպրոցի ուղղությամբ, ինչո՞վ դա կարող էր օգնել պատանդներին կամ գրոհն իրականացնողներին՝ պարզ չէ։
Սեպտեմբերի 4-ին Բեսլանում նկարված այս լուսանկարների տանկերը, ըստ նախնական պաշտոնական վարկածի՝ չկան։
Ողբերգությունից մի քանի ամիս անց լրատվական գործակալությունները սկսեցին երբեմն գրել այն մասին, որ Բեսլանի արվարձաններում գտնվող աղբի հավաքատեղիներում պարբերաբար հայտնաբերվում են իրեր, որոնք այդտեղ են բերվել թիվ 1 դպրոցից․ դպրոցական սեղանների ու աթոռների մնացորդներ, մանկական հագուստի լոսկուտներ, կոշիկներ, պայուսակներ, մարդկային մարմնի հատվածներ, չպայթած նռնակներ։ Այդ կույտի մեջ տեղի շատ բնակիչներ գտել են իրենց անհետ կորած երեխաների հագուստի մնացորդները։ Իշխանությունները վստահեցնում են, որ այդ ամենը դպրոցի ահաբեկչության հետ որևէ առնչություն չունի։ Պաշտոնյաների տրամաբանությունն այս հարցում լրիվ տրամաբանական է․ չի կարելի ընդունել, որ գրոհից հետո ամեն ինչ մաքրել, տարել, թափել են։ Դա արդեն իսկ հանցագործություն է՝ իրեղեն ապացույցների վերացում։
2019 թվականի մարտին, Ռոսկոմնադզորի պահանջով «Բեսլանի ճշմարտությունը («Правда Беслана») կայքը ջնջել է գրավված դպրոցից ահաբեկիչերի ուղարկած գրառումների պատճենները։ Երկու գրառումներն էլ դատական գործի մաս են կազմում, հնչել են դատարանի դահլիճում, բայց դրանց տարածումը համացանցում արգելվում է։ Վրկածներից մեկի համաձայն, այդ փաստաթղթերն ապացուցում են, որ ահաբեկիչները պատրաստ էին բանակցությունների գնալ։ Թղթերից մեկը ստորագրված է եղել Շամիլ Բասաևի կողմից, ով այդ ժամանակ Բեսլանում չէր, բայց իր վրա էր վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը։
Վլադիկավկազի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո կարելի է տեսնել Բեսլանի զոհերի հուշահամալիրը։ Ողբերգության մասշտաբներն իմանալու դեպքում անգամ, հուշարձանն ահասարսուռ է թվում։ Բոլորը նույն օրն են մահացել՝ 2004-ի դեպտեմբերի 3-ին։ Ծննդյան թվերին նայելն ավելի սարսափելի է․ 1992… 1996… 2002․․․
աղբյուր՝ Էխո կավկազա