Երբ մարդիկ երթեր էին անում ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռերի» նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի պահանջով, չկար որևէ քրեական հոդված, որ նրանց դեմ կարող էր կիրառվեր։ Հիմա կա նոր հոդված, որով կարելի է ճնշել քաղաքացիներին։ Այս մասին Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ քննարկման ժամանակ ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ֊ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։
Կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխություններով քրեական պատասխանատվություն է սահմանվում «ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու» համար։ Առաջարկվող հոդվածը նախատեսում է տուգանքից մինչև 3 տարի ազատազրկում։ Նշենք, որ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո ԱԱԾ֊ն հաղորդագրություն տարածեց, որում, խախտելով անմեղության կանխավարկածը, այդ գործողությունն անվանեց ահաբեկչություն։ Հետագայում, սակայն, այդ հոդվածով մեղադրանք «Սասնա ծռերի» անդամներին չի առաջադրվել։
Նոր օրենքի նախաձեռնությունը, ըստ Իոաննիսյանի, խոսում է իշխանությունների կողմից քաղաքական իրավիճակի գնահատման մասին։
«Ընտրությունների և ժողովրդավարական մեխանիզմների թուլացման, որոշ դեպքում՝ ոչնչացման իրավիճակում, իշխանությունները հասկանում են, որ քաղաքացիները կարող են դիմել ագրեսիվ քայլերի և նման քայլերը կարող են ստանալ հանրային սատարում, ինչը տեղի ունեցավ «Սասնա ծռերի» դեպքում։ Ես բնավ չեմ ասում, որ ահաբեկչությունը պետք է քարոզվի կամ աջակցվի։ Երկու կարծիք չկա։ Բայց պետք են հստակ երաշխիքներ, որոնք կապահովվեն, որ այդ դրույթները չչարաշահվեն»,֊ ասել է Իոաննիսյանը։
Ըստ նրա, իրավապաշտպան և խաղաղասիրական բնույթի ակցիաներ կազմակերպած մարդկանց դեմ «ահաբեկչության սատարման» հոդվածը չպիտի կիրառվի, մինչդեռ այս պահին նման երաշխիքներ չկան։
Հոդվածը նաև վերաբերում է «միջազգային ահաբեկչության արդարացմանը»։ Այդ առիթով Իոաննիսյանը նկատել է, որ որոշ շարժումներ ահաբեկչական են համարվում ոչ բոլոր երկրներում, օրինակ, քրդական շարժումը (Քրդական բանվորական կուսակցություն) ահաբեկչական է համարում Թուրքիան, Իսլամական Պետությունը՝ Ռուսաստանը, ԱՍԱԼԱ֊ն ևս կարող է համարվել ահաբեկչական կառույց։
«Օսմանյան կայսրությունում ֆիդայական շարժումներին գովալը ևս տեսականորեն կարող է համարվել ահաբեկչության սատարում։ Ուրեմն դպրոցների պատմության դասագրքերը գրողներին էլ կարելի է պատասխանատվության ենթարկել»,֊ ասել է նա։