ՀՀ կառավարությունն առաջարկում է նոր քրեական հոդված մտցնել Քրեական օրենսգիրքում, որով կպատժվի «ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը»։
Այսպես, Քրեական օրենսգրքում առաջարկվում է ավելացնել 226-1 հոդվածը՝ «Ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հրապարակային կոչերը», որով ահաբեկչությունն արդարացնելը կամ քարոզելը կպատժվի տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Արդարադատության նախարարությունը հիմնավորում է, որ այս նոր հոդվածը անհրաժեշտ է հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության խստացման համար։
«Ժամանակակից տեխնիկական առաջընթացի պայմաններում հրապարակայնորեն, այդ թվում՝ զանգվածային հաղորդակցության միջոցների գործադրմամբ հանցագործությունների, ահաբեկչական գործողությունների կատարման կոչերը իրենցից բարձր հանրային վտանգավորություն են ներկայացնում»,֊ ասված է հիմնավորման մեջ։
Ինչպես միշտ հայաստանցի օրենք գրողները հղում են անում նաև միջազգային փորձի վրա՝ նշելով, որ աշխարհի շատ երկրների քրեական օրենսգրքերում քրեական պատասխանատվություն է նախատեսված ահաբեկչական կամ էքստրեմիստական գործունեության կատարմանն ուղղված կոչերի համար:
Մինչ այժմ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված էր, եթե դրանք վերաբերում էին իշխանությունը զավթելուն կամ ագրեսիվ պատերազմին։