Ալեքսեյ Նավալնին բանտից տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց, հայտնել է Քրեակատարողական դաշնային ծառայության Վլադիմիրի մարզային մասնաճյուղը
Ըստ հաղորդման, ընդդիմադիրի առողջական վիճակը «բավարար է»․ «պացիենտի համաձայնությամբ՝ նրան վիտամինային թերապիա է նշանակվել»։
Նավալնու բժիշկները, սակայն, պնդում են, որ նրան ոչ թե հիվանդանոց են տեղափոխել, այլ «մեկ այլ բանտ», որտեղ հիմնականում թոքախտ են բուժում։ Այնտեղ, ըստ բժիշկների, չեն կարող ո՛չ ախտորոշել հիվանդությունը, ո՛չ էլ բուժում նշանակել։
Նավալնու գլխավոր բժիշկ Անաստասիա Վասիլևան վերստին նրան տեսակցելու թույլտվություն է պահանջել։ Բժիշկները ավելի վաղ նշել էին, որ Նավալնու վիճակը կրիտիկական է, նրա մոտ առկա է սրտի աշխատանքի հանկարծակի դադարի վտանգ։
Важные истории-ի հաղորդմամբ՝ բանտային հիվանդանոցը, ուր տեղափոխել են Նավալնուն, առանձնանում է դաժան պայմաններով։ Այնտեղ պահվող բանտարկյալների փաստաբանները պատմել են նաև իրենց պաշտպանյալների նկատմամբ խոշտանգումների մասին։
Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին արդեն 19 օր է, ինչ բուժօգնության և դեղորայքի պահանջով հացադուլ է անում։
Ավելի վաղ քաղբանտարկյալի բժիշկները հրապարակել էին նրա արյան անալիզների արդյունքները՝ պնդելով, որ նրա առողջական վիճակը մոտ է կրիտիկականին։ Բժիշկ Անաստասիա Վասիլևայի հավաստմամբ՝ ընդդիմադիր գործչի մոտ առկա է սրտի աշխատանքի հանկարծակի դադարի վտանգ։
Նավալնու մոտ 2 ճողվածք է հայտնաբերվել, շաբաթներ շարունակ նա տառապում է մեջքի ցավից, հիվանդության պատճառով որոշ ժամանակ առաջ անզգայացել են ոտքերը, այժմ՝ սկսել են թմրել նաև ձեռքերը։ Գործչին ոչ միայն պատշաճ բուժօգնություն չեն տրամադրում, այլև թույլ չեն տալիս տեսակցել իր բժշկին։
Նավալնին ձերբակալվել է հունվարի 17-ին՝ Գերմանիայից վերադառնալուց անմիջապես հետո։ Բեռլին նա տեղափոխվել էր կոմայի մեջ՝ «Նովիչոկով» թունավորվելուց հետո։
Քրգործը, որով Ալեքսեյ Նավալնին և նրա եղբար Օլեգը մեղադրվում են գումարների շորթման մեջ, բացվել է դեռ 2012 թվականին։ Ռուսական դատարաններում եղբայրները մեղավոր էին ճանաչվել։ Ալեքսեյը ստացել է 3․5 տարվա պայմանական, իսկ Օլեգը՝ նույն ժամկետով իրական ազատազրկում։ 2017 թվականին ՄԻԵԴԸ-ը վճռել էր, որ գործի քննությունը վարվել է արդար դատաքննության իրավունքի խախտմամբ, իսկ ռուսական դատարանի վճիռն անհիմն է և կամայական։ Եվրոպայի բարձրագույն դատարանը Ռուսաստանին պարտադրել շուրջ 2 միլիոն ռուբլու փոխհատուցում վճարել Նավալնուն։
Ընդդիմադիր գործչի ձերբակալությունից հետո՝ փետրվարի 2-ին, սակայն, Սիմոնավյան շրջանի դատարանը ՄԻԵԴ-ի կողմից շինծու որակված գործով վճռել է Նավալնու պայմանական ազատազրկումը փոխել իրականի։