Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի որդուն՝ 13-ամյա Ադամին, բռնցքամարտի միջազգային մրցաշարում հաղթանակ է շնորհվել, երբ հակառակորդը սկսել է նրան ծեծել։
Երիտասարդ բռնցքամարտիկ Ասլան Բատիրովը (Կաբարդա-Բալկարիա)՝ հարձակմանը հարձակմամբ պատասխանելով, մի քանի անգամ հարվածում է Ադամի գլխին։ Հենց այդ պահին մրցավարը դադարեցնում է մարտը և սկսում ռինգում ձիգ կանգնած Բատիրովի «նոկդաունի» հետհաշվարկը։ Այդ ընթացքում բռնցքամարտիկի սեկունդանտը սրբիչը նետում է ռինգ՝ այդ կերպ ընդունելով նրա պարտությունը։ Ինքը՝ Բատիրովը, շվարած ուսերն է թոթվում։
Մարտը տեղի է ունեցել ապրիլի սկզբին, հեռարձակվել՝ «Матч! Боец» հեռուստաալիքով։
«Նոկդաունի» այս հատվածը օրերս հայտվել է համացանցում։ Դատելով տեսանյութից, մրցավարի որոշումից և մարտի արդյունքներից զարմացած էին անգամ հաղորդավարները։ «Բավականին անհասկանալի է, եթե անկեղծ», – վերջում ասում է նրանցից մեկը։
https://youtu.be/U6UVNkxY0cE
«Լեգենդների ժամանակը 6․ հատուկ օպերացիա» բռնցքամարտի միջազգային մրցաշարը տեղի է ունեցել Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում։ Հյուրերի շարքում էր նաև ինքը՝ նախագահ Կադիրովը։
Նրա որդու մարտից հետո չեչենական «Грозный-информ»-ը գրում էր, որ Ադամ Կադիրովը հակառակորդին «ոչ մի շանս չէր թողնում»։