Ալեքսեյ Նավալնին ինստագրամի իր էջում հայտարարել է, որ դադարեցնում է հացադուլը։ Քաղբանտարկյալը հայտնել է նաև, որ իրեն արդեն երկու անգամ զննել են քաղաքացիական հիվանդանոցում։
Նավալնու բուժող բժիշկները, որոնց բանտի ղեկավարությունը համառորեն արգելում է տեսակցել քաղգործչին, երեկ հայտարարել էին, որ եթե նա շարունակի հացադուլը, ապա «շուտով ուղղակի մարդ չի լինի, որ իրենք բուժեն»։
Գործիչը շարունակում է տեսակցություն պահանջել իր բժիշկների հետ՝ պնդելով, որ ատիճանաբար դադարում է զգալ ձեռքերն ու ոտքերը։
Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին 23 օր շարունակ հացադուլ էր անում՝ բուժօգնության և դեղորայքի պահանջով։ Ի համերաշխություն քաղգործչին՝ մի շարք մարդիկ ևս հացադուլ էին հայտարարել, այդ թվում ՝ Բեսլանի ահաբեկչությունից տուժածներ։
Երեկ Ռուսաստանով մեկ բողոքի զանգվածային ակցիաներ են ընթացել՝ Նավալնուն բուժօգնություն տրամադրելու և ազատ արձակելու պահանջով։ Ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 1900 մարդ։ Նույն օրը, այնուամենայնիվ, ընդդիմադիր գործչին Վլադիմիրի քաղաքացիական հիվանդանոց են տեղափոխել։
Ապրիլի 19-ին նրան բանտից տեղափոխել էին Վլադիմիրի շրջանի բանտարկյալների հիվանդանոց, որը, ինչպես նշել են քաղգործչին բուժող բժիշկները՝ «ուղղակի մեկ այլ բանտ է»։
Ավելի վաղ Նավալնու բժիշկները հրապարակել էին նրա արյան անալիզների արդյունքները՝ պնդելով, որ նրա առողջական վիճակը մոտ է կրիտիկականին։ Բժիշկ Անաստասիա Վասիլևայի հավաստմամբ՝ ընդդիմադիր գործչի մոտ առկա է սրտի աշխատանքի հանկարծակի դադարի վտանգ։
Գործչի մոտ 2 ճողվածք է հայտնաբերվել, շաբաթներ շարունակ նա տառապում է մեջքի ցավից, հիվանդության պատճառով որոշ ժամանակ առաջ անզգայացել են ոտքերը, այժմ՝ սկսել են թմրել նաև ձեռքերը։
Պուտինի հակառակորդը ձերբակալվել է հունվարի 17-ին՝ Գերմանիայից վերադառնալուց անմիջապես հետո։ Բեռլին նա տեղափոխվել էր կոմայի մեջ՝ «Նովիչոկով» թունավորվելուց հետո։
Քրգործը, որով Ալեքսեյ Նավալնին և նրա եղբար Օլեգը մեղադրվում են գումարների շորթման մեջ, բացվել է դեռ 2012 թվականին։ Ռուսական դատարաններում եղբայրները մեղավոր էին ճանաչվել։ Ալեքսեյը ստացել է 3․5 տարվա պայմանական, իսկ Օլեգը՝ նույն ժամկետով իրական ազատազրկում։ 2017 թվականին ՄԻԵԴԸ-ը վճռել էր, որ գործի քննությունը վարվել է արդար դատաքննության իրավունքի խախտմամբ, իսկ ռուսական դատարանի վճիռն անհիմն է և կամայական։ Եվրոպայի բարձրագույն դատարանը Ռուսաստանին պարտադրել շուրջ 2 միլիոն ռուբլու փոխհատուցում վճարել Նավալնուն։
Ընդդիմադիր գործչի ձերբակալությունից հետո՝ փետրվարի 2-ին, սակայն, Սիմոնովյան շրջանի դատարանը ՄԻԵԴ-ի կողմից շինծու որակված գործով վճռել է Նավալնու պայմանական ազատազրկումը փոխել իրականի։