Պուտինի հակառակորդ, քաղբանտարկյալ Ալեքսեյ Նավալնուն բուժզննման համար տեղափոխել են Վլադիմիրի քաղաքային հիվանդանոց, հայտնել են գործչի մոսկովյան շտաբից։
«Այս լուրն ապացուցում է, որ այն, ինչ մենք ձեզ հետ անում ենք, ապարդյուն չէ։ Սա արդեն առաջխաղացում է, և մենք անպայման կհասնենք ավելիին», – ասված է շտաբի հայտարարության մեջ։
Երեկ՝ ապրիլի 21-ին, Ռուսաստանի մեծ ու փոքր քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր էին ընթանում՝ ի աջակցություն Նավալնուն, ով արդեն 22 օր շարունակ հացադուլ է անում՝ դեղորայքի և բուժօգնության պահանջով։
Մարդիկ փողոց էին դուրս եկել Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Ուֆայում, Կալինինգրադում, Եկատերինբուրգում, Նովոսիբիրսկում, Սոչիում, Վլադիվոստոկում և այլուր։ Մարդիկ վանկարկում էին «ազատություն Նավալնուն», «բուժօգնություն Նավալնուն», «մենք անզեն ենք», «սերը ուժեղ է վախից»։
ОВД-инфо-ի տվյալներով՝ այս պահին 1916 մարդ ձերբակալված է, որոնցից 823-ը՝ Պետերբուրգում, 170-ը՝ Ուֆայում, 74-ը Կազանում։ Մոսկվայում այս պահի դրությամբ ձերբակալված է 31 մարդ։
Ռուսասատանցի ոստիկանները դեռ ցույցերի մեկնարկից առաջ երկրի տարբեր քաղաքներում սկսել էին խուզարկություններ իրականացնել Նավալնու շտաբերի աշխատակիցների, ինչպես նաև ընդդիմադիր լրատվականների ու տելեգրամ-ալիքների աշխատակիցների տներում և ձերբակալել նրանցից շատերին։
Ձերբակալվածների մեջ աչքի են ընկնում իրավապաշտպան Լյուբով Սոբոլը, Նավալնու մամուլի խոսնակ Կիրա Յարմիշը, քաղաքական գործիչ Վլադիմիր Ռիժկովը, Նավալնու թիմի սմմ-խմբագիր Ալեքսանդր Շեպելյովը և այլոք։ Վերջինիս տուն ոստիկանները գնացել էին խուզարկության նպատակով՝ և, ինչպես նա պատմել է Медиазона»-ին, դաժան ծեծի ենթարկելով փորձել են ստիպել, որ ասի թիմի սոցցանցային էջերի գաղտնաբառերը։ Медиазона-ի լրագրող Օլյա Ռոմաշովային, իդեպ, ևս ձերբակալել են։ Շեպելյովին ազատ արձակեցին միայն առավոտյան՝ 2000 ռուբլի տուգանք նշանակելուց հետո։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սոբոլը ևս ազատ է արձակվել՝ շուրջ 7 ժամ ոստիկանական բաժանմունքում մնալուց հետո, իսկ Յարմիշը 10 օրով կալանավորված է։
Ոստիկանները ռեպրեսիվ էին հատկապես Պետերբուրգում, որի ամբողջ կենտրոնական հատվածը փակել էին մետաղական ցանկապատերով։ Քաղաք էին դուրս բերվել նաև ջրցան մեքենաներ։ Բազմաթիվ դեպքերում մարդկանց էլեկտրաշոկի էին ենթարկում։
Петербург лидирует по количеству жестких задержаний. pic.twitter.com/N0zoRutnUC
— VPN PEKВИЕМ ПО РФ🇮🇱🇺🇦 #FreeNavalny #НЕТВОЙНЕ (@RuFailedState) April 22, 2021
Վլադիվոստոկում մարդիկ Ցոյի «Перемен»-ի տակ քաղաքի կենտրոնով տանում էին հսկայական բադիկի։
Владивосток без задержаний гуляет по центру — народ носит гигантскую утку из пенопласта. Утку несут под песню группы «Кино» — «Перемен»
Видео: Валерия Федоренко / «Новая газета» pic.twitter.com/RiCnTcA7Hu
— Новая Газета (@novaya_gazeta) April 21, 2021
Մոսկվայում փողոց էին դուրս եկել նաև Նավալնու եղբայրը՝ Օլեգը և կինը՝ Յուլիան։
Юлия и Олег Навальные вышли в центр Москвы
Видео: @tvrain pic.twitter.com/tvjqaQCkWy
— Медиазона (@mediazzzona) April 21, 2021
Սերը ուժեղ է վախից․ Նովոսիբիրսկ
Новосибирск, мы крутые! Любовь сильнее страха. pic.twitter.com/Jna30ExGyV
— Навальный | Новосибирск (@navalny_nsk) April 21, 2021
Քաղբանտարկյալին ի աջակցություն՝ բողոքի ցույցեր էին ընթանում նաև Բեռլինում, Փարիզում, Լոնդոնում, Թբիլիսիում։
Открытая Россия-ի տվյալներով՝ երկրի 20 քաղաքներում, որտեղ ցույցերն ամենամարդաշատն էին, փողոց է դուրս եկել ավելի քան 50 000 մարդ, որոնցից առնվազն 25 000-ը՝ Մոսկվայում։ Ընդհանուր առմամբ բողոքի ցույցերն ընթացել են երկրի շուրջ 100 բնակավայրերում։
Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին արդեն 22 օր է, ինչ բուժօգնության և դեղորայքի պահանջով հացադուլ է անում։
Ապրիլի 19-ին նրան տեղափոխել էին Վլադիմիրի շրջանի բանտային հիվանդանոց, որը, ինչպես նշել են քաղգործչին բուժող բժիշկները՝ « ուղղակի մեկ այլ բանտ է»։
Ավելի վաղ քաղբանտարկյալի բժիշկները հրապարակել էին նրա արյան անալիզների արդյունքները՝ պնդելով, որ նրա առողջական վիճակը մոտ է կրիտիկականին։ Բժիշկ Անաստասիա Վասիլևայի հավաստմամբ՝ ընդդիմադիր գործչի մոտ առկա է սրտի աշխատանքի հանկարծակի դադարի վտանգ։
Նավալնու մոտ 2 ճողվածք է հայտնաբերվել, շաբաթներ շարունակ նա տառապում է մեջքի ցավից, հիվանդության պատճառով որոշ ժամանակ առաջ անզգայացել են ոտքերը, այժմ՝ սկսել են թմրել նաև ձեռքերը։ Գործչին ոչ միայն պատշաճ բուժօգնություն չեն տրամադրում, այլև թույլ չեն տալիս տեսակցել իր բժշկին։
Նավալնին ձերբակալվել է հունվարի 17-ին՝ Գերմանիայից վերադառնալուց անմիջապես հետո։ Բեռլին նա տեղափոխվել էր կոմայի մեջ՝ «Նովիչոկով» թունավորվելուց հետո։
Քրգործը, որով Ալեքսեյ Նավալնին և նրա եղբար Օլեգը մեղադրվում են գումարների շորթման մեջ, բացվել է դեռ 2012 թվականին։ Ռուսական դատարաններում եղբայրները մեղավոր էին ճանաչվել։ Ալեքսեյը ստացել է 3․5 տարվա պայմանական, իսկ Օլեգը՝ նույն ժամկետով իրական ազատազրկում։ 2017 թվականին ՄԻԵԴԸ-ը վճռել էր, որ գործի քննությունը վարվել է արդար դատաքննության իրավունքի խախտմամբ, իսկ ռուսական դատարանի վճիռն անհիմն է և կամայական։ Եվրոպայի բարձրագույն դատարանը Ռուսաստանին պարտադրել շուրջ 2 միլիոն ռուբլու փոխհատուցում վճարել Նավալնուն։
Ընդդիմադիր գործչի ձերբակալությունից հետո՝ փետրվարի 2-ին, սակայն, Սիմոնավյան շրջանի դատարանը ՄԻԵԴ-ի կողմից շինծու որակված գործով վճռել է Նավալնու պայմանական ազատազրկումը փոխել իրականի։