Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ, քաղբանտարկյալ Ալեքսեյ Նավալնու շտաբերը փակվում են Ռուսաստանով մեկ։ Որոշման մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է քաղգործչի աջակից Լեոնիդ Վոլկովը։
«Նավալնու շտաբերի աշխատանքն իր ներկայիս ձևով շարունակելն անհնար է․ այն անմիջապես կանցնի էքստրեմիզմի մասին հոդվածով և քրեական պատիժների կհանգնեցնի շտաբերում աշխատող, դրանց հետ համագործակցող կամ դրանց աջակցող մարդկանց համար», – ասված է հայտարարության մեջ։
Վոլկովը նշել է, որ նրանք «չեն հուսահատվում»։
«Նավալնու շտաբեր ցանցն այլևս չկա, բայց կան տասնյակ հզուր ու զիլ մարզային քաղգործիչներ, նրանց հազարավոր աջակիցները, կան ուժեղ և ինքնուրույն քաղաքական կազմակերպություններ, որոնք զբաղվելու են հետաքննություններով ու ընտրություններով, հասարակական արշավներով ու հանրահավաքներով։ Դուք նրանց կօգնեք, ու ամեն ինչ նրանց մոտ կստացվի»,- վստահեցնում է Վոլկովը։
Բացի այդ, Ռուսաստանի քննչական կոմիտեն գործ է հարուցել Նավալնու, Վոլկովի և նրանց համակիր Իվան Ժդանովի նկատմամբ՝ իբր քաղաքացիների և նրանց իրավունքների նկատմամբ ոտնձգություններ իրականացնող հասարակական կազմակերպություն ստեղծելու համար։
Ինչպես տեղեկացանք Նավալնու կայքից՝ քրգործը հարուցվել էր դեռ փետրվարի 4-ին՝ երբ Մոսկվայի դատախազությունը հայց էր ներկայացրել Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը էքստրեմիստական» ճանաչելու պահանջով, սակայն դրա մասին հատնի է դառնում միայն հիմա։
Դատախազությունը կարծում է, որ Նավալնու համակիրները նպատակ ունեն «պայմաններ ստեղծել սահմանադրական կարգի փոփոխության համար, այդ թվում՝ «գունավոր հեղափոխության» սցենարով»։
Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին ավեի քան երեք ամիս շարունակ բանտարկված է։ Գործչի առողջական վիճակը գնալով վատանում է։
Նավալնու մոտ 2 ճողվածք է հայտնաբերվել, շաբաթներ շարունակ նա տառապում է մեջքի ցավից, հիվանդության պատճառով որոշ ժամանակ առաջ անզգայացել են ոտքերը, այժմ՝ սկսել են թմրել նաև ձեռքերը։
23 օր շարունակ դեղորայքի ու բուժօգնության պահանջով հացադուլ անելուց և համառուսաստանյան զանգվածային ցույցերից հետո, Նավալնուն վերջապես քաղաքացիական հիվանդանոցում բուժննության ենթարկեցին։ Հենց իր բուժող բժիշկներին, սակայն, բանտի ղեկավարությունը համառորեն արգելում է տեսակցել քաղբանտարկյալին։
Պուտինի հակառակորդը ձերբակալվել է հունվարի 17-ին՝ Գերմանիայից վերադառնալուց անմիջապես հետո։ Բեռլին նա տեղափոխվել էր կոմայի մեջ՝ «Նովիչոկով» թունավորվելուց հետո։
Քրգործը, որով Ալեքսեյ Նավալնին և նրա եղբար Օլեգը մեղադրվում են գումարների շորթման մեջ, բացվել է դեռ 2012 թվականին։ Ռուսական դատարաններում եղբայրները մեղավոր էին ճանաչվել։ Ալեքսեյը ստացել է 3․5 տարվա պայմանական, իսկ Օլեգը՝ նույն ժամկետով իրական ազատազրկում։ 2017 թվականին ՄԻԵԴԸ-ը վճռել էր, որ գործի քննությունը վարվել է արդար դատաքննության իրավունքի խախտմամբ, իսկ ռուսական դատարանի վճիռն անհիմն է և կամայական։ Եվրոպայի բարձրագույն դատարանը Ռուսաստանին պարտադրել շուրջ 2 միլիոն ռուբլու փոխհատուցում վճարել Նավալնուն։
Ընդդիմադիր գործչի ձերբակալությունից հետո՝ փետրվարի 2-ին, սակայն, Սիմոնովյան շրջանի դատարանը ՄԻԵԴ-ի կողմից շինծու որակված գործով վճռել է Նավալնու պայմանական ազատազրկումը փոխել իրականի։