Home / Դատարան / Ռուսաստանում ընդդիմության գործունեությունը ճանաչեցին էքստրեմիստական

Ռուսաստանում ընդդիմության գործունեությունը ճանաչեցին էքստրեմիստական

Մոսկվայի քաղաքային դատարանը էքստրեմիստական է ճանաչել Ալեքսեյ Նավալնու շտաբերն ու նրա կողմից հիմնադրված «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը» (ФБК)։ Սա նշանակում է, որ այս կառույցների ակտիվները հարկադիր կերպով կփոխանցվեն Ռուսաստանի պետբյուջե, իսկ դրանց աշխատակիցներին և դրանցում ներգրավված բոլոր մարդկանց կարգելվի հավակնել պետական պաշտոնների։ Անազատության մեջ գտնվող Նավալնու թիմակիցները խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք այլևս չունեն:

Պուտինի գլխավոր հակառակորդ, քաղբանտարկյալ Ալեքսեյ Նավալնին ինստագրամյան իր օգտահաշվում գրել է

«…Ի՞նչ տարբերություն՝ ոնց ենք մենք կոչվում։ ФБК կամ ոչ ФБК , շտաբեր, թե ոչ շտաբեր։ Մենք անուն չենք, թղթի կտոր չենք, գրասենյակ չենք։ Մենք մի խումբ մարդիկ ենք, ովքեր միավորում և կազմակերպում են Ռուսաստանի այն քաղաքացիներին, որոնք դեմ են կոռուպցիային, կողմ՝ արդար դատերին և բոլորի առաջ հավասարությանը։ Այդպիսի միլիոնավոր [մարդիկ] կան։ Դուք եք այդպիսին։ Քանի դաք, մենք ոչ մի տեղ չենք կորի․․․»

Մոսկովյան դատախազությունը ապրիլի 16-ին հայց էր ներկայացրել Մոսկովյան քաղաքային դատարան՝ պահանջելով էքստրեմիստական ճանաչել ФБК-ն, Քաղաքացիների իրավունքների պաշտպանության հիմնադրամը և Նավալնու շտաբերը։ Նրանց պատճառաբանությունը այս կառույցների կողմից «էքստրեմիստական գործունեության փաստացի ծավալման», «սահմանադրական կարգի հիմքերի փոփոխության համար պայմաններ ստեղծելու», այդ թվում՝ «գունավոր հեղափոխության» սցենարն օգտագործելու հետ կապված։

Ապրիլի 29-ին Նավալնու աջակից Լեոնիդ Վոլկովը հայտնել էր, որ Նավալնու շտաբերը Ռուսաստանով մեկ փակվում են, քանի որ դրանց գործունեությունն «անմիջապես կանցնի էքստրեմիզմի մասին հոդվածով և քրեական պատիժների կհանգնեցնի շտաբերում աշխատող, դրանց հետ համագործակցող կամ դրանց աջակցող մարդկանց համար»։ 

Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին  ձերբակալվել է հունվարի 17-ին՝ Գերմանիայից վերադառնալուց անմիջապես հետո։ Բեռլին նա տեղափոխվել էր կոմայի մեջ՝ «Նովիչոկով» թունավորվելուց հետո։

Քրգործը, որով Ալեքսեյ Նավալնին և նրա եղբար Օլեգը մեղադրվում են գումարների շորթման մեջ, բացվել է դեռ 2012 թվականին։ Ռուսական դատարաններում եղբայրները մեղավոր էին ճանաչվել։ Ալեքսեյը ստացել է 3․5 տարվա պայմանական, իսկ Օլեգը՝ նույն ժամկետով իրական ազատազրկում։ 2017 թվականին ՄԻԵԴԸ-ը վճռել էր, որ գործի քննությունը վարվել է արդար դատաքննության իրավունքի խախտմամբ, իսկ ռուսական դատարանի վճիռն անհիմն է և կամայական։ Եվրոպայի բարձրագույն դատարանը Ռուսաստանին պարտադրել շուրջ 2 միլիոն ռուբլու փոխհատուցում վճարել Նավալնուն։ 

Ընդդիմադիր գործչի ձերբակալությունից հետո՝ փետրվարի 2-ին, սակայն, Սիմոնովյան շրջանի դատարանը ՄԻԵԴ-ի կողմից շինծու որակված գործով վճռել է Նավալնու պայմանական ազատազրկումը փոխել իրականի։

Բանտում գործիչը բախվել էր մի շարք առողջական խնդիրների։Նավալնու բժիշկները հրապարակել էին նրա արյան անալիզների արդյունքները՝ պնդելով, որ նրա առողջական վիճակը մոտ է կրիտիկականին։ Բժիշկ Անաստասիա Վասիլևայի հավաստմամբ՝ ընդդիմադիր գործչի մոտ առկա է սրտի աշխատանքի հանկարծակի դադարի վտանգ։

Գործչի մոտ 2 ճողվածք էր հայտնաբերվել, շաբաթներ շարունակ նա տառապում է մեջքի ցավից, հիվանդության պատճառով որոշ ժամանակ առաջ անզգայացել են ոտքերը, իսկ հետո՝ նաև ձեռքերը։ 

23 օր շարունակ հացադուլ էր անում՝ բուժօգնության և դեղորայքի պահանջով։ Ի համերաշխություն քաղգործչին՝  մի շարք մարդիկ ևս հացադուլ էին հայտարարել, այդ թվում ՝ Բեսլանի ահաբեկչությունից տուժածներ։

Ապրիլի 19-ին նրան բանտից տեղափոխել էին Վլադիմիրի շրջանի բանտարկյալների հիվանդանոց, որը, ինչպես նշել են քաղգործչին բուժող բժիշկները՝ «ուղղակի մեկ այլ բանտ է»։  Այնուհետև, Մոսկովյան լայնամասշտաբ ցույցերի ֆոնին, նրան տեղափոխել էին Վլադիմիրի քաղաքացիական հիվանադանոց։ Քաղգործչին այնտեղ բժիշկ էր այցելել, ինչից հետո նա դադարեցրել էր հացադուլը։