Home / Դատարան / Քաղբանտարկյալները Ռուսաստանում նաև «էքստրեմիստներ» են

Քաղբանտարկյալները Ռուսաստանում նաև «էքստրեմիստներ» են

Ռուսաստանցի ընդդիմադիր, քաղբանտարկյալ Ալեքսեյ Նավալնու և նրա թիմակիցներ Իվան Ժանդովի ու Լեոնիդ Վոլկովի նկատմամբ Ռուսաստանի քննչական կոմիտեում բացվել է հերթական քրեական գործը։  Սա Նավալնու նկատմամբ իր բանտարկության ընթացքում բացված արդեն չորրորդ քրգործն է։

Այս անգամ Ռուսաստանի ՔԿ-ն ընդդիմադիր գործչին մեղադրում է «էքստրեմիստական խմբավորում ստեղծելու» մեջ։ Այդ «խմբավորմանը» մասնակցելու մեջ կասկածվում են նաև Նավալնու աջակիցներ Լյուբով Սոբոլը,Գեորգի Ալբուրովը, Ռուսլան Շավեդդինովը, Վյաչեսլավ Գիմադին, Պավել Զելենսկին և Ռուստամ Մուլյուկովը։

ՔԿ-ի պնդմամբ՝ «էքստրեմիստական խմբավորման» գործունեությունն ուղղված է եղել «պետական կառավարման մարմինների և նրանց վարած քաղաքականության վարկաբեկմանն ու [Ռուսաստանի] շրջաններում իրավիճակի ապակայունացմանը»։ Բացի այդ, պնդում է քննչական մարմինը, Նավալնին ու իր թիմակիցները պրոտեստային տրամադրություններ են ստեղծել ու բողոքի ակցիաներ անցկացրել, որոնք «վերաճել են զանգվածային անկարգությունների»։

Նավալնու փաստաբան Վադիմ Կոբզևը BBC-ի հետ զրույցում հայտնել է, որ գործի հարուցման մասին նախապես չի տեղեկացվել ՔԿ-ի կողմից, ինչպես նախկին քրգործերի դեպքում։

Նավալնու ամուլի քարտուղար Կիրա Յարմիշը, ով այժմ Ռուսաստանում չի ապրում, նշել է, որ այս քրգործի հարուցումը պատասխան է Պետդումայի անցած ընտրություններին։

«Կրեմլը հիվանդագին ձևով է ընդունում մարդկանց համախմբումը, իսկ «Խելացի քվեարկությունը» հերթական անգամ ցույց տվեց, թե հասարակության մեջ համախմբման որքան մեծ ներուժ կա», – ասել է Յարմիշը՝ BBC-ի հետ զրույցում։

Նավալնու մամուլի քարտուղարից բացի Ռուսաստանը լքել են այս գործով մեղադրվող Լեոնիդ Վոլկովն ու Իվան Ժդանովը, ինչպես նաև կասկածյալներ Լյուբով Սոբոլը, Գեորգի Ալբուրովը, Ռուսլան Շավեդդինովը։

Ինքը՝ Ալեքսեյ Նավալնին, հիշեցնենք,  ձերբակալվել է հունվարի 17-ին՝ Գերմանիայից վերադառնալուց անմիջապես հետո։ Բեռլին նա տեղափոխվել էր կոմայի մեջ՝ «Նովիչոկով» թունավորվելուց հետո։

Քրգործը, որով Ալեքսեյ Նավալնին և նրա եղբար Օլեգը մեղադրվում են գումարների շորթման մեջ, բացվել է դեռ 2012 թվականին։ Ռուսական դատարաններում եղբայրները մեղավոր էին ճանաչվել։ Ալեքսեյը ստացել է 3․5 տարվա պայմանական, իսկ Օլեգը՝ նույն ժամկետով իրական ազատազրկում։ 2017 թվականին ՄԻԵԴԸ-ը վճռել էր, որ գործի քննությունը վարվել է արդար դատաքննության իրավունքի խախտմամբ, իսկ ռուսական դատարանի վճիռն անհիմն է և կամայական։ Եվրոպայի բարձրագույն դատարանը Ռուսաստանին պարտադրել շուրջ 2 միլիոն ռուբլու փոխհատուցում վճարել Նավալնուն։ 

Ընդդիմադիր գործչի ձերբակալությունից հետո՝ փետրվարի 2-ին, սակայն, Սիմոնովյան շրջանի դատարանը ՄԻԵԴ-ի կողմից շինծու որակված գործով վճռել է Նավալնու պայմանական ազատազրկումը փոխել իրականի։

Բանտում գործիչը բախվել էր մի շարք առողջական խնդիրների։Նավալնու բժիշկները հրապարակել էին նրա արյան անալիզների արդյունքները՝ պնդելով, որ նրա առողջական վիճակը մոտ է կրիտիկականին։ Բժիշկ Անաստասիա Վասիլևայի հավաստմամբ՝ ընդդիմադիր գործչի մոտ առկա է սրտի աշխատանքի հանկարծակի դադարի վտանգ։

Գործչի մոտ 2 ճողվածք էր հայտնաբերվել, շաբաթներ շարունակ նա տառապում է մեջքի ցավից, հիվանդության պատճառով որոշ ժամանակ առաջ անզգայացել են ոտքերը, իսկ հետո՝ նաև ձեռքերը։ Քաղբանտարկյալը 23 օր հացադուլ էր անում, քանի որ բանտի ղեկավարությունից իրեն համառորեն թույլ չէին տալիս տեսակցել իր բուժող բժիշկներին, փոխարենը՝ առողջական լուրջ խնդիրները Իբուպրոֆենով և համանման դեղերով բուժելով։ 

Ապրիլի 19-ին նրան բանտից տեղափոխել էին Վլադիմիրի բանտարկյալների հիվանդանոց, որը, ինչպես նշել են քաղգործչին բուժող բժիշկները՝ «ուղղակի մեկ այլ բանտ է»։  Այնուհետև, Մոսկովյան լայնամասշտաբ ցույցերի ֆոնին, նրան տեղափոխել էին Վլադիմիրի քաղաքացիական հիվանդանոց։ Քաղգործչին այնտեղ բժիշկ էր այցելել, ինչից հետո նա դադարեցրել էր հացադուլը։

Հունիսի 10-ին արդեն, Մոսկովյան դատարանը «էքստրեմիստական» ճանաչեց Նավալնու  «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը» (ФБК)։ Կազմակեպության ակտիվները հարկադրաբար փոխանցվեցին պետությանը, իսկ Նավալնին ու իր մի շարք թիմակիցներ զրկվեցին ընտրություններին առաջադրվելու իրավունքից։