Home / Բանակ / Կիևը պատմության դասերի ժամանակ չունի

Կիևը պատմության դասերի ժամանակ չունի

Փետրվարի 21-ի երեկոյան Ռուսաստանը ԱԽ արտահերթ նիստի ընթացքում որոշել է ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ռուսական զինուժերին հետևել «խաղաղության պահպանմանը» նորահռչակ հանրապետություններում։ Արևմուտքը Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցներ է նախապատրաստել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտարարել է․ Կիևը հնարավոր է համարում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը։ 

Պետդուման և Դաշնային խորհուրդը վավերացրել են ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ բարեկամության և փոխօգնության համաձայնագրերը։ Նախագահը հայտարարել է, որ սահմանները կլինեն հիմնված պետությունների սահմանադրության վրա՝ դրանք ներառում են դե յուրե Ուկրաինայի մաս կազմող Դոնեցկի և Լուգանսկի շրջաններն ամբողջությամբ։

Մինչ այդ, Ռուսաստանի պաշտոնյաներն իրար հերթ չտալով հակասական հայտարարություններ էին անում այն մասին, թե ի վերջո որ սահմաններում է Մոսկվան ճանաչում ինքնահռչակ հանրապետությունները։ 

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասում էր, որ հանրապետությունների սահմանները կքննարկվեն միայն նշված համաձայնագրերի վավերացումից հետո։ Ըստ Новая Газета-ի․ ռուսական ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հանրապետությունները ճանաչվել են այն սահմաններում, որոնցում դրանց իշխանությունը փաստացի լիազորություններ և իրավասություններ ունի։ Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ ասել էր, որ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչվել են այն սահմաններում, որոնցում իրենք իրենց հռչակել են։

Պուտինի որոշումը լայնորեն քննադատվել է Արևմտյան երկրների առաջնորդների կողմից․ այժմ, ըստ հաղորդումների, պատրաստվում է պատժամիջոցների փաթեթ։ 

Ռուսաստանն այս ամենի ֆոնին որոշել է տարհանել Ուկրաինայում իր դիվանագիտական առաքելությունների բոլոր աշխատողներին։ 

Ի՞նչ իրավիճակ է ստեղծվել

Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ղեկավարվում են պրոռուսական առաջնորդների կողմից։ Տարածաշրջանում անընդհատ խախտվում է հրադադարը, իսկ ռուսական զորքերի տեղակայումը բարձրացնում է լայնամասշտաբ պատերազմի սկզբի հավանականությունը։ 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Ռուսաստանի որոշումը, անվանելով այն Ուկրաինայի տարածքային ամբողջականության և սուվերենության խախտում։ Արևմուտքը ևս որոշումը համարել է միջազգային իրավունքի ոտնահարում։

Տարբեր երկրների քաղգործիչների, ինչպես նաև միջազգային մամուլի ուշադրությունը մեծամասամբ կենտրոնացած է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի սահմանների վրա, թեև ԱՄՆ նախագահը ահազանգում է, որ հարձակման թիրախ կարող է դառնալ նաև Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը։ Ռուսաստանը պաշտոնապես դեռ պնդում է, որ երկրի կողմից որևէ ռազմական հարձակում չի պլանավորվում։ Այնուամենայնիվ, ըստ բրիտանական և ամերիկյան հատուկ ծառայությունների հրապարակած քարտեզների, ռուսական զորքերը մինչ այժմ տեղակայված են բռնազավթված Ղրիմում, Բելառուսում, Մերձդնեստրյան Հանրապետությունում (որը ևս պրոռուսական ինքնահռչակ պետություն է՝ դե յուրե Մոլդովայի տարածքում) և Ուկրաինայի արևելյան սահմաններին։

Պուտինի ելույթները և Ուկրաինայի պատասխանը

Փետրվարի 21-ին Ռուսաստանի ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք հետաքրքրաշարժ և ուշագրավ նկատառումներ է արել։ Նա ասել է, թե Ուկրաինան Ռուսաստանի համար ուղղակի հարևան երկիր չէ, այլ պատմության անբաժանելի մաս է, բայց ժամանակակից Ուկրաինան բոլոր հիմքերով կարելի է անվանել «Վլադիմիր Իլյիչ Լենինի անվան Ուկրաինա», քանի որ նա է երկրի հեղինակը և ճարտարապետը։ Պուտինի խոսքերով Ռուսական կայսրությունից և ԽՍՀՄ-ից ստացած «օժիտը» այլ երկրները օգտագործում են ինչպես հաճենում են։ Նա պնդել է, որ երկրի զինված ուժերը գտնվում են ՆԱՏՕ-ի հրամանատարության տակ, ինչպես նաև, որ երկրի անդամակցումը ՆԱՏՕ-ին ուղիղ վտանգ է հանդիսանում Ռուսաստանի համար։

Բացի այդ, Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում, ՌԴ նախագահը ևս մեկ անգամ անդրադարձել է Ուկրաինային․

«Դժբախտաբար պետական հեղաշրջումից հետո մենք չենք կարողանում Ուկրաինայի հետ համագործակցության նույնատիպ մակարդակի և որակի հնարավորություն տեսնել։ Այն անհետացել է․․․ Ուզում եմ ընդգծել․ հենց պետական հեղաշրջումից և իշխանության ապօրինի բռնազավթումից հետո՝ նրանց կողմից ովքեր դա արել են։ Ցավոք սրտի այդ երկրի տարածաշրջանը օգտագործվում է երրորդ երկրների կողմից՝ Ռուսաստանի Դաշնությանը հանդեպ սպառնալիքներ ստեղծելու նպատակով», – ասել է ռուս նախագահը։

Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի ելույթին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է․ «Մենք ու մեր պետությունը պատմության երկարատև դասախոսությունների համար ժամանակ չունենք։ Մենք խաղաղություն ենք ուզում»։ Նա նաև նշել է, որ ԴԺՀ և ԼԺՀ մեկնաբանում է, որպես Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնագրերի միակողմանի լքում։ Զելենսկին ընդգծել է, որ երկրի սահմանները պաշտպանված են, ու Կիևը սադրանքների չի տրվելու։ 

«Մենք մեր հողի վրա ենք։ Մենք ոչ ոքից ու ոչնչից չենք վախենում ու ոչ ոքի ոչինչ չենք տա», – եզրափակել է Ուկրաինայի նախագահը։ 

Զելենսկին ավելի ուշ հայտարարել է նաև, որ Կիևը հնարավոր է համարում Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան էլ հայտարարել է․ երկիրը թույլ չի տալու, որ 2014 թվականի ողբերգությունը կրկնվի։ Նա համարում է, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը ժամանակակից և մտածված որոշում է։

Ի՞նչ է պլանավորում Արևմուտքը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն արդեն իսկ հայտարարել է «Հյուսիսային հոսք-2» գազատարի սերտիֆիկացիան հայտնել դրա շահագործումը սառեցնելու մասին։ Հիշեցնենք, որ գազատարը պիտի ռուսական բնական գազը Բալթիկ ծովով հասցներ Գերմանիա։

Շոլցը նշել է, որ կախված Ռուսաստանի գործողություններից՝ էկոնոմիկայի նախարարությունը կարող է նորից շարունակել հավաստագրման գործընթացը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Լոնդոնի կողմից կիրառվող պատժամիջոցներն այսուհետ կտարածվեն 5 ռուսական բանկերի և ձեռներեցներ Գենադի Տիմչենկոյի ու Բորիս և Իգոր Ռոտենբերգների վրա։ 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է հրամանագիր, որով ամերիկյան իրավաբանական և ֆիզիակական անձանց արգելվում է որևէ ներդրում կամ առևտրական գործառույթ կատարել ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում։ 

Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի Պետդումայի 450 պատգամավորներից 351-ի, ինչպես նաև 37 իրավաբանական ու ֆիզիկական անձանց նկատմամբ։ ԵՄ-ն խոստացել է նաև սահմանափակել Ռուսաստանի մուտքը ֆինանսական շուկաներ։ Տնտեսական վերջնական հարվածը կլինի Ռուսաստանի բանկային համակարգի անջատումը միջազգային Swift վճարային համակարգից: Սա, սակայն, կարող է վատ անդրադառնալ նաև ԱՄՆ-ի և Եվրոպայի տնտեսությունների վրա:

Արևմուտքը հստակեցրել է, որ Ուկրաինա մարտական ​​ուժեր ուղարկելու պլաններ չկան, ուստի հիմնական պատասխանը կլինի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինային այլ աջակցություն են առաջարկել՝ խորհրդականների, զենքի և դաշտային հիվանդանոցների տեսքով: Մինչդեռ Բալթյան երկրներում եւ Լեհաստանում տեղակայվել է 5000 զինվորական։ Եվս 4000 զինվոր կարող է ուղարկվել Ռումինիա, Բուլղարիա, Հունգարիա և Սլովակիա։ 

Փոխարենը, ԱՄՆ-ն ասում է, որ թիրախավորելու է Ռուսաստանի ֆինանսական հաստատությունները և հիմնական արդյունաբերական ոլորտները։

Ռուս-ուկրաինական լարվածությունը վերսկսվել էր նոյեմբերին, երբ արևմտյան մամուլը, ապա՝ նաև Կիևը սկսեցին ահազանգել սահմանին տեղի ունեցող արտառոց շարժերի մասին։ Ռուսաստանը ոչ միայն հերքեց այս հաղորդումները, այլև մեղադրեց Ուկրաինային սահմանին զորք կուտակելու մեջ և ՆԱՏՕ-ից երաշխիքներ պահանջեց, որ Ուկրաինան կամ որևէ այլ նախկին ԽՍՀՄ երկիր ալյանսին չի միանա, ինչպես նաև որ ՆԱՏՕ-ն իր զորքերը կվերադարձնի 1997 թվականի պայմանավորվածություններով ամրագրված սահմաններ։

 Բանակցությունների փորձերին և դրանց ձախողումներին զուգահեռ ամերիկյան հատուկ ծառայությունները, ապա՝ նաև մամուլը սկսեցին գրել ռուսական հնարավոր ներխուժման և Ուկրաինայի բռնազավթման մասին։ Մոսկվան կրկին հերքեց սա և պնդեց, թե զորքերը հետ է քաշում, սակայն թե Կիևը, թե Վաշինգտոնը պնդում են, որ ռուս-ուկրաինական սահմաններին զորքերի կուտակումը օրեցօր աճում է։ 

Վերջերս ինքնահռչակ ԴԺՀ և ԼԺՀ ղեկավարները բնակիչներին ուղղված կոչ էին հրապարակել, որում ասում է, որ այսօրվանից սկսվում է բնակչության կազմակերպված մասսայական տարհանում Ռուսաստանի Դաշնություն։ Նրանց խոսքերով, Ուկրաինայի զինված ուժերը մարտական վիճակում էին և պատրաստ էին Դոնբասի գրավմանը։