Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության այսօրվա նիստին հայտարարել, թե Ուկրաինայում «նեոնացիստները բնակելի թաղամասերում տեղակայում են ծանր զենքեր և գործում ինչպես ահաբեկիչներ»։ Դրան, ըստ ռուս նախագահի, մասնակցում են օտարերկրյա խորհրդականներ, այդ թվում՝ ամերիկացի։
Պուտինը կոչ է արել ուկրաինացի զինվորականներին «վերցնել իշխանությունն իրենց ձեռքը»:
«Ձեր ձեռքն առեք իշխանությունը: Մեզ համար ավելի հեշտ կլինի համաձայնության գալ ձեզ հետ, քան թմրամոլների և նեոնացիստների այս թայֆայի, որը հաստատվել է Կիևում և պատանդ է վերցրել ողջ ուկրաինացի ժողովրդին», – ասել է նա։
Ռուսաստանի նախագահը պահանջել է Կիևից ճանաչել Ղրիմը որպես ռուսական և հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու պլաններից։
Հատկանշական է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռևս օրվա առաջին կեսին հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ցանկություն ու մտադրություն չունի Ուկրաինային ընդունելու որպես կառույցի անդամ։
Մինչ այդ՝ ռուսական զինուժերը շարունակում են գրոհել Կիևը։ Կրակոցներ են լսվում անգամ կառավարական թաղամասում, որտեղ տեղակայված են երկրի գլխավոր պետական հաստատությունները։
Ուկրաինայի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ ռուսական զավթողական ուժերի նպատակն է ոչնչացնել Ուկրաինայի (դեմոկրատական կերպով ընտրված) կառավարությունն ու անձնապես՝ Վլադիմիր Զելենսկուն։
Զելենսկին Պուտինին կոչ էր արել նաև վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ և հայտարարել որ պատրաստ է բանակցել Ուկրաինայի չեզոքության շուրջ։
«ՌԴ նախագահին․ երկրի ողջ տարածքով մարտեր են ընթանում։ Եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի կանգնեցնենք մարդկանց մահը», – ասել էր Ուկրաինայի նախագահը։
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ բանակցություններին վերադառնալու պայմանը Ուկրաինայի զինուժերի՝ զենքերը վայր դնելն է։
«Ոչ ոք չի պատրաստվում նրանց վրա հարձակվել, ոչ ոք չի պատրաստվում նրանց հալածել, թող վերադառնան իրենց ընտանիքներ։ Իսկ Ուկրաինայի ժողովրդին եկեք բոլորով տրամադրենք իրենց ճակատագիրը որոշելու հնարավորություն», – ասել է Լավրովը։
Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն, այնուամենայնիվ, հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար։